Aravot.am-ը ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին հարցրեց, թե Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում բնակչությունը ի՞ նչ տեսակ ընտրություններ սպասի` կրակոցներո՞ վ: «Թիվ 34 ընտրատարածքում չի լինի կրակոցներով ընտրություններ, սա 2008 թվականի ձեռագիրն է. սուտ կրակոցների անվան տակ ժողովրդի մեջ արհեստական լարվածություն ստեղծել, հետո արդարացնել ընտրությունների օրը մեր վրա միլիցիա բերելու տարբերակը: Մենք 2008 թ.-ին էս ամեն ինչը լավ հասկացել ենք, 2012–ին առավել ևս լավ հասկանում ենք, որ էս լարվածությունը արհեստական, մտացածին ծրագիր է` իբր կրակոցներ են լինելու, սպանություն է լինելու, հլը տեսեք օրերը մոտենան, ինչեր են լինելու թիվ 34 ընտրատարածքում: Նորից եմ կրկնում`դրանով արդարացնում են վերջին օրերին ոստիկանական շքերթը, նմանատիպ ընտրություններ անցկացնելու տարբերակը, թե մենք ինչ –որ մեկի պատվերով չենք եկել էստեղ, մենք վտանգը ռեալ տեսնելով ենք եկել այստեղ, այդ ամեն ինչը կարգավորելու»:
Հիշեցնենք, որ պատգամավորը 2008 թվականին իր թեկնածությունն էր առաջադրել Գյումրու քաղաքապետի պաշտոնում, այսինքն ընտրապայքարի էր դուրս եկել Վարդան Ղուկասյանի դեմ, և ընտրությունների օրը Գյումրին ոստիկանախեղդ էին արել. հանրապետության տարբեր մարզերից ոստիկանության բոլոր աշխատողներին, ընդհուպ մինչը հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությանը, բերել էին հանրապետության երկրորդ քաղաք:Սա իրավապահները բացատրում էին նրանով, որ թեժ ու վտանգավոր մրցակցություն է սպասվում, հետևաբար և պետք է խիստ հսկողություն սահմանել:
Նշենք, որ այս անգամ թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ական պատգամավորը նորից խորհրդարան մտնելու համար կպայքարի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ կողմից առաջադրված Արման Սահակյանի դեմ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ