Մազերի արհեստական երկարացումը ևս մեկ քայլ է դեպի գեղեցիկը
Գեղեցիկ և երկար մազեր ունենալն այլևս աղջիկների համար երազանք չէ: Մազերի արհեստական երկարացման միջոցով մի քանի ժամվա ընթացքում յուրաքանչյուր կին կարող է ունենալ երկար և փարթամ մազեր: Խոսելով 20-30 տարեկան երիտասարդ տղաների հետ` պարզեցինք, որ նրանց համար աղջկա գեղեցկության և հմայքի ½ մասը պատկանում է երկար մազերին: «Եթե աղջիկը ունի երկար, գեղեցիկ և խնամված մազեր, ապա նրա դեմքի կամ կազմվածքի թերությունները, գուցե, վրիպեն աչքիցս, քանի որ մազերը արդեն իսկ կգրավեն ողջ ուշադրությունս»,-ասում է 23-ամյա Գեղամը: Տղաների «տեսադաշտից» դուրս չմնալու և կանացի ողջ հմայքով երևալու համար կանայք դիմում են մազերի արհեստական երկարացման եղանակին:
Իսկ ի՞նչ է մազերի արհեստական երկարացումը, արդյո՞ք այն վտանգավոր չէ մարդու առողջությանը: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել` խոսելով վարսահարդար Մանե Մազմանյանի հետ: Նրա հավաստմամբ զգույշ, խնամքով և պրոֆեսիոնալ աշխատելու դեպքում առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: «Եթե արհեստական մազերը ամրացնողը մի սովորական վարսահարդար է, ով միայն ձևերը գիտի և չի տիրապետում բոլոր հմտություններին և գաղտնիքներին , բնական է, անախորժություններից խուսափելը պարզապես անհնար է»,- ասում է նա: Տիկին Մազմանյանի խոսքով՝ տարբեր երկրներում կազմակերպում են մազերի արհեստական երկարացման մասին դասընթացներ, որոնց մասնակցելու դեպքում վարսահարդարը կարող է դառնալ նաև այդ գործի մասնագետը. «Ես մասնակցել եմ Մոսկվայում կազմակերպված նման դասընթացների` մեկ ամսով, և ասեմ, որ այդքան ժամանակն էլ լիովին բավական է այս գործի հմտությունները տիրապետելու համար»:
Այն հարցին, թե մազերի արհեստական երկարացումը չի խանգարում բնական մազերի աճին պատասխանեց. «Ոչ, չի խանգարում, եթե ճիշտ և պրոֆեսիոնալ է արված, իսկ սխալ նյութերի կիրառման դեպքում կարող է վնասվել գլխամաշկը կամ մազաթափության խնդիր առաջանալ»: 25-ամյա Լինան երկու անգամ դիմել է մազերի արհեստական երկարացմանը. «Ես կարճ ժամանակով` մոտավորապես 10 օրով եմ մազերս արհեստական երկարացնել տվել ու ոչ մի խնդիր չեմ ունեցել»: Իսկ 18-ամյա Արևիկի համար խնդիրը եղել է ոչ թե սխալ նյութերի կիրառումը, այլ. «Սկզբում երազում էի ունենալ երկար մազեր, բայց երբ կպցրի, այնքան օտար էր թվում, կարծես գլխիս անասելի ծանրություն կար, չդիմացա և հանել տվեցի»:
Տիկին Մանեի խոսքով՝ կա մազերի արհեստական երկարացման սառը և տաք եղանակներ: Կապված այն հանգամանքի հետ, թե հաճախորդը ինչքան ժամանակով է ցանկանում երկարացնել մազերը, կիրառվում է այս եղանակներից մեկը: Սառը մեթոդը կիրառվում է կարճ ժամանակով երկարացնելու դեպքում: Սա կատարվում է հատուկ օղակների միջոցով, իսկ տաք մեթոդի դեպքում կիրառվում են հատուկ նյութեր: «Ես մեկ տարի առաջ մազերս երկարացնել էի տվել երկար ժամանակով` մոտ 5 ամիս անցավ նոր հանել տվեցի, գլխամաշկիս կամ իմ բնական մազերի հետ լուրջ խնդիրներ չի առաջացել, պարզապես արհեստական մազերը հանելուց հետո մոտ մեկ շաբաթ գլխամաշկիս վրա քոր էի զգում»,- ասում է 39-ամյա Քնարիկը:
Մասնագետի մեկնաբանմամբ երկար ժամանակով մազերի արհեստական երկարացումը, որը կարող է տևել մինչև վեց ամիս, պահանջում է և սառը, և տաք մեթոդների կիրառում: «Այս ընթացքում հաճախորդը ինքն էլ պետք է մեծ ուշադրությամբ խնամի մազերը, խնդիրներից խուսափելու համար կարևոր պահանջ է նաև ամիսը մեկ անգամ դիմել մասնագետին` կորեկցիա անելու նպատակով»,-ասում է տիկին Մազմանյանը: Նրա խոսքով՝ բոլոր պահանջներին հետևելու դեպքում ոչ մի խնդիր կապված առողջության հետ չի կարող առաջանալ:
Անի Ենոքյան