«Մենք չենք ասում, որ այս տարիների ընթացքում ինչ արել ենք՝ ճիշտ ենք արել, մենք չենք ասում, որ գրանցված արդյունքները մեզ լիովին բավարարում են: Ամենեւին ոչ: Մենք ասում ենք՝ այս ընթացքում ինչ արել ենք, արել ենք խղճով, առանց մեկ օր անգամ գլուխ պահելու, իսկ արդյունքները, որ գրանցել ենք, շատ բանի մասին են խոսում »,- ասօր Երեւանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այստեղ նախագահ Սարգսյանին դիմավորեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչական շրջանի ղեկավարը եւ մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ): Հանդիպմանը ներկա էին նաեւ համայնքի բնակիչներ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Կարեն Ավագյանը: Վերջինս չպատասխանեց հարցերին, իսկ Հրանուշ Հակոբյանն Aravot.am-ին ասաց, որ իբրեւ համայնքի ներկայացուցիչ է եկել հանդիպմանը: Հրանուշ Հակոբյանի հետ զրույցի մանրամասները՝ քիչ ուշ:
Նախագահն ասաց, որ այս տարիների ընթացքում ՀՀԿ-ի գրանցած արդյունքները վկայում են «մեր պետության ամրության պաշարի մասին », որ մենք ձեռք ենք բերել նույնիսկ «ամենավտանգավոր արտաքին հոսանքներից պաշտպանվելու լուրջ կարողություններ »: Ըստ նախագահի, այն, ինչին դիմագրավեցինք, մեկ տասնամյակ առաջ ուղղակի կտապալեր մեր տնտեսությունը: Ասաց, որ այսօր արդեն տնտեսության արդիականացման արագ զարգացման ծրագրեր են իրականացվում:
Կարդացեք նաև
Ասաց, որ Երեւանի մասով էլ նոր ռազմավարություն է լինելու եւ ՀՀԿ-ն հանդես է գալու համատիրությունների կայացման դիրքերից, քանի որ դրանց գործունեությունը ձեւական է կամ ոչ արդյունավետ. «Մենք ձեր դատին ենք ներկայանում փոփոխությունների փաթեթով, որն ընդգրկում է հասարակական հարաբերություններից մինչեւ տնտեսության ճյուղեր, կրթությունից մինչեւ սոցիալական պաշտպանվածություն»:
Նախագահը հայտարարեց, որ ծրագրում են փոխել վերաբերմունքը Երեւանի հանդեպ, պատգամեց սիրել Երեւանը, որովհետեւ այն հիասքանչ քաղաք է. «Երեւանը տուն է յուրաքանչյուր երեւանցու համար, իսկ տունը մի հատ է լինում: Նախկինում մարտահրավերների Երեւանն աստիճանաբար դառնում է հնարավորությունների մայրաքաղաք: Երեւանը ժպտում է ու կանչում, այդ կանչի ղողանջները դեռ լուրջ հետեւանքներ են ունենալու, շատ լուրջ ու շատ կարեւոր բոլորիս համար»:
Նախագահը կոչ արեց քվեարկել նաեւ մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուի օգտին:
Նախագահ Սարգսյանն այնուհետեւ հանդիպման մեկնեց Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ: Նախագահական կորտեժն այնքան արագ սլացավ ու այդ համայնքում ժամը 18-ին նշանակված հանդիպումն այնքան արագ ավարտվեց, որ 18-ից 10 պակաս այնտեղ հասած լրագրողներս չհասցրեցինք ընբոշխնել նախագահի պատգամներն այդ համայնքի բնակիչներին: Նախագահն արդեն մեկնել էր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ