Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուվալնյատի օրը» գրքի համար Աստղիկ Գեւորգյանը հրաժարվել է փորձագետ տրամադրել

Ապրիլ 14,2012 15:27

Քրեական հետապնդումը երիտասարդ բլոգեր Հովհաննես Իշխանյանի նկատմամբ շարունակվում է: Մեր տեղեկություններով՝ նրա «Ուվալնյատի օրը» գրքի հետ կապված գործը ոստիկանության Մաշտոցի բաժնում է, ու քննչական մարմինն արդեն նամակներ է գրում տարբեր կառույցների՝ խնդրելով փորձագիտական եզրակացություն տալ, թե ինչպիսի հակաբարոյական, գռեհիկ ու վատ գիրք է «Ուվալնյատի օրը»:

Օրերս Մաշտոցի քննչականից նման նամակ է ստացել նաեւ Ժուռնալիստների միությունը: Նամակում մասնավորապես խնդրում են փորձագետ տրամադրել այդ գրքի համար: Միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե ինչէ գրել ինքը՝ ի պատասխան այդ նամակի. «Իմ պաշտոնական գրության մեջ ես նշեցի, որ սա գրական ստեղծագործություն է, ժուռնալիստական չէ, իսկ գրական ստեղծագործության համար փորձագետ պետք է տրամադրի Գրողների միությունը, ոչ թե մենք: Ես հետո ճշտեցի, որ մշակույթի նախարարությունը նույնպես հրաժարվել է փորձագետ տրամադրելուց: Հիշեցի Արտաշես Քալանթարյանի «Մարաթոն» վեպը, որը շատ փայլուն գործ էր: Շրջկոմի քարտուղարներից մեկը, որն արդեն հանգուցյալ է, իրեն էր տեսել այդ վեպում: Չնայած պարզ էր, թե ում նկատի ուներ հեղինակը, բայց ապացուցել, որ նա հենց իրեն նկատի ուներ` ոչ ոք չէր կարող»:

Աստղիկ Գեւորգյանը գիրքը չի կարդացել, բայց ինչ էլ լինի գրված՝ տիկին Գեւորգյանը կարծում է, որ այն արգելել, ինչ է թե բանակի մասին է՝ չի կարելի. «Մեկն իր պատկերացումները բանակի մասին գրում է թերթում, մյուսը՝ գրքում: Թատրոնի ներկայացումներ կան, որ դահլիճը ծափահարում է, կարող է շատերին դուր է եկել, բայց ինձ ընդհանրապես տհաճ լինի: Եթե նույնիսկ կան գռեհիկ, հակաբարոյական բաներ, դա ընդամենը պետք է դառնա մամուլի կամ ֆեյսբուքի քննարկման թեմա: Հասարակությունը, ընթերցողը ինքը գնահատական կտա, բայց ոչ թե քննչական մարմինները: Իրենք անձնական վիրավորանք են դիտել: Ճիշտն ասած՝ ավելորդ է այս աղմուկը, որովհետեւ ավելի իրենց դեմ է դուրս գալիս: Ես կարծում եմ՝ գրական-գեղարվեստական ստեղծագործությունը պետք է ընթերցողը, դիտողը գնահատի, ոչ մի իրավական մարմին իրավասու չէ ուղղորդել ու ասել՝ գիտե՞ս ինչ սխալ է սա: Հեղինակն ի՞նչ պիտի անի, տպաքանակը կա, գիրքը հրապարակում է, որեւէ բան չպիտի անի: Մամուլը թող անդրադարձ ունենա: Եթե լիներ ժուռնալիստական գործ, որտեղ էթիկայի կանոնների խախտում լիներ, ես կարող էի դիմել Էթիկայի հանձնաժողովին եւ կհստակեցվեր՝ ինչքանով է ապաքրեականացված օրենքի պայմաններում սա համապատասխանում չափանիշներին: Մի քիչ ծայրահեղության մեջ են ընկնում, չի կարելի»:

Մեր տեղեկություններով՝ այս օրերին ոստիկանությունում նաեւ հարցաքննում են «Ուվալնյատի օրը» գրքի հրատարակության հետ առնչություն ունեցող մարդկանց: Ոստիկանությունից այս տեղեկությունը հաստատեցին՝ ասելով, որ քննություն է ընթանում եւ բնականաբար պետք է մարդկանց հարցաքննեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30