Լրահոս
Օրվա լրահոսը

Բուենոս Այրեսի հայկական վարժարանները տուժել են փոթորիկներից

Ապրիլ 16,2012 11:57

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում վերջին օրերին տեղի ունեցած փոթորիկների հետեւանքով արվարձաններում գտնվող 84-ամյա «Արծրունի» եւ 51-ամյա «Բաղչեյան» հայկական վարժարանների շենքերը մեծ վնասներ են կրել։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Բաղչեյան» վարժարանի վարչության անդամ Գեւորգ Քեշիշյանը փոխանցեց, որ դպրոցի շենքի երկրորդ հարկի տանիքը ժամում 100 կիլոմետրից ավելի արագությամբ քամու հետեւանքով տեղահան է եղել, անձրեւի պատճառով լրիվ ոչնչացել են կրթարանի գրքերը, ավերվել է համակարգչային սրահը։ «Բարեբախտաբար, ամեն ինչ տեղի է ունեցել գիշերը, երբ դպրոցում մարդ չկար, վնասները միայն նյութական են, եւ այդ խնդիրը աստիճանաբար կլուծենք», – ասաց Քեշիշյանը։
«Արծրունի» հայկական վարժարանի վարչության պատասխանատուներից Լյուսիա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ շենքի երկրորդ հարկի տանիքը թռել է մոտ 40 մետր հեռու` վնասելով հարեւան տունը։ Տեղահան է եղել նաեւ Վարագա Սուրբ Խաչ հայկական եկեղեցու գմբեթի պատուհաններից մեկը։
Հակոբյանի գնահատմամբ` վնասը հասնում է 50 հազար դոլարի։ Բարեբախտաբար, այստեղ եւս վնասները միայն նյութական են։
Երկու հայկական դպրոցների վարչությունները պատրաստ են ընդունել օգնություն, սակայն խնդրում են, որպեսզի օգնելու ցանկություն ունեցողները ուղղակիորեն դիմեն իրենց։
Արգենտինայի մայրաքաղաքում տեղի ունեցած փոթորիկների հետեւանքով զոհվել է 17 մարդ։
Ուժգին քամիները արմատախիլ են արել մոտ 10 հազար ծառ։

Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30