Լրահոս
Օրվա լրահոսը

Ասֆալտի որակից մինչեւ գյուղատնտեսության ապահովագրում

Ապրիլ 14,2012 13:06

«ՕԵԿ»-ը ԱԺ-ում հայտնվելուց հետո բժիշկ-հիվանդ շփումը նաեւ ինտերնետի միջոցով կապահովի, իսկ «Ժառանգությունը» դեղերի պիտանելիության ժամկետը կվերանայի:

«Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանում հայտնվելու դեպքում խաղատները դարձնելու է պետական: «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով, ինչպես որ նշված է կուսակցության նախընտրական ծրագրում՝ շահումով խաղերի հանդեպ պետական մենաշնորհ հաստատել: Ընդ որում, այդ բիզնեսից գոյացած գումարները «Ժառանգությունն» առաջարկում է ուղղել սոցիալական եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներ: Առողջապահության ոլորտում էլ «Ժառանգությունը» մի նոր առաջարկ է ներկայացնում՝ ներկրվող դեղերի ներկայումս սահմանված մատակարարման պահին դեղերի 2/3-ի մնացորդային պիտանելիության ժամկետը վերանայել: Այսինքն՝ ինչպես հիմնավորում է կուսակցությունը, ներկայիս մնացորդային ժամկետը ռիսկային է. շրջափակումից ելնելով՝ դեղերը մինչեւ հասնում են Հայաստան, դեղի ինքնարժեքը թանկանում է, որի համար քաղաքացին կամ բուժհիմնարկն է վճարում:

Անդրադառնալով նախընտրական ծրագրերին՝ «Առավոտը» ներկայացնում է կուսակցությունների քիչ թե շատ նոր առաջարկները: Որոշ կուսակցությունների ծրագրերն, ընդհանուր առմամբ, նման են: Բոլորն էլ խոստանում են այնպիսի բարեփոխումներ, որից հետո ժողովուրդը, հավանաբար, այլեւս չի ասի՝ «երկիրը երկիր չէ»:

Առողջապահության ոլորտում «Օրինաց երկիրն» էլ մի նոր առաջարկ է անում. «Երկրի յուրաքանչյուր բուժհաստատության բժշկական մասնագետների հետ հեռա եւ համացանցային խորհրդատվությունների համակարգի ներդրում»:

Գրեթե բոլոր կուսակցություններն իրենց ծրագրերում կարեւորություն են տալիս բժշկական ապահովագրությանը: Իսկ «Ժառանգությունն» առաջարկում է այդ ապահովագրման 30%-ն իր աշխատակիցների համար վճարի գործատուն. «Այդ մասով նվազեցնել շահույթը՝ հաշվարկելով այն որպես ծախս»: Կենսաթոշակային համակարգում ՕԵԿ-ի առաջարկած բարեփոխումով թոշակը աշխատավարձի 35%-ից ոչ պակաս է լինելու: Կուսակցությունը որոշել է վերանայել աշխատավարձի եւ ստաժի հաշվարկման գործակիցները: Ի տարբերություն ՕԵԿ-ի՝ «Ժառանգությունը» նույն ոլորտում կոնկրետ թվեր է ներկայացնում՝ «Նվազագույն կենսաթոշակը եւ նվազագույն աշխատավարձը 2013թ. հասցնել 80.000 դրամի՝ ամեն հաջորդ տարի ավելացնելով 10.000 դրամով»:

«Հարուստ գյուղը պետության անվտանգության գրավականն է»,- համոզված է «Ժառանգությունը», ուստի գյուղացուն օգնելու համար կուսակցությունը նախատեսել է գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական սուբսիդավորումը հասցնել մինչեւ 50%-ի: Ըստ այս կուսակցության ծրագրի՝ մթերող ձեռնարկություններում պետք է ներդնել որակի ստուգումներ իրականացնող այնպիսի համակարգ՝ պետական ստանդարտներով ու հսկողությամբ, որպեսզի, ինչպես գրված է ծրագրում. «Մթերող կազմակերպություններին թույլ չտրվի ձեռնարկել կամայական գործողություններ»:

Հաշվի առնելով, որ գյուղատնտեսության նախարարը օեկական է, կարելի էր ենթադրել, որ գոնե այս կուսակցությունը մի նոր բան կառաջարկի գյուղացուն: Չնայած ՕԵԿ-ն էլ առաջարկում է նույնը, ինչ մյուս կուսակցությունները, բայց պետք է նշել, որ կրկին գայթակղիչ են ու գյուղացու սրտով. «Գյուղական տնտեսությունների եւ վերամշակող ձեռնարկությունների համար երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքներով վարկեր: Մատչելի պայմաններով գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման լիզինգային եւ դրամաշնորհային մեխանիզմների ներդրում»: Թերեւս այս կուսակցության միակ նոր առաջարկը գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրման համակարգի ներդրումն է: Թե որքանով այն կիրականանա՝ դժվար է ասել, քանի որ ապահովագրական ընկերություններն առաջիկա տարիներին չեն պատրաստվում ապահովագրել այս ոլորտը, պատճառաբանելով՝ ռիսկը շատ մեծ է, «տակից» չեն կարող դուրս գալ:

«Ավելի լավ է՝ 100 մարդ ունենա մեկական խանութ, քան մեկը՝ հարյուր»: Սա ՕԵԿ-ի ծրագրում հարկային եւ մաքսային քաղաքականության դրույթի նախաբանն է, որից հետո կուսակցությունը առաջարկում է իր բարեփոխումներն այդ ոլորտում: Մասնավորապես՝ «Անբարեխիղճ, հատկապես խոշոր հարկատուների եւ ներմուծողների նկատմամբ հարկային եւ մաքսային վարչարարության խստացում ու բարեխիղճ հարկատուների համար առավել պարզեցված ընթացակարգերի սահմանում եւ կիրառում»:

Այս ոլորտում «Ժառանգությունն» էլ որոշել է՝ «Փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Շահութահարկի մասին» օրենքում, որով մինչեւ 20 մլն դրամ շրջանառություն ունեցող արտադրական ու սպասարկման ոլորտի ընկերությունները եւ մինչեւ 40 մլն դրամ շրջանառություն ունեցող առեւտրական ընկերությունները լիովին ազատել շահութահարկից»:

Բոլոր թեկնածու կուսակցություններից միայն «Ժառանգությունն» է ուշադրություն դարձրել մեր ճանապարհների՝ ժամանակից շուտ շարքից դուրս եկող ասֆալտին: Ուստի կուսակցությունն առաջարկում է՝ «Բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները»:

Ինչպես բոլոր, այնպես էլ այս 2 կուսակցությունները բազմաթիվ խոստումներ են տալիս, սակայն դրանք, ինչպես կյանքն է ցույց տալիս, չեն իրականանում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30