Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում (կենտրոնը` Իջեւան) գրանցված են ԱԺ պատգամավորության 4 թեկնածու: Իջեւան քաղաքի բնակելի եւ այլ շենքերի պատերին, բազում տեղերում փակցված են պատգամավորության երկու թեկնածուների` ՀՀԿ անդամ, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ, այս ընտրատարածքից գործող պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ ՕԵԿ անդամ, Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանի քարոզչական պաստառները:
Թիվ 41 ընտրատարածքում գրանցված մյուս երկու թեկնածուների` անկուսակցական Սպարտակ Հարությունյանի եւ մաքսիստ Դավիթ Հակոբյանի պաստառներ Իջեւանում չտեսանք: Մեր դիտարկումներով՝ հիմնական պայքարն ընթանալու է իշխող կոալիցիան ներկայացնող քաղաքական կուսակցությունները նեկյացնող Հակոբյանի եւ Վարդապետյանի միջեւ: Ուշագրավ է, որ երկուսի նախընտրական կարգախոսը գրեթե նույնն է. Վահե Վարդապետյանի կարգախոսն է` «Շենացնենք մեր բնօրրանը», Հակոբյանինը` «Շենացնենք երկիրը մեր»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ