ՀՀ կենտրոնական բանկի նախկին կառավարիչ Բագրատ Ասատրյանին երեկ Գյումրու շախմատի տանը տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հիշեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Պատճառը եղավ այն, որ մի երիտասարդ աղջիկ տեղից վեր բարձրացավ ու հարցրեց` գյումեցու օգուտը ո՞րն է` եթե ընտրի ՀԴԿ-ին: Պարոն Սարգսյանը Գյումրու արդյունաբերական ձեռնարկությունների օրինակով հինն ու նորը իրար խառնեց, հիշեց ՀՀՇ-ականների ալան-թալանը, կոնյակի գործարանի ջրի գնով սեփականաշնորհումը:
Ի դեպ, գյումրեցի լրագրողները պնդում են, որ այս քաղաքական գործիչը անընդհատ նույնն բան է կրկնում, ձեռնարկությունների մասին խոսելիս` անմիջապես կոնյակի գործարանն է հիշում:
«Մենք համակարգը պետք է փոխենք, անցնենք խառը տնտեսական համակարգի, որտեղ պետությունը պետք է ունենա այնքան սեփականություն, ինչքան որ անհրաժեշտ է: Ձեզ օրինակ բերեմ Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա , ԱՄՆ, չկա այդպիսի պետություն, որը չունենա պետական սեփականություն, չկա եղբայր, էդ մենակ սրանք են: Բագրատ Ասատրյանը` էն նախկին կենտրոնական բանկի կառավարիչը ի՞նչ ասի, որ լավ լինի, երբ սկսեցինք իրար մեղադրել, էնքան բորբոքվեց, որ բառացիորեն ասեց` ես նպատակ էի դրել ոչնչացնել պետական սեփականությունը: Խնդրեմ, մարդը էնքան անկեղծացավ, որ պարզ ասեց, թե նպատակը ո՞րն է դնում ու հիմա վեր է կացել, եկել է սրբի նման էլի ժողովրդի ձայնն է ուզում: Իրենք են արել էդ ամեն ինչը , հիմա էլ բողոքում են, թե էսօրվա իշխանությունները լավը չեն, իսկ դուք որտե՞ղ էիք, ի՞նչ իշխանություն էիք», -բորբոքվեց պարոն Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նա նույն մանրուքներով հիշեց նաև կոնյակի գործարանի սեփականաշնորհումը: «Երևանի կոնյակի գործարանը` Հայաստանի ամենախորհրդանիշներից մեկը, որը միայն ոսկե ձու էր ածում, վաճառեցին 28 միլիոնով, էսօր էդ նույն գործարանը էդ նույն տերերը գնահատել են ինչքա՞ն`770 միլիոն դոլար: Գնահատեցին այդքան, բայց այն գին չունի, գնեցին, որ մեր կոնյակը ընդհանրապես վերացնեին, չստացվեց, որովհետև էդ տղեքը շուստռի էին, գնացին մեկը Ապարանում, մեկը էստեղ –էնտեղ, նրանք արդեն ստիպված էին զարգացնել:Մի տարվա ընթացքում 800 հազար գեգալիտր բազային սպիրտը մսխեցին, որովհետև կաշառք էին տվել, դրա հաշվին իրենք կաշառքի գինը հետ բերեցին: Որտեղի՞ց, որովհետև սուրբ երկրում ենք ապրում»:
Բանախոսներից մեկն էլ, դարձյալ այս թեմայով ելույթ ունենալիս, գյումրեցիներին խնդրեց հանկարծ չմտածեն, թե այս կուսակցությունը նորից «մեյդան» է ընկել: Նա նաև ասաց, որ հիմա ում հարցնես ` դու օլիգա՞րխ ես, բոլորը հպարտությամբ կպատասխանեն` այո, առանց հասկանալու բառի բացատրությունը: «Բայց գիտեք ի՞նչ է նշանակում օլիգարխ, օլիգարխ նշանակում է անիրավ ճանապարհով հարստությանը տիրացած մարդ»,- պարզաբանեց կուսակցականը:
ՀԴԿ առաջնորդը Գյումրու զարգացման մասով իր ծրագիրը ներկայացնելիս, ասաց, որ Գյումրիում նորից պետք է վերագործարկել տեքստիլ արդյունաբերությունը `իհարկե նոր սարքավորումներով, Կումայրի արգելոցը, որից մնացել է միայն Ձիթողցոնց տունն ու Մերկուրովի տուն-թանգարանը: Իսկ իր ելույթի վերջում շնորհակալություն հայտնեց ` տղամարդկություն ցույց տված գյումրեցիներին, ովքեր նախորդ օրը քաղաքից դուրս շպրտեցին ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելու փորձ անող Գեորգի Վանյանին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ