Դավիթաշենցիների հետ երեկ հանդիպման ժամանակ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հավաքվածներին հորդորեց քվեարկել նրան, ում վստահում են ու քվեարկել «ջիգյարով»: «Մենք առաջարկում ենք փողով չքվեարկել: Քվեարկել հոգու, խղճի մտոք: Այն մարդիկ, որոնք քվեարկելու են փողով, քվեարկելու են իրենց երեխեքի դեմ, որովհետեւ մյուս օրն արթնանալու են, ասելու են գները թանկացան, վատ եմ ապրում: Հիմա շրջաններում հետաքրքիր զրույց է ծավալվել, երբ հանդիպում ենք, ասում են փողը կվերցնենք, ձայնը չենք տա… Ես առաջարկում եմ, որ մենք իրոք ժողովենք մեր արժանապատվությունը, զգանք մեր պատասխանատվությունը ու քվեարկենք նրանց ում վստահում ենք, բայց քվեարկենք ջիգյարով»,- կոչ արեց պարոն Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, իրենց կուսակցության մրցակցային առավելություններից մեկն այն է , որ իրենք օդի մեջ չեն խոսում.«Չենք ասում լավ չեն ապրում, պիտի լավ ապրենք եւ այլն: Մենք կոնկրետ ասում ենք՝ ոնց է պետք է անել, ինչ է պետք անել, սա է մեր տարբերությունը: Երկրում կա գործազրկություն, իհարկե կա, բայց ոնց վերացնել այդ գործազրկությունը»:
ՕԵԿ ղեկավարը վստահեցրեց, որ հենց իրենց կուսակցությունն է գործնական լուծումներ առաջարկում երկրում առկա կարեւոր խնդիրների համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ