«Առավոտ վաղ արթնանալուս միակ մխիթարանքը սուրճն է… Նրա բույրը ինձ միանգամից նոր օրվա համար անհրաժեշտ լիցքեր է հաղորդում»,- ասում է սրճասեր ուսանողուհի Ջեմման:
Սուրճն ըմպելիք է, որը պատրաստվում է կոֆֆեա բույսի` սրճենու բոված սերմերից: Այն, թերևս աշխարհի ամենատարածված և հայտնի ըմպելիքներց է, որի <<կախարդական» ազդեցությունները հայտնի են անհիշելի ժամանակներց: Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում կիրառական են չորսի բերքը` Արաբիկա, Ռոբուստա, Լիբերիկա և Էքսցելաս:
«Իր վերականգնող, առույգացնող հատկությամբ սուրճը պարտական է կոֆեինին: Նրա անկրկնելի համի և բուրմունքի երաշխավորը տրիգոնելին է ապահովում: Ընդհանրապես սուրճը պարունակում է ավելի քան 30 տեսակ օրգանական թթուներ, որոնցից, օրինակ` քլորոգոեն թթուն մարսողության լավացման «պատասխանատուն» է»,- մեկնաբանում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մագիստրոս, բուսաբան Լարիսա Հակոբյանը: Կան մարդիկ, ում համար սուրճի ամենօրյա գործածությունը դարձել է սովորական երևույթ: «Համապատասխան չափաբաժնով սուրճի օգտագործումը կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը: Իհարկե, կոֆեինի չարաշահումը կարող է հանգեցնել նյարդային բջիջների քայքայման: Սուրճի կարևոր ազդեցություններից մեկը զարկերակային ճնշման կարճատև բարձրացումն ու սրտի զարկերի արագացումն է: Դա է խնդիրը, որ սուրճը կարող է պատճառ դառնալ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Խստիվ արգելվում է սուրճ խմել զարկերակային հիպերտոնիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապողներին»,-բացատրում է թիվ 6 պոլիկլինիկայի թերապևտ Բելլա Ստեփանյանը:
«Առանց սուրճի` օրս անիմաստ է: Օրական 7-8 բաժակ սուրճ եմ խմում եմ. Դա ինձ համար շատ չափավոր է: Կարծում եմ` աշխատանքային լարվածությունս հենց սուրճն է հանում»,-ասում է ուսուցչուհի Նարինե Գրիգորյանը:
Աշխարհի չափահաս բնակչության մեծամասնությունը համոզված է, որ օրը սկսելու լավագույն ձևը մի գավաթ բուրումնավետ սուրճ վայելելն է: «Սուրճ խմելն ինձ համար արարողակարգ է, որը ես վայելեում եմ. դրանից և’ ֆիզիկական, և’ հոգեկան հաճույք ստանում: Դա տեղի է ունենում և’ տանը, և’ հյուր գնալիս, և’ աշխատավայրում»,- ասում է դեղագետ Էմման: «Սիրում եմ առավոտյան նստել հեռուստացուցի կամ համակարգչի առջև մի գավաթ սուրճի «ընկերակցությամբ» և համատեղել օգտակարն ու հաճելին»,-պատմում է տնտեսագետ Արամայիսը:
«Ընդհանրապես սուրճ չեմ սիրում, չեմ խմում: Չեմ հասկանում այն մարդկանց, ում համար սուրճի բույրը հաճելի է թվում, ես դրանից ընդհանրապես ալերգիա ունեմ. փռշտում եմ»,-ասում է ուսանողուհի Մարինեն, սակայն այս «սև» ըմպելիքը այնքան էլ «բոբո» չէ: Դրա հիմնական հակազդեցությունը կոֆեինի առաջացրած կախվածությունն է և դեպի ալերգիայի «ճանապարհ հարթող» հատկությանը:
Ֆրանսիական աղբյուրներից պարզվում է, որ Մարսելում առաջին բացօթյա սրճարանը հիմնվել է հայերի կողմից: Դա վերագրվում է սրճարանային բանվոր իզմիրցի Սերովբեին, ով նախ բացօթյա սրճարան ստեղծելու իր առաջարկը ներկայացրեց տիրոջը, ապա՝ 1684թ–ին, գաղափարն իրականություն դարձրեց նաև Փարիզում: Երևանի ժամանակակից սուրճի մասնագիտացված սրճարանի մենեջեր Արտակ Ամրությանը ասում է. «Մեր սրճարանը առաջարկում է սուրճի բազմազան ու լիառատ տեսականի: Դրանք տարբեր բաղադրություններ և պատրաստման եղանակներ ունեն: Մենք նույնիսկ դիետիկ սուրճ ենք առաջարկում: Գները խիստ բազմազան են` մեկ գավաթ սուրճի համար 300-ից մինչև 2000 դրամ: Օրական մենք ամենաքիչը 500 հաճախորդ ունենք: Կարող եմ փաստել, որ մենք շատ սրճասեր ազգ ենք»:
Հին հայկական ավանդությունը «վկայում է», որ շատ հարևանական տներում նոր ընտանիքներ են կազմվում մեկ գավաթ սուրճի շուրջ, ճակատագրեր են որոշվում, մարդկային կյանքեր ղեկավարվում այդ «կախարդական» դիրտով` սուրճի նստվածքով: «Սուրճով կատավող գուշակությունները շատ ճիշտ են, քանի որ այդ բաժակի մեջ փոխանցվում է մարդու ամբողջ և’ դրական, և’ բացասական դաշտը, և նրա ճակատագիրը գծագրվում է սուրճի բաժակի պատերին, այսինքն այդ հետքերը մարդու կյանքի գծերն են, որոնք ապագայից իրենց արտապատկերում են գտնում սուրճի միջոցով»,- համոզված է սուրճի բաժակ նայող տիկին Ամալիան:
«Այո’, շատ հետաքրքիր խաբկանք է: Նույնիսկ ծիծաղ է առաջացնում, էլ ի՞նչ հեքիաթ կարող էին հորինել…»,-ծիծաղելով ասում է ապագա լրագրող Լուսինեն, իսկ օրինակ նրա համակուրսեցի Անին հավատում է սուրճի մոգությանը. «Առիթ էլ չունեմ չհավատալու, որովհետև շատ անգամ դրա կանխագուշակումները ճիշտ են դուրս եկել ինձ համար»:
Սուրճի որակը հիմնականում կախված է նրա բովվման որակից։ Այն պետք է բովել թուջե թավայի մեջ, թույլ կրակի վրա, անընդհատ խառնելով։ Երբ հատիկները ջարդելիս սպիտակ բիծ չի երևում, ուրեմն այն պատրաստ է։ Համաչափ բովելուց հետո պետք է լցնել լայն հատակ ունեցող ափսեի մեջ, որ արագ հովանա։ Կիսաբոված կամ չափից շատ բոված սուրճը տհաճ համ է ունենում: Բոված սուրճը մեկ շաբաթից ավելի խորհուրդ չի տրվում պահել: «Շատ հաճախ կոֆեինը բարերար ազդեցություն է թողնում գլխի արյունատար անոթների վրա: Սուրճը լայնացնելով սրտասնույց զարկերակները, ուժեղացնում է արյան շրջանառությունը, նպաստում է գլխուղեղի զարկերակների կրճատմանը` այսպիսով թեթևացնելով գլխացավերը»,- բացատրում է բժշկուհի Բելլա Ստեփանյանը:
Այս ըմպելիքի համար ողջ աշխարհում օգտագործվող сoffee անվանումը կապվում է Եթովպիայի Քաֆֆա ծայրամասի հետ, որտեղ, ըստ ավանդության, ոմն հովիվ առաջին անգամ գնահատեց սուրճի համը: Իսկ հայերը, թերևս միակն են աշխարհում, որ այն անվանում ենք ոչ թե сoffee–ի` որևէ հնչյունափոխված տարբերակով, այլ դրա համար օգտագործում ենք «սուրճ» ձևը: Կան պնդումներ, որ այդ բառը սուրճ ըմպելու ձևի հետ է կապված. սուրճը շուրթերով կլանելիս կարելի է լսել «ս» –անման հնչյուն, որը հետո փոխակերպվում է «չ» -անման ճպոցի։ Այստեղից էլ «սուրճ» անվանումը:
Սուրճի մասնագիտված խանութի խորհրդատու-վաճառող Լուսինե Ապերյանը ասում է. «Մեր խանութում մեծ պահանջարկ ունի Արաբիկա տեսակի սուրճը: Առևտրի 70%-ը նրան է պատկանում: Ամենաթանկարժեք սուրճը ճապոնական «Կոպի Լուվակն» է: Դրա հատիկները նախ ուտում է արմավենաբնակ կզաքիսը, այնուհետև դրանք դուրս են բերվում կենդանու արտաթորանքից։ Այսպիսի «սուրճի» 250 գրամն արժե մոտ 75 դոլար։ Դա մենք հատուկ պատվերով ենք ներմուծում: Իսկ ընհանրապես կարելի է գտնել ցանկացած գրպանի համար մատչելի սուրճ` 200 դրամից 30000 դրամ` 100 գրամի համար: Գնորդների տարիքային շերտն էլ խիստ բազմազան է»: Ընդհանրապես ամբողջ աշխարհում սուրճի օրական վաճառքի ընդհանուր գումարը 2 մլրդ դոլար է կազմում:
Հետազոտությունները պարզել են, որ հղիության ընթացքում սուրճի օգտագործումը ավելացնում է երեխայի «նապաստակի շրթունքով» կամ «գայլի երախով ծնվելու հավանականությունը: «Կոֆեինը հակացուցված է կրծքով կերակրելու ժամանակ, քանի որ փոքրիկի օրգանիզմը կյանքի առաջին ամիսներին դեռևս ադապտացված չէ կոֆեինի տարրերը հեշտությամբ յուրացնելուն: Եթե դուք օրվա ընթացքում ավելի քան 2-3 բաժակ սուրճ եք խմում, ապա դա կարող է պատճառ դառնալ, որ դուք և ձեր փոքրիկը ավելի դյուրագրգիռ, նյարդային դառնաք, ունենաք քնելու հետ խնդիրներ»,-նշում է Բելլա Ստեփանյանը:
Սուրճի կիրառության ոլորտները խիստ բազմազան են: Բժշկությունը այն կիրառում է որպես միզամուխ, ցավերը մեղմացնելու միջոց: Խոհարարները առաջարկում են ոչ միայն խմել, այլև ուտել սուրճը, իսկ ճապոնացիները նույնիսկ սուրճի լոգանք են ընդունում:
Բոլոր դարերում, ինչ կա սուրճը, դրա սիրահարները բազմաթիվ խելառություններ են արել: Նույնիսկ 1777թ–ին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել, իսկ սրճամոլները սուրճի նկատմամբ իրենց սերը արտահայտում են առողջական խնդիրներով: «Սուրճի մոլի սիրահարների արյան մեջ խոլեսթերինի քանակությունը զգալիորեն բարձր է, դրանում «մեղավոր է» սուրճի մեջ պարունակվող յուղը»,-ասում է թերապևտ Բելլա Ստեփանյանը:
Սուրճի սիրահարների շարքին է պատկանել նաև Յոհան Սեբաստիան Բախը, ով նույնիսկ սուրճին նվիրված հատուկ ստեղծագործություն է գրել` «Սուրճի կանտատան»: Հանճարեղ երգահանը գովաբանել է սուրճը որպես` «ավելի դուրեկան, քան համբույրը և ավելի հաճելի, քան մուշկը»:
Նաիրա Վերդյան