Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ համաքաղաքացիներին. «Իջեւան Սիթի» կդնեն եւ կասեն՝ տեսեք, թե Իջեւանն ինչքան ենք սիրում»

Ապրիլ 16,2012 14:54

Ապրիլի 14-ին Իջեւանում՝ ՀԱԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը դիմելով իր հայրենակիցներին՝ հայտարարեց. «Ժողովուրդ, Իջեւանում մոտավորապես կլինի՞ 200 խանութ, որ մարդն այդ խանութն աշխատեցնում, իր ընտանիքը պահում է, նկատի ունեմ՝ ընտանեկան բիզնես: Կլինի, չէ՞, 200-250: Դուք հիմա կտեսնեք՝ այդ կրպակավարները, այդ խանութատերերը ճար չունենալով՝ իրենց ապակիներին կպցնելու են իշխանական կուսակցությունների պլակատներ: Բայց ես ուզում եմ մենք հասկանանք, թե ինչ է լինելու, երբ որ էս Հանրապետական կուսակցության էս իշխանությունը շարունակի գոյություն ունենալ: Ես այդ մարդկանց համար եմ ասում: Բերելու են այստեղ «Երեւան սիթի» են բացելու, այդ խանութների կեսը փակվելու է, որովհետեւ չի կարողանալու մրցակցությանը դիմանալ: Բերելու են «Սթար» են բացելու, եւ այդ խանութների մյուս կեսն էլ է փակվելու, որովհետեւ չի կարողանալու մրցակցությանը դիմանալ: Բերելու են «ՍԱՍ» են բացելու: Եվ այդ փոքր եւ միջին բիզնեսը վերանալու է:

Դուք տեսեք՝ Երեւանում ինչ է կատարվում, այնտեղ, որտեղ «Սիթի», «ՍԱՍ», «Սթար», այդ կարգի բաներ են բացված, փոքր բիզնեսը ընդհանրապես ոչնչացած է: Հիմա ո՞րն է այլընտրանքը, որ ՀԱԿ-ն է առաջարկում: Այսօր պետության հարկերի 70 տոկոսը տալիս է մանր եւ միջին բիզնեսը: ՀԱԿ-ն առաջարկում է, որ հակառակը պիտի լինի, եթե այս սասատերերը, սիթիատերերը, սթարատերերը նորմալ հարկ վճարեն, իրենք կլինեն մրցակցության որոշակի դաշտում, եւ այդ փոքրերն էլ կկարողանան տիրապետել: Եվ այսօր ՀԱԿ-ը իր նախընտրական ծրագրում դրել է շատ կոնկրետ խնդիր, որ այդ օլիգարխներին ի վերջո պետք է բերել հարկային դաշտ:

2008 թվականին տեսաք, Տիգրան Սարգսյան կոչվածը շոուներ էր անում՝ հեսա օլիգարխներին բերում են հարկային դաշտ, բայց էս պետության կարիքները հոգում է փոքր եւ միջին բիզնեսը: Եվ այս մարդկանց կոչ եմ անում, երբ որ ձեր ապակիներին կպցնեք էդ իշխանական կուսակցությունների պլակատները, հիշեք, որ դրանով դուք կտրում եք էն ճյուղը, որին նստած եք: Գալու է եւ ձեր բոլոր բիզնեսները վերցնելու է: Չեն թողնելու, նույնիսկ արեւածաղիկ վաճառողի գործն են վերցնելու, արեւածաղիկ վաճառողին նույնիսկ թույլ չեն տալու, որ իր տունը պահի: Որովհետեւ իրենք պետք է այդ ամբողջ բիզնեսը կենտրոնացնեն իրենց ձեռքերում, որ էս երկրին եւ ժողովրդին ընչաքաղցության վիճակում պահեն: Ընչաքաղցի վիճակում պահեն, որ, երբ որ 5000 դրամը ցույց տան, ասեն՝ այդ 5000 դրամով մարդիկ իրենց Աստծո տեղ դնեն: Սա է ամբողջ քաղաքականությունը: Եվ այստեղ պետք է բաց, անկեղծ այս ամեն ինչի մասին խոսել:

Եթե դուք քվեարկում եք հանրապետականի օգտին, քվեարկում եք նրա համար, որ այս բոլոր փոքր եւ մանր բիզնեսմեններն իրենց բիզնեսը կորցնեն: Որ դրա տեղը հայտնվի «Երեւանի Սիթի», «Իջեւան Սիթի» կդնեն անունը, կասեն՝ տեսնում եք Իջեւանն ինչքան ենք սիրում, «Իջեւան Սիթի» բացեցինք»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30