Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաղը գիշերը Սատուրնը դիտելու ամենահարմար պահն է

Ապրիլ 15,2012 00:49

 Վաղը` ապրիլի 15-16-ի գիշերը, կլինի Արեգակնային համակարգի թերևս ամենագեղեցիկ մոլորակի` Սատուրնի, դիտելու ամենահարմար ժամանակը այս տարվա ընթացքում: Երկիրը` շարժվելով իր ուղեծրով, անցնում է Արեգակի և Սատուրնի միջև, և Սատուրնի (ինչպես նաև այլ մոլորակների) նման դիրքը կոչվում է դիմակայություն: Այն տեղի է ունենում միայն արտաքին մոլորակների դեպքում (Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն): Դիմակայությունը տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները և նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի և մոլորակի միջև: Օրինակ Սատուրնի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 2 շաբաթ ուշացումով (2013-ին այն կդիտվի ապրիլի 28-ին): Սատուրնը շատ հեշտ է գտնել, քանի որ այն ներկայումս գտնվում է Կույսի համաստեղության ամենապայծառ աստղի` Սպիկայի մոտակայքում և բավական հարմար կլինի դիտելու համար ամբողջ ապրիլի և մայիսի ընթացքում: Այս օրերին Սատուրնը երեկոյան ծագում է արևելքից արևամուտի պահին և մայր է մտնում արևմուտքում արևածագի պահին (Արեգակի նկատմամբ դիմակայության` հակառակ ուղղությամբ գտնվելու, շնորհիվ), այնպես որ այն տեսանելի կլինի ողջ գիշեր: Լինելով բավականին մոտ, Սատուրնը կերևա շատ պայծառ: Նույնիսկ փոքր սիրողական աստղադիտակով կամ հեռադիտակով լավ երևում են Սատուրնի օղակները, որոնք նրա ամենագրավիչ առանձնահատկությունն են: Հիշեցնենք, որ Սատուրնը Արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակն է, իր չափերով զիջում է միայն Յուպիտերին, տրամագծով Երկրից մեծ է 9.5 անգամ, զանգվածով` 95 անգամ, իսկ խտությամբ փոքր է 8 անգամ: Նրա հեռավորությունը Երկրից տատանվում է մոտ 1200-1650 միլիոն կմ սահմաններում: Մակերևույթի միջին ջերմաստիճանն է Ցելսիուսի -176 աստիճան: Ունի 62 արբանյակ, որոնցից միայն 13-ն ունեն 50 կմ-ից մեծ տրամագիծ. նրանցից հատկապես հայտնի են Տիտանը (Արեգակնային համակարգի մոլորակների խոշորագույն արբանյակներից մեկը), Միմասը, Էնցելադուսը, Թետիսը, Դիոնան, Ռեան և Հապետուսը:

 

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30