Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Վանաձորում հետաձգվում է

Ապրիլ 16,2012 12:04

2009 թվականից սկսված Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հրապարակային դիտումները հետևողականորեն արգելափակվում են:

Տարբեր կառույցների կողմից, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, կինոդիտումների կազմակերպման համար հնարավոր բոլոր դահլիճների սեփականատերերի վրա գործադրվում են ճնշումներ: Ահաբեկված սեփականատերերն իրենց կամքին ու կանոնադրական գործառույթներին հակառակ` հրաժարվում են օրենքով սահմանված գործարքներից:

Սեփականատերերից առաջինը լինելով, Գյումրի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահը չընկրկեց և իշխանությունների համար արձանագրեց անսպասելի նախադեպ: Այս նախադեպը հանգեցրեց վերը նշված ճնշումների և ահաբեկումների հանրայնացմանը:

Կտրուկ ուժգնացավ հրապարակային ահաբեկման, հերյուրանքի, զրպարտության և ապատեղեկատվության արշավը «Ստոպ» կինոփառատոնի շուրջ` ԶԼՄ-ների և բնակչության հետ անմիջական շփում ունեցող սադրիչների օգտագործմամբ:

Կազմակերպվեցին «հասարակական ընդվզման» մասսայական միջոցառումներ, որոնց քողի տակ Գյումրիի և Շիրակի մարզի իշխանություներն իրականացրեցին ահաբեկչական ակցիա, վերջիններիս կողմից ղեկավարվող քաղաքային և մարզային ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բոլոր հիմքերն ունենք հայտարարելու, որ Վանաձորում նույն սցենարով բեմականացվելու է զանգվածների դժգոհություն և նույն մեխանիզմով փառատոնի կազմակերպիչները, ՀՔԱ գրասենյակի աշխատակիցներն ու փառատոնի հանդիսատեսները զրկված են լինելու անվտանգության բոլոր երաշխիքներից: «Զանգվածների դժգոհության» մեկնաբանիչները՝ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցներն արդեն հայտարարությամբ նախազգուշացրել են, որ կլինեն  հետևանքներ և` այդ «հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրելու են միմիայն փառատոնի կազմակերպիչներն ու օժանդակողները»:

Բոլոր հիմքերն ունենք արձանագրելու, որ ՀՀ իրավապահ մարմինները չեն զբաղվում ս.թ. ապրիլի 12-ին Գյումրիի Ասպարեզ ակումբի շենքում և հարակից տարածքում կատարված օրինախախտ գործողությունների հետաքննությամբ, չեն կատարում և չեն կատարելու որևիցե գործողություն` Վանաձորում կայանալիք դիտման ժամանակ ՀՀ քաղաքացիների անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և ազատ հավաքների իրավունքն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանում իրավապահ մարմիններն անգործության են մատնված:

Բոլոր հիմքերն ունենք արձանագրելու, որ Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունները չեն տվել ս.թ. ապրիլի 12-ին Գյումրիի «Ասպարեզ» ակումբի շենքում և հարակից տարածքում կատարված օրինախախտ գործողությունների իրավական գնահատականը և ոչինչ չեն ձեռնարկելու Վանաձորում կայանալիք դիտման ժամանակ ՀՀ քաղաքացիների անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և ազատ հավաքների իրավունքը պաշտպանելու նպատակով:

Հայաստանում իրավապաշտպան կազմակերպություններն անգործության են մատնված:

Ստեղծված իրավիճակում Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը ստանձնում է ՀՀ Սահմանադրական կարգի պահպանության գործառույթը:

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնը հանդիսատեսին տեղեկացնում է, որ Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Վանաձորում հետաձգվում է. կեղծ հայրենասիրական կարգախոսների ներքո, ապրիլի 16-ին և 17-ին պլանավորված համազգային մոբիլիզացիան և վարժանքները կանխելու նպատակով:

Վստահ ենք, որ մեր այս քայլով Վանաձորի բնակչության որոշ հատվածների ազատում ենք հերթական ադմինիստրատիվ շանտաժով բերման ենթարկվելու նվաստացումից –  այսինքն`այսօր և վաղը.

– Դպրոցների բարձր դասարանների աշակերտներն ու ուսանողները կկարողանան մասնակցել իրենց բնականոն դասընթացին:

– Պետական հաստատությունների աշխատակիցները կմնան իրենց աշխատեղերում և կկատարեն հարկատուների կողմից վճարվող` իրենց աշխատանքային պարտականությունները:

– Կուսակցությունների նախընտրական շտաբները կզբաղվեն իրենց ընտրապայքարով:

– Հասարակական կազմակերպությունները կզբաղվեն իրենց ընթացիկ` մարդասիրական ու լուսավորչական նախագծերով:

Վստահ ենք, որ մեր այս քայլով, պատերազմում զոհ ունեցող որոշակի թվով մարդկանց ազատում ենք` ս.թ. ապրիլի 17-ին հանցագործություն կատարելու պարտավորվածությունից:

Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը մեկանգամյա միջոցառում չէ: Սա մարաթոնյան վազք է՝ մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչությունից և դրա ազդեցությունից ազատվելու հասարակական գործընթաց:

Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30