Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել ընդունելին եվրոպական արժեհամակարգն է

Ապրիլ 14,2012 12:44

Թիվ 10 ընտրատարածքի բնակիչները մի շարք գրավոր հարցեր են ուղղել ԱԺ պատգամավորի թեկնածու Սարիբեկ Սուքիասյանին՝ նպատակ ունենալով հստակեցնել նրա դիրքորոշումը երկրի տնտեսության զարգացմանը խոչընդոտող որոշ օրենքների վերաբերյալ, պարզել, թե որոնք են, ըստ նրա, սոցիալ-տնտեսական ծանր վիճակից դուրս գալու ելքերը, ինչ քայլեր է նախաձեռնելու պատգամավոր ընտրվելու դեպքում՝ հանուն ՀՀ քաղաքացիների բարեկեցության:

– Պարոն Սուքիասյան, հայտնի է, որ տարեկան 1մլրդ դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկություններին պարտադրվում է աուդիտի ենթարկվել եւ այդ ծառայության համար վճարել խոշոր գումար, որը, սակայն, չի ազատում հարկային ստուգումներից եւ ի հայտ եկած խնդիրների հանդեպ պատասխանատվությունից: Ինչպե՞ս եք վերաբերվում պարտադիր աուդիտին:

– Զարգացած երկրներում ընդունված է ֆինանսական շուկայում, բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ձեռնարկությունները ենթարկել աուդիտի: Մինչդեռ մեր տիպի երկրներում, որտեղ հարկային բեռը առանց այն էլ ծանր է, կարծում եմ՝ ճիշտ չէ ընդօրինակումը: Դա տրամաբանական չէ, որովհետեւ հավելյալ մի բեռ է, որից կարելի է զերծ պահել ձեռնարկությունները: Եվրոպական երկրներում աուդիտի դրական եզրակացությունը տնտեսվարող սուբյեկտներին ազատում է հարկային ստուգումներից եւ վարչարարական քաշքշուկներից, մինչդեռ մեր երկրում այդպես չէ: Ժամանակակից աշխարհում բնական ընկալվող սկզբունքները պետք չէ կիրառել զարգացման ցածր աստիճանի վրա գտնվող երկրներում: Պետք չէ ձեւացնել, թե իբր քայլում ենք ժամանակակից աշխարհին համընթաց, եթե չենք ուզում հայտնվել ծիծաղելի վիճակում: Միջազգային ժամանակակից չափանիշներով ապրելու համար մենք պետք է ունենանք համապատասխան կենսամակարդակ, բարձր եկամուտներ՝ աշխատավարձ, կենսաթոշակ: Գործող այս կարգի օրենքներով մենք նաեւ մեր երկրում կենսամակարդակի բարձրացմանն ենք խոչընդոտում:

– Հաստատագրված արտոնագրային հարկի կիրառումը ճի՞շտ եք համարում, թե՞ անհրաժեշտություն կա փոփոխություն կատարել:

– Տնտեսության մեջ կիրառվող օրենքները առհասարակ պիտի համապատասխան լինեն երկրի տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով հաստատագրված կամ ֆիքսված հարկի տեսակը մեր երկրում ոչ միայն ճիշտ, այլեւ անհրաժեշտ է: Լրացուցիչ հաշվապահական ծախսերից, հարկային մարմինների հետ ավելորդ քաշքշուկից զերծ մնալու համար սա լավագույն հարկատեսակն է, բայց արդար չէ: Հաստատագրված հարկի կիրառումը հնարավորություն է տալիս, որ մանր բիզնեսը թափ հավաքի, դառնա միջին բիզնես, ավելանա դրամաշրջանառությունը, բարձրանան աշխատավարձերը: Դրանից հետո տնտեսվարողն արդեն կանցնի ընդհանուր հարկման դաշտ՝ կվճարի շահութահարկ: Սա է բնականոն ճանապարհը: Ներկայումս հաստատագրված վճարին փոխարինում է արտոնագրային վճարը, որը իրականում կանխավճար է եւ տնտեսվարող սուբյեկտին հնարավորություն չի տալիս համարձակորեն ներդումներ կատարել եւ ծավալել ձեռնարկատիրական գործունեություն: Արտոնագրային վճարը ձեռնտու է հարկային մարմիններին, բայց ոչ՝ ձեռներեցին, ոչ՝ ՀՀ զարգացմանը:

– Իր պատգամավորական գործունեության ընթացքում Ձեր եղբայրը՝ Խաչատուր Սուքիասյանը, առաջարկում էր բիզնեսի որեւէ ոլորտ ազատել հարկային պարտավորություններից. սահմանել զրոյական հարկ՝ տվյալ ոլորտը զարգացնելու նպատակով: Օրինակ՝ կոշկեղենը, հագուստեղենը, ոսկեղենը… Կշարունակե՞ք արդյոք քայլերը՝ այս գաղափարի իրագործմանը հասնելու համար:

– Ես լիովին կողմնակից եմ այդ մոդելի կիրառմանը: Եթե ուզում ենք ձեռներեցությամբ զբաղվող մարդկանց հնարավորություն տալ զարգացնելու իրենց բիզնեսը, հաջողություն ապահովելու տվյալ ոլորտում, ապա պիտի կատարենք այդ քայլը: Կարող են առարկել, թե դրանով կվնասենք բյուջեի մուտքային մասը: Որպեսզի չվնասենք այն, կարելի է կրճատել ստվերը:

– Կառավարման ո՞ր արժեհամակարգն է ընդունելի Ձեզ համար՝ ռուսակա՞ն, արեւմտյա՞ն, ասիակա՞ն, թե՞ այլ:

– Ինձ համար ավելի ընդունելին եվրոպականն է: Մեր երկիրը սոցիալիստական համակարգից անցում է կատարում ազատ շուկայական տնտեսության: Այդ անցումը կարելի էր ավելի արագ կատարել, բայց մենք, ցավոք, դեռեւս այդ ճանապարհին ենք:

Եվրոպական արժեհամակարգի պարտադիր բաղկացուցիչներն են բարեկեցիկ կյանքը, սոցիալական երաշխիքները՝ որակյալ առողջապահությունն ու կրթությունը, ապահով ծերությունը… Այս ամենի մասին մեր երկրում երբեմն խոսում են որպես իրողություն, մինչդեռ ամենքիս է հայտնի, որ դրանք Հայաստանի քաղաքացիների համար ընդամենը պատրանքներ են, որոնցով փորձ է արվում կերակրել մարդկանց: Մեր իրականության գլխավոր հակասություններից մեկը սա է:

Հայաստանի քաղաքացիներին պատրանքներ պետք չեն, նրանք կուշտ են դրանցից: Պետք են արդյունավետ քայլեր՝ ազատ շուկայական տնտեսության խոչընդոտները վերացնելու եւ հասարակության բարեկեցության մակարդակը եվրոպականին հասցնելու ուղղությամբ:

– Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի զարգացման հայեցակարգը:

– Ձեւակերպեմ այսպես՝ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների գերակայություն: Օրենքի պարտադիր եւ անվերապահ կիրառում, որ երբեւէ չշրջանցվի այն, որ օրենքը երբեւէ չստորադասվի գերատեսչական շահին: Ավելին՝ օրենքի մեջ գերատեսչական շահի բացակայություն: Քաղաքացու եւ պետության հարաբերություններում պետք է լինի օրենքի կիրարկման հավասարություն: Օրենսդիր մարմնի հաստատմանը ներկայացվող օրինագծերում պատկառելի քանակ են կազմում կառավարության հեղինակած փաստաթղթերը: Դրանց մեջ եւս պետք է հաշվի առնվեն գլխավորապես քաղաքացիների շահերը:

Կարեւորագույն խնդիր եմ համարում անկախ փորձագետների մասնագիտական կառույցների կարծիքը, որը պիտի գնահատական տա խորհրդարանի հաստատմանը ներկայացվող բոլոր օրինագծերին՝ հաշվի առնելով թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ բիզնեսի, թե՛ պետության շահերը, ստեղծվեն դրանց համադրմամբ եւ չհակասեն մայր օրենքին՝ ՀՀ Սահմանադրությանը: Իրավաբանների, տնտեսագետների, բնապահպանների ներգրավմամբ փորձագիտական այս անկախ կենտրոնի ստեղծումը հրատապ է եւ առաջնահերթ՝ Հայաստանի համար կտրուկ առաջընթացի նախադրյալներ ապահովելու համար: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է. ամենօրյա ջանք, ազնվություն եւ խելամտություն:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30