«Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի դեմ թիվ 7 ընտրատարածքում գոռում՝ հեռացեք, կանայք են ՝ բետեեռները, ումի՞ց են սովորել այդ բետեեռները, ձեզանից՝ ՀԱԿ-ից»,- այսօր Մամուլի ազգային ակումբում դիմելով ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանին՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա քարոզարշավի միջադեպերի մասին՝ ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Ի սկզբանե ասում եմ, Նիկոլ Փաշինյանին շատ եմ հարգում, տա Աստված ընտրվի, բայց ձեզանից են սովորել, հիմա ձեր դեմն են դա օգտագործում»,- շարունակեց պարոն Կարապետյանը:
Այս տեսակետին պարոն Մակեյանը շատ չառարկեց . «ՀԱԿ-ի մոտ չգիտեմ, եղե՞լ են, թե՞ ոչ , որովհետեւ սկզբնական պահերին դրսում չեմ եղել, ձեր ասած բետեեռներին երեւի չեմ նկատել կամ էլ ուշադիր չեմ եղել, բայց ՀԱԿ-ը շատ լավ բաներ էլ ունի, մեկ-մեկ էլ իշխանությունները թող լավ բաները սովորեն»: Պարոն Կարապետյանն էլ համաձայնեց .«Լավ բաներ ունի, այո, չենք ասում չունի, բայց ինչ-որ կա իրողությունը, այդ էլ ենք ասում, բայց որ բետեեռներին չես նկատել, ինչ ասեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ