Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոնյան պրոցեսը կարող է վնասել, եթե մեր կրթական համակարգը հետ մնա ընդհանուր զարգացումներից»

Ապրիլ 14,2012 12:55

«Առավոտի» հարցազրույցը Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հետ

– Այսօր բարձրագույն կրթական համակարգը վերապրում է ծանր շրջան, ինչի՞ հետ է դա կապված:

– Որովհետեւ աշխարհում կատարվող փոփոխությունները պահանջում են, որպեսզի բարձրագույն կրթական համակարգը անմիջապես արձագանքի ընթացող պրոցեսների պահանջներին, իսկ ինքը՝ ակադեմիական համակարգը, իր բնույթով բավականին պահպանողական է: Ինչպե՞ս փոփոխվել եւ չքանդվել՝ սա է հարցը: Տարբեր երկրներ տարբեր պատասխաններ են տալիս. պետք է ասել, որ դա կախված չէ երկրի ներուժից:

– Այսօր բարձրագույն կրթության մասին խոսելիս առաջին բանը, որ լսում ես՝ «բոլոնյան համակարգ», «բոլոնյան պրոցես», ի՞նչ է դա՝ մատչելի լեզվով:

– Բոլոնյան պրոցեսը ընդհանուր վերնագիրն է փոփոխությունների, սա էլ ընդհանուր փոփոխությունն է բարձրագույն կրթական համակարգի, որովհետեւ նոր ինֆորմացիոն հասարակությունը պահանջում է, որ բարձրագույն կրթությունը էլիտարից դառնա զանգվածային: Ուսանողների քանակը տասնյակ անգամ ավելացել է: Այսօր բարձրագույն կրթությունը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն, եւ այս առումով Հայաստանը զգալի հետ է ընկնում Ադրբեջանից, Վրաստանից: Երբ ասում ենք՝ մեր ազգը ուսումնատենչ է, այդպես չէ, այսօրվա տվյալներով՝ մենք բավականին հետ մնացողների շարքում ենք: Մենք փորձում ենք գտնել լուծումներ, ինչպե՞ս հնարավոր է այսպիսի սակավ ռեսուրսներ ունենալով, ինչպես Հայաստանինն է, ինչ-որ ձեւով համապատասխանեցնել համակարգի փոփոխություններին: Մենք ի սկզբանե գտնվում ենք ոչ հավասար պայմաններում: Համեմատենք միայն կրթության ոլորտի հատկացումները՝ պետական բյուջեն 0.3%-ն է համախառն արդյունքի, ավելացնենք վճարովի համակարգի մուծումները եւ այլն 0.6%, ընդհանուր 0.9%: Խորհրդային Միության տարիներին բարձրագույն կրթության ցուցանիշը եղել է 3%, դա բարձր ցուցանիշ է: Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, ապա Եվրոպան 3%-ի շեմը դրել է 2010 թ.-ին, բայց չի հասել, տեղափոխել է 2020թ.: Այս առումով Բոլոնիայի պրոցեսը մեծ վտանգ է պարունակում զարգացող երկրների դասին, այն բացում է բոլոր ճանապարհները, դա միջազգայնացման պրոցես է, որ կարող է խորտակել թույլ երկրներին: Եթե մենք վերցնում ենք Եվրոպական Միության ծրագիրը, ապա պարտավորվում ենք առնվազն համախառն արդյունքի 2%-ը տալ բարձրագույն կրթությանը եւ համախառն արդյունքի 3%-ը՝ գիտությանը՝ ըստ Եվրոպական համալսարանի ասոցիացիայի հռչակագրի:

– Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք մրցակցել:

– Ժամանակակից համալսարանը կրեատիվ տնտեսության մի մասն է: Համալսարանը եւ արդյունք է կրեատիվ տնտեսության, եւ նաեւ՝ դրա շարժիչը: Հայաստանում բացակայում է կրեատիվ տնտեսությունը, բայց կան դրա բաղադրիչները: Ուստի համալսարանը պետք է ստեղծի համակարգ, որտեղ կարողանա գոյատեւել: Համակարգը գոյատեւելու համար պիտի տարբերվի իր մակարդակով: Ցանկացած տեղ համալսարանը մի մակարդակ բարձր է շրջապատից: Որպեսզի համալսարանը կարողանա պահպանել իր գործառույթը, ստեղծել եւ փոխանցել գիտելիք, ապա իր ներսում պետք է պատնեշներ ստեղծի բացասական երեւույթներից:

Այսպես ասած՝ «Բոլոնյան» կոտրում է սահմանները, մենք այսօր լուրջ պրոբլեմ ունենք մրցակցության, այսօր մեր համալսարանում չենք տեսնում դա, որովհետեւ կան վիզային ռեժիմ եւ այլ տնտեսական գործոններ, որոնք հնարավորություն չեն տալիս մեր ուսանողներին գնալ արտասահման, այլապես կարող է ուսանող չունենանք: Պետք է աշխատենք այլ ուղղությամբ, օգտագործենք միջազգայնացումը որպես գործոն, այսինքն՝ համալսարանը պետք է կապ հաստատի գործընկերների հետ, որովհետեւ համալսարանի այս միջազգայնացումը տալիս է հնարավորություն՝ ստեղծելու մի ցանց, որը գոյություն ունի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս, պետք է լինեն գործընկեր համալսարանների տարբեր համագործակցության ձեւեր, եւ մեր համալսարանը չպետք է դառնա միայն սպառող: Մենք ստեղծեցինք մի շղթա, որտեղ շղթայի ամեն մի օղակ կարող է առանձին լինել: Մենք կարող ենք հանդես գալ եւ դոնորի, եւ պատվիրատուի, եւ սպառողի դերում: Նախ եւ առաջ այս շղթան կաշխատի, եթե կա մի օղակ, որը ստեղծագործող է: Եթե հաշվի առնենք այն, որ մասնագիտությունները ստեղծվում են շատ արագ, ապա կարելի է գտնել այն տեղը, որը կարող է նորույթ լինել, եւ դա չի պահանջում մեծ ծախսեր: Եթե Հայաստանի բուհերն ուզում են ինչ-որ ձեւով մտնել այս համակարգի մեջ, ապա պետք է հասկանան, որ Հայաստանը մեզ համար շատ փոքր է, եւ, դուրս գալով միջազգային շուկա, մենք ոչ թե օգտվողի, սպառողի դերում պիտի լինենք, այլ պետք է փորձենք աշխատել հավասար, այլապես հետ մնացողի եւ ուշացողի դերում կմնանք: Այդ գաղափարները, ինչպես մենք հասկացանք, հետաքրքրում են ոչ միայն մեր, այլեւ եվրոպական այլ համալսարանների, որոնք երկրորդ շարքում են գտնվում, եւ Բոլոնիայի պրոցեսը մեծ վնասներ է բերում նրանց: Բնական է, ուսանողը կարող է գնալ այլ համալսարան, որտեղ ավելի լավ կրթություն կարող է ստանալ, հետեւաբար այդ երկիրը զրկվում է իր կրեատիվ տնտեսության կարեւոր բաղադրիչից, ինչպիսին է համալսարանը:

Շարունակությունը՝ հաջորդիվ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30