Շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Կարծում եմ, ձեզնից որևէ մեկը չի կասկածում, թե որքան լավ եմ պատկերացնում ես ձեր աշխատանքի բարդություններն ու ձեր խնդիրները: Հայաստանի ոստիկանությունը շարունակում է իր ուղին փոփոխությունների դժվար ճանապարհին: Գոհունակությամբ արձանագրում եմ` արդյունքներն իսկապես տեսանելի են:
Նպատակին հասնելու վստահության ձեռքբերումն արդեն գործի կեսն է: Ես ձեր մեջ սկսել եմ սեփական ուժերի հանդեպ ավելի մեծ վստահություն տեսնել, հավատ տեսնել, և դա չի կարող չուրախացնել:
Կարդացեք նաև
Ձեզնից կրկին ակնկալվում է բացառիկ սառնասրտություն ու զսպվածություն մի կողմից, և վճռականություն` մյուս կողմից: Պրոֆեսիոնալ ոստիկանը կարողանում է ճիշտ որոշել սահմանը, ինչն իսկապես հեշտ գործ չէ: Ես գիտեմ, որ պրոֆեսիոնալները ձեր շարքերում շատ են ու ավելանում են: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում այս կարևոր գործում:
Վստահ եղեք, որ յուրաքանչյուր դրական փոփոխություն ձեր գործունեության մեջ, յուրաքանչյուր նոր մոտեցում ու նոր վարքագիծ ձեր կողմից, հաստատապես տեսնում և գնահատում է ձեր գործունեության հիմնական հասցեատերը` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Դարձե՛ք ժամանակակից ոստիկանություն և ինքներդ կհպարտանաք ձեր իսկ ձեռքբերումներով: Դուք ունեք պատմական հնարավորություն հիմնովին փոխելու ոստիկանի ընկալումը հասարակության կողմից: Պետք է այնպես անեք, որ այս հնարավորությունը բաց չթողնեք:
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին քաջառողջություն, նոր ձեռքբերումներ ծառայության մեջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ