Այսօր՝ վաղ առավոտից, Երեւանի մի շարք տարածքներում սկսվել է քաղաքի մաքրության եւ ծառատունկի աշխատանքները:
Համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցում են տարբեր սեռի եւ հասակի անձիք, ովքեր իրենց պարտքն են համարում ներկա գտնվել եւ աջակցել քաղաքի մաքրությանն ու գեղեցկացմանը: Ոգեւորությունը նկատելի էր երեխաների կողմից, ովքեր քաղաքի մաքրման համար անհրաժեշտ պարագաները ձեռքներին վազվզում էին այս ու այն կողմ. «Ես ու եղբայրս արդեն մաքրել ենք մեր բակի խաղահրապարակը: Հիմա մի քիչ կհանգստանանք ու կգնանք շենքի կողքերը մաքրելու: Նենց հավես ա: Ուզում եմ մաքուր լինի իմ քաղաքը»,-ոգեւորությամբ պատմում է 10-ամյա Անի Գրիգորյանը:
Ըստ Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության` մաքրման աշխատանքներին զուգահեռ, գարնանային ծառատունկի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկել շուրջ 7500 դեկորատիվ ծառ և ավելի քան 1000 մշտադալար թուփ։
Գարնանային ծառատունկի ընթացքում այս տարի մայրաքաղաքում կտնկվի ավելի քան 34000 ծառ և թուփ, ինչը նախորդ տարվանից ավելի է 15000–ով։ Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 5000 ծաղկող թուփ է տնկվել:
Մինչ երեւանցիները զբաղված են քաղաքի մաքրության ու ծառատունկի աշխատանքներով, Էջմիածնի մի խումբ երիտասարդ ակտիվիստներ սկսել են շաբաթօրյակ անցկացնել քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներում. «Ես տարբերություն չեմ տեսնում: Ճիշտ է, այսօր նշանակված է մայրաքաղաքի գեղեցկացման օր, բայց մեր քաղաքն էլ ոչնչով չի զիջում: Մեր քաղաքն էլ Հանրապետության երկրորդ մայրաքաղաքն է: Եվ բացի այդ, եթե շաբաթօրյակ է, ապա բոլոր քաղաքների բնակիչները թող մտածեն, որ այն եզակի հնարավորություն է իրենց քաղաքը մաքրելու համար»,-ասում է 24-ամյա Աստղիկ Ալավերդյանը:
Երկու քաղաքների մաքրության աշխատանքներին մասնակցող քաղաքացիներին միայն մի բան է հուզում՝ մաքրելուց հետո կրկին չաղտոտել. «Մաքրելը քիչ է. մեր հասարակությունը պետք է սովորի ուղղակի չաղտոտել»,-ասում է 32-ամյա բնաբան Հայկ Ղազարյանը:
Քրիստինա Միրզոյան