Երևան, «Մոսկվայի տուն»
Խորհրդարանական այս ընտրություններով մենք պետք է կարողանանք լուծել երկու հիմնական խնդիր.
Առաջին՝ խորհրդարանում փոխել քաղաքական իրավիճակը՝ վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը և հասնել քաղաքական հակակշիռների:
Կարդացեք նաև
Երկրորդ` կազմել նոր կառավարություն, որը կունենա հասարակության լայն շերտերի աջակցությունը, կկարողանա իրականացնել խորքային բարեփոխումներ և լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները:
Իրոք, սա սոսկ օրենսդիր մարմնի ընտրություն չէ, սա նաև կառավարության ընտրություն է: Առավել ևս, որ այսօր մեզ ոչ միայն օրենքներ են պետք, այլև այնպիսի քաղաքական միջավայր և հակակշիռների մեխանիզմ, որ այդ օրենքները հավասարապես կիրառվեն Հայաստանի քաղաքացիների համար: Այսօր հասարակության հիմնական բողոքը ոչ թե այն է, որ մեր օրենքները լավը չեն, այլ այն, որ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր քաղաքացիների նկատմամբ:
Սահմանադրությամբ մենք մեզ հռչակել ենք ժողովրդավարական և ազատ տնտեսական համակարգ ունեցող երկիր, սակայն մենք չենք հարգում այդ հիմնարար սկզբունքները: Ժողովրդավարության դեպքում՝ հանդուրժողականությունը, արդարությունը և խոսքի լիակատար ազատությունը, իսկ տնտեսության դեպքում՝ հավասար պայմանները, ազատ մրցակցությունը և սեփականության անձեռնմխելիությունը:
Այս քսան տարիների ընթացքում զուգահեռաբար զարգացել և սերտաճել են իշխանության և գործարարության հարաբերությունները և շահերը՝ ձևավորելով քաղաքական ու տնտեսական մի այնպիսի խավ, որը արդեն դարձել է Հայաստանում քաղաքական ու տնտեսական հաջորդ և անհրաժեշտ բարեփոխումների հիմնական արգելակը:
Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը վտանգավոր կետում են, այսինքն՝ այդ երկու ոլորտները առաջ են գնացել այնքան, որ կարելի է ասել՝ ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն այնքան առաջ չեն գնացել, որ ասվածը համոզիչ լինի հենց ձեզ` մեր իսկ հասարակության և միջազգային հանրության համար: Օրինակ, եթե դուք զբաղվում եք գործարարությամբ՝ ամեն օր հենց ձեր մաշկի վրա եք զգում, որ պայմանները հավասար չեն, ազատ մրցակցություն չկա և որ չեք կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ ձեր սեփականությունը պաշտպանված է: Իսկ եթե ձեր առօրյա կյանքում շփվում եք իշխանությունների հետ, տեսնում եք, որ չկա հանդուրժողականություն, արդարություն և խոսքի լիակատար ազատություն:
Արդարությունն այն չէ, երբ դատարանը արդարացիորեն կլուծի երկու խեղճ ու կարիքավոր հարևանների միջև ծագած վեճը: Արդարությունն այն է, երբ խեղճի և հզորի, փող և քաղաքական լծակներ ունեցողի միջև ծագած վեճում չլինի իշխանական միջամտություն, երբ առանց կաշառք վերցնելու դատարանը արդար վճիռ կայացնի: Խոսքի ազատությունն այն չէ, երբ թերթերը, որոնց ընդհանուր տպաքանակը Հայաստանում տասը հազարից չի անցնում, կարող են գրել՝ ինչ ուզում են, այլ այն, երբ էլեկտրոնային մամուլը ամբողջովին ազատ է, և նրանց տերերին սև ցուցակներ չեն պարտադրվում՝ ասելով, թե ում չեն կարող հրավիրել հարցազրույցների: Խոսքի ազատությունն այն է, երբ դպրոցի տնօրենը կարող է իր քաղաքական չեզոքությունը դրսևորել և մյուս օրն աշխատանքից չհեռացվել: Մարդու ազատությունն այն է, երբ գործարարը կարող է հստակ քաղաքական դիրքորոշում և պատկանելություն ունենալ և մյուս օրը նրա դրան առաջ չհայտնվի հարկայինը:
Այլ կերպ ասած, մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, բայց իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելը շատ ավելի վնասակար է պետության զարգացման համար, քան դրանց ի սպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են:
Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ստեղծում են համապարփակ քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ, ինչը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է տալիս ստեղծագործել, ներդրում անել և զարգանալ: Ձախողվում են այն պետությունները, որոնց ինստիտուտները դառնում են կեղեքող, քամող, որտեղ ուժն ու արարելու հնարավորությունները կենտրոնանում են մի քանի անձանց ձեռքում: Մենք այսօր շատ ավելի մոտ ենք կանքնած վերջին տարբերակին:
Ահավասիկ, այս բոլորը ուղղելու և իսկական հավասարության և ազատականության հասնելու հավատամքով և նվիրումով է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտ է ներկայացնում հասարակությանը՝ հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնելու հաջորդ հինգ տարիներին երկրի ապագան կերտելու հարցում:
Ձեզ բոլորիդ քաջ ծանոթ է կուսակցության առաջնորդը: Նա ոչ մի բանի կարիք չունի: Մտնելով այս պայքարի մեջ՝ նա մեծ պատասխանատվություն է վերցնում, որովհետև համոզված է, որ երկրում պետք է փոխել քաղաքական և տնտեսական իրավիճակը:
Ինքս 17 տարի եղել եմ իշխանության մեջ, որից տասը տարին ամենաբարձր պաշտոններից մեկում և երբեք չեմ չարաշահել այդ պաշտոնն իմ անձնական խնդիրների լուծման համար: Այսօր՝ 57 տարեկան հասակում, չեմ պատրաստվում այդ սկզբունքից հրաժարվել:
Բարգավաճ Հայաստանը, ի տարբերություն անցած չորս տարիներին իշխանությունների վարած քաղաքականության, իր տնտեսական քաղաքականության հիմնական թիրախ է դարձնելու տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի բարձրացումը: Անցած չորս տարիներին կառավարությունը նշակետ էր վերցրել սղաճի զսպումը և մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխանությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը:
Առաջինի դեպքում վարել են զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, պարբերաբար և հետևողական բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ազգային ռեզերվների հաշվին պայքարել դրամի արժեզրկման դեմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այն իրականացվել է ոչ այնքան ստվերի կրճատման, որքան փոքր ու միջին բիզնեսի բեռի ավելացման հաշվին, որը մեր տնտեսության ողնաշարն է և որի՝ հարկային պարտավորություններով ծանրաբեռնումը միմիայն խոչընդոտում է տնտեսական աճին:
Ժամանակն ինձ իհարկե թույլ չի տա անդրադառնալ տնտեսության բոլոր ճյուղերին և Բարգավաճ Հայաստան կուսակցության տնտեսական ծրագրի բոլոր մանրամասներին, բայց կցանկանայի որոշ դիտարկումնր անել մի քանիսի մասով:
Այսօր Հայաստանում հարկեր – ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) հարաբերակցությունը ամենացածրերից է աշխարհում` մոտ 17 տոկոս և ամենացածրը տարածաշրջանում: Մեր հարևան Վրաստանում այդ հարաբերակցությունը արդեն 25 տոկոս է, Թուրքիայում՝ 23,5 տոկոս, Ռուսաստանում՝ 28,2 տոկոս (իսկ առանց նավթային հարկերի՝ 22,1 տոկոս), Մոլդովայում՝ 31 տոկոս, Իռլանդիայում՝ 44 տոկոս: Ակնհայտ է, որ Հայաստանում ստվերի կրճատման և հարկահավաքման աճի մեծ տեղ կա: Ամեն մի տոկոսի բարձարացում նշանակում է 40-50 միլիարդ դրամ լրացուցիչ մուտք պետական բյուջե:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հնարավորինս արագ բարձրացնելու է այդ տոկոսը՝ նախևառաջ բարձր եկամուտ ունեցողների նկատմամբ առավել մեծ հարկային պարտավորություներ սահմանելու միջոցով, ընդլայնելով հարկային բազան, ինչպես նաև՝
Բարգավաճ Հայաստան կուսակցության կառավարության օրոք փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանում զարթոնք են ապրելու:
Մենք փոքր և միջին ձեռնարկատերերին առաջին հերթին դիտարկելու ենք ոչ թե որպես հարկատուներ, այլ հասարակության սոցիալական խնդիրների լուծման, զբաղվածության ապահովման գործում պետության վստահելի գործընկերներ: Բարգավաճ Հայաստանը գերակա խնդիր է համարում փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության նպատակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0,5-ից մինչև 2 տոկոսի հատկացումը, ինչպես նաև՝ վարձու աշխատանք չօգտագործող անհատ ձեռնարկատերերին հարկերից ազատումը:
Նման մոտեցում կլինի նաև գյուղացու, գյուղի և գյուղատնտեսության նկատմամբ:
Ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում Բարգավաճ Հայաստանը միշտ կանգնած է լինելու գյուղացու կողքին: Սրանք միայն խոսքեր ու խոստումներ չեն. հանրապետության բոլոր տասը մարզերում մեքենատրակտորային առնվազն մեկական կայանների ստեղծումը այլևս իրականություն է: Բարգավաճ Հայաստանը առանձնահատուկ նշանակություն է տալիս յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0,5-1 տոկոսի չափով պետության կողմից գյուղացիական տնտեսություններին էժան, առանձին դեպքերում՝ անտոկոս վարկերի տրամադրումը և դրանց տոկոսադրույքների սուբսիդավորումը, որին ձգտելու է առաջիկա հինգ տարիներին:
Սիրելի հայրենակիցնե՛ր, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այսօր իսկական այլընտրանք է գործող իշխանությանը: Իր ծրագրերով և գաղափարներով այն իսկական այլընտրանք է այս չորս տարիների ձախողված և անարդյունավետ քաղաքականությանը:
Ես կոչ եմ անում ձեզ հնարավորինս մեծ պատասխանատվություն դնել Բարգավաճ Հայաստան կուսակցության ուսերին՝ համոզված լինելով, որ պաշտպանված է լինելու ձեր յուրաքանչյուրի քվեն և որ այս կուսակցությունը երկրի և յուրաքանչյուր քաղաքացու ապագան դնելու է կայուն զարգացման ճիշտ ուղու վրա:
Վարդան Օսկանյանի գրասենյակ