Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Ռուբիկ Հակոբյանը չի, որ պիտի դասեր տա»

Ապրիլ 14,2012 13:26

«Երբ որ ինքը խոսում է՝ այլեւս ոչ մեկին չի լսում: Ինքն այնտեղ՝ դահլիճում է եղել, երբ ես  բյուրեղանալու մասին ասել եմ, ինչի՞ մասին է խոսքը: Կամ էդպիսի՞ բաներ ենք իրար երեսի ասել. բոլորն ուղիղ եթերով գնացել է տասնյակ լրագրողների ներկայությամբ: Է՞ս ինչ ձեւ ա: Ռուբիկ Հակոբյանը չի, որ պետք է դասեր տա քաղաքական գործիչ լինել-չլինելու վերաբերյալ՝ հատկապես, որ քաղաքական գործիչ լինելու իր տրամանաբանությունն այն է, որ հասցնես այս ընթացքում ճամբար փոխե՞ս: Ես այդպիսի մարդկանց հետ խոսելու բան չունեմ: Թող իր կենսագրությունը մի լավ վերլուծեն, հետո նոր ուրիշներին դաս տան՝ թե ինչ է նշանակում քաղաքական գործիչ: Իսկ բյուրեղանալ ասելը այն էր՝ թե ով ում հետեւից է գնում: Փաստն այն է, որ Ռուբիկ Հակոբյանը գնաց Գալուստ Սահակյանի հետեւից»,-  Aravot.am-ի  եւ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Արմեն Ռուսամյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե՝  Արմեն Ռուստամյանը «երեւի մոռացել է, որ Դաշնակցության մեջ հետեւից չեն խոսում»:

Մեր հարցին՝ թե մյուս փաստն էլ այն է, որ ՀՅԴ-ն է գնում ԲՀԿ-ի հետ, իսկ ԲՀԿ-ն այս պահին կոալիցիայի մաս է, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Մենք այսօր պատրաստ ենք  բոլորի հետ գնալու այս խնդիրները լուծելու համար: Նիկոյանը մոնիթորինգի խումբ է հրավիրել եւ բոլորն այնտեղ են: Բա «Ժառանգությունն» ինչո՞ւ այնտեղից դուրս չի գալիս, հարց չե՞ք տալիս իրենց: Մենք գնում ենք, որպեսզի իրենց (իշխանություններին) ստիպենք կատարել մեր պահանջը, եւ իրենք պետք է ստիպված լինեն դա կատարել: Եթե այսպես բաժանենք ճամբարների, ասես՝ եկեք բոլորս լավ ընտրություններ անենք, բայց իրենց առաջ հարցեր չդնես, որոնք նրանք պարտավոր են լուծել, ապա դա աշխատելու ճիշտ եղանակը չի: Սա մեթոդների հարց է: Մենք իրենց ստիպելու ենք, որպեսզի նրանք կամ՝ ընդունեն իրենց սխալները, կամ՝ ասեն՝  կներեք, մենք էստեղ անելիք չունենք, որովհետեւ մենք գնալու ենք շարունակենք կեղծել: Ճիշտ աշխատաձեւը սա է, ոչ թե ամպագորգոռ հայտարարություններ անելը, իրենց թվում է, թե դրանով հա՞րց են լուծելու: Հարց ունես՝ գնա նեղը գցի, բա ընդդիմության խնդիրը իշխանություններին նեղը գցելն է  նաեւ այս ձեւաչափերով: Հանրապետականն ինչո՞ւ դուրս եկավ այդ շտաբից. որովհետեւ տեսավ իրական քայլեր են նախատեսված: Այնտեղ էլ ենք ստիպելու, որ իրական քայլեր կատարեն, կամ խոստովանեն, որ իրենք եկել են պատրանք ստեղծելու: Իրենք ուզում են պատրանք ստեղծեն, մենք էլ պիտի պատռենք իրենց դիմակը, թույլ չտանք, որ պատրանք ստեղծեն: Պետք է պայքարել»:

Չե՞ք կարծում, որ այս ամենակարեւոր փուլում ընդդիմության մեջ դուք մի կողմից՝  ուզում եք միասին փորձել ինչ-որ բան անել հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար, մյուս կողմից՝ երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն իրար թիրախ են ընտրել: Aravot.am-ի այս դիտարկմանն ի պատասխան Ռուստամյանն ասաց. «Այդ հարցն ուղղեք «Ժառանգությանը»: Մե՜նք չենք ձախողում շտաբի աշխատանքները: Իրենք մի շաբաթ առաջ ստորագրում են փաստաթուղթ, որտեղ ԲՀԿ-ն կա, հետո հանկարծ զարմանում են, որ ԲՀԿ-ն կոալիցիոն կուսակցությո՞ւն է»:

Սա ընտրազանգվածի համար կռիվ չի՞, հաշվի առնելով, որ Ձեր երկու կուսակցությունների ընտրազանգվածը մոտավորապես նույնն է: «Մենք խնդիր չունենք ընտրազանգվածի: Մենք ասում ենք՝ եկեք ձեր քվեն տվեք նրան, ում ուզում եք: Իսկ սա պարզ հարց է, որը վեր է ներկուսակցական խնդիրներից, եւ շատ լավ է, որ այդ քննարկումները եղել են տասնյակ լրագրողների ներկայությամբ, ու բոլորը տեսել են, թե ով է իրեն կառուցողական պահում եւ  ով է եկել շոուներ անելու: Թե՝ ովքե՞ր կարող են վերահսկել տեղամասերում, դա էլ կերեւա: Մեծ-մեծ խոսալով հո չի՞, պետք է կարողանաս 2 հազար տեղամասում առնվազն 2 հազար մարդ ունենաս:

Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի սա դառնա իսկապես եւս մեկ հնարավորություն՝ ընտրակեղծիքների դեմն առնելու համար եւ  հստակ ասել ենք, թե ինչ խնդիրներ պետք է լուծի այսդ միասնական շտաբը եւ ինչ աշխատակարգով: Այդ քայլերն արել ենք նախանձախնդիր կերպով եւ շարունակելու ենք շատ հստակ, կառուցողական այս գործը տանել առաջ, ոչ թե թատերական տեսարաններ ստեղծել»,- հայտարարեց դաշնակցական գործիչը:

Հիմա «4»-ի, այս պահին՝ այլեւս «3»-ի  միասնական շտաբը «բյուրեղացե՞լ» է, թե՞ ոչ: Արմեն Ռուստամյանի ասելով, ինքն այդ բյուրեղանալ բառն ասել է միասնական շտաբի երկու աշխատանքային հանդիպումների արդյունքում, երբ պարզ դարձավ, որ նախ՝ ՀՀԿ-ն հրաժարվեց դրան մասնակցելուց, հետո՝ «Ժառանգությունը», եւ նկատի ունենալով Ռուբեն Հակոբյանին պնդեց. «Բյուրեղանալ» բառն էլ լավ չի հասկացել: Բյուրեղանալը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տարակարծությունները նվազում են: Իսկ որ կար տարակարծություններ՝ բոլորը տեսան: Այսինքն, քաղաքագետները, որոնք մտքի մեծ թռիչք ունեն եւ մարդկանց դասեր են տալիս, պետք է նախ բյուրեղանալը հասկանան ինչ է: Այո, երբ տարակարծությունները պակասում են տեղի է ունենում բյուրեղացում: Թող հանեն այդ տարակարծությունները եւ նորից գան մտնեն այդ բյուրեղի մեջ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30