«Զարհուրելի է, դատապարտելի է, ահավոր է, մարդ նայում է` ամաչում է, որ այս երկրի քաղաքացի է, որտեղ մարդիկ նման բաներով են առաջնորդվում: Սա ցույց է տալիս, որ ռեժիմը ապօրինի գործողություններից չի հրաժարվել եւ շարունակում է մարդկանց նսեմացնելով եւ մարդկանց փող տալով, իրենց աշխատակիցներին բերելով` նվաստացնել ընդդիմադիր դաշտը: Սա զարհուրելի է»,-այսպես պատասխանեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը «Առավոտի» խնդրանքին` մեկնաբանել երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ՀԱԿ-ի եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների հետ կատարված դեպքերը :
Մեր հարցին` «Ժառանգության» հետ, որի միասնական համամասնական ցուցակի չորրորդ համարն է պարոն Արզումանյանը՝ արդյոք նմանատիպ բաներ չե՞ն պատահել, Ալ.Արզումանյանը պատասխանեց.«Դեռ ոչ, սակայն ո՞վ կարող է բացառել, որ հաջորդը մենք կլինենք»:
Կարծում եք, որ այն, ինչ եղավ երեկ` կազմակերպվա՞ծ էր, եւ եթե` այո, ապա` ո՞ւմ կողմից: «Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի պարագայում հստակ կազմակերպված էր հակառակորդի կողմից, դա հստակ Սամվել Ալեքսանյանի ուղարկած ժողովուրդն էր»,-իր տեսակետը ներկայացրեց Ալ.Արզումանյանը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ