«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասածը, թե «Ժառանգությունը» շատ փոքր է, որ ինչ-որ բան պահանջի, https://www.aravot.am/2012/04/13/58988/ «Ժառանգության» համամասնական ցուցակի 4- րդ հորիզոնականը զբաղեցնող, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ասաց.«Քաղաքականության մեջ չափանիշները հաստ ու բարակով չեն, քաղաքական կուսակցությունների հաստությամբ չեն որոշվում: Ընդհանրապես պարոն Ծառուկյանը հայտնի բարերար է, հայտնի բիզնեսմեն, հայտնի սպորտսմեն է, որպես քաղաքական գործիչ դեռ նոր է, առաջին քայլերն անում, եւ միշտ չէ, որ կարողանում է քաղաքական տերմինաբանությանը հարիր ձեւակերպումներ օգտագործել: Ես չգիտեմ, թե նա ինչ նկատի ուներ, երբ դա ասում էր: Մենք Երեւանում «մեծը» ուրիշ բանին ենք ասում, բայց ընդհանրապես, եթե խոսքը գնում է կուսակցության փոքրաթվության մասին, անշուշտ պարզ է, որ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվող կուսակցությունները մարդկանց ստիպելով կուսակցական են դարձնում, ուռճացնում են իրենց ցուցակները եւ հռչակում են, որ հարյուր հազարավոր անդամներ ունեն: Իսկ գաղափարական հենքի վրա ձեւավորվող կուսակցությունները ունեն համախոհներ, որոնք չեն կարող մեծաքանակ լինել, եւ անցնում են այդ մարդիկ զտման պրոցես, ընդունում են կուսակցության գաղափարական մոտեցումները, որից հետո այդ համախոհների թիմը ձեւավորվում է, դրա համար չի կարող լինել մեծաքանակ` ինչպես իշխանության տաշտակից օգտվողները:
Ըստ ՀՀ օրենքների` յուրաքանչյուր կուսակցություն՝ քանի հոգուց էլ բաղկացած լինի, ունի նույն իրավունքներն ու պարտավորությունները` ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Եվ եթե կա քաղաքական ուժը, որը փորձում է մեծամասնություն ունենալ պառլամենտում, պետք է գիտակցի, որ նման մոտեցումները հակասում են ժողովրդավարության եւ Սահմանադրությամբ ամրագրված տարրրական նորմերին: Եվ եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք` Հայաստանը, լինելով տարածաշրջանի ամենափոքր երկիրը` բնակչության թվով եւ տարածքով որեւէ հարեւանի հետ որեւէ հարց քննարկելու իրավունք չուներ ի սկզբանե»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ