ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժնի շենքի վրա փակցված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի՝ Մարտուն Գրիգորյանի նախընտրական մեծ պաստառը:
«Մենք պատասխանատու չենք ու չգիտենք, թե ով է փակցրել այդ պաստառը, քանի որ սա մասնավոր շենք է, որի մի հատվածն ենք մենք զբաղեցնում»,- www.hra.am –ին պարզաբանում է բաժնի պետի տեղակալ Սամվել Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առևտրի օբյեկտների և հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում՝ անկախ սեփականության ձևից:
Նույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով՝ արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական և համայնքային ծառայողներին:
Կարդացեք նաև
Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) իր դրոշակները տեղադրել է հասարակական տրանսպորտային փոխադրամիջոցների վրա: ՀՀԿ–ն փակցնում է պաստառներ նաև բնակելի շենքերի պատերին՝ առանց բնակիչների թույլտվության:
ՀՀ օրենսդրությամբ՝ նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և քարոզչական նյութեր տարածելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8 հոդված):
Կարինե ԻՈՆԵՍՅԱՆ