Այս անգամ ժամադրվել ենք սկսնակ ու տաղանդավոր երգիչ Գևորգ Գևորգյանի հետ: Նրան մենք ավելի լավ ճանաչեցինք «Առավոտ երիտասարդականի» եւ իր լսարանի հետ հանդիպման ժամանակ, որոշեցինք անպայման անդրադառնալ շնորհալի կատարողին: Հանդիպեցինք Երևանյան սրճարաններից մեկում, աղմկոտ միջավայրում, բայց դա չխանգարեց մեր հետաքրքիր եւ հաճելի զրույցին:
Գևորգ Գևորգյանը սկսել է երգել 6 տարեկանից: Ինչպես ինքն է պատմում` փոքր ժամանակից այցելել է երաժշտական տարբեր խմբակներ ու ի վերջո հասկացել, որ երգն իր համար է.«Մայրիկս ինձ հատուկ խմբակներ էր տանում, հենց սկզբից էլ կասկած չեմ ունեցել, որ երգիչ եմ դառնալու: Սա իմ ամենասիրած մասնագիտությունն է ու ես այլ բան ուղղակի չէի կարող անել»: Գևորգը հիմա իր սեփական ստուդիայի ստեղծման վրա է աշխատում, անկեղծանում է, շատ դժվար է.«Դա շատ մեծ գումարների հետ է կապված, – ասում է նա, – բայց վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի»:
Երիտասարդ կատարողը մի քանի նախագծերի էլ է մասնակցել: Առաջինը «Armeniavision» նախագիծն էր, որտեղ Երևանյան փուլի հաղթող է ճանաչվել, տպավորված է. «Այս նախագիծն ինձ շատ բան տվեց, ես ավելի ինքնավստահ դարձա ու նաև շատ ընկերներ ձեռք բերեցի»: Այս տարվա «Նոր ալիքի» նախընտրական փուլից եզրափակիչ չի անցել, բայց չի հուսահատվում .«Ժյուրիի պահանջներն ու ստանդարտներն այլ էին, ու ես չկարողացա արդարացնել դրանք, – պատմում է նա, – ամեն դեպքում սա ինձ համար հետաքրքիր փորձություն էր»:
Մանկությունը լավ է հիշում, պատմում է՝ խելացի երեխա էր, ու անպակաս էր դպրոցական հանդեսներից: «Մայրիկս ուսուցչուհի էր, ու ես հնարավորություն չունեի չարություն անելու: Միայն լավ հիշում եմ, որ այնքան փոքր էի, որ ինձ համար հատուկ բարձր աթոռ էին պատրաստել, որ կարողանամ գրատախտակը տեսնել»:Առաջին սիրուն էլ է հիշում. «Ճամբարում էինք, նրան ասացի, որ դուրս եկել է, պարզվում է ես էլ նրա դուրն եմ եկել: Ընկերություն էինք անում իրար հետ, հետո կորցրեցի նրան»:
Գևորգը ժողովրդական երգն իրեն շատ հոգեհարազատ է համարում, բայց իրեն որպես ժողավրդական երգիչ չեն ճանաչի. «Շատ երկար եմ զբաղվել ժողովրդական երգով, բայց ես աշխատելու եմ անել այն, ինչը նոր է Հայաստանում, ես ուզում եմ նոր ճաշակ թելադրել: Ուզում եմ, որ իմ երաժշտությունը հասկանան բոլորը»:
Վստահեցնում է. աստղ չի ուզում դառնալ. «Ուղղակի ուզում եմ անել այն, ինչ ինձ դուր է գալիս: Իմ նպատակը միայն ինքնակատարելագործվելն է: Աստղ դառնալու երազանքը դեռահասներին է հատուկ, իսկ ես այդ շրջանը վաղուց եմ անցել»:
Գևորգը կարծում է, որ հայկական երգարվեստին միօրինակությունն է խանգարում, բոլորը կրկնօրինակում են միմյանց, ասում է նա, ավելացնում` երազանքը կապված չէ երգարվեստի հետ. «Երազում եմ ամուր ու առողջ ընտանիք ունենալ, դա ամենակարևորն է ինձ համար»:
Մերի Խաչատրյան