Ի տարբերություն քաղաքական ուժերի ներկայացուցիչների (դրանց մեծ մասի), որոնք իրենց մեքենաներից գրեթե դուրս չեն գալիս եւ ամենուր հայտնվում են թիկնապահների աչալուրջ հսկողության ներքո, ես Երեւանում զբոսնում եմ հիմնականում ոտքով, «ախրանա» չունեմ, եւ մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, չեն կաշկանդվում ինձ հետ զրուցելիս, որովհետեւ գիտեն, որ ես այս կամ այն կուսակցական թիմից չեմ եւ չեմ եկել իրենց ինչ-որ բանում համոզելու: Այդ իսկ պատճառով գուցե հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մարդիկ խոսում փողոցներում: Առաջին հարցը, որ ինձ տալիս են՝ «լավ, ի՞նչ է լինելու էս ժողովրդի (ազգի, երկրի, պետության) վերջը»: Հասկանալի է, որ դա հռետորական հարց է՝ պարզապես խոսակցությունը սկսելու համար, իրականում հարց տվողները չեն ուզում ինձնից լսել պատասխանը: Մյուս կողմից՝ հատկանշական է, որ մարդիկ հարցը ձեւակերպում են «վերջի» տեսանկյունից, ենթագիտակցության մեջ ունեն «վերջի» մասին որոշակիորեն տագնապահարույց պատկերացում:
Հիմնականում մարդիկ, իհարկե, բողոքում են: Պարզ է. կյանքից գոհ մարդիկ, որպես կանոն, փողոցներում ոտքով չեն քայլում եւ լրագրողներին իրենց բողոքներով չեն դիմում: Բայց այդպիսի դժգոհություններ ես լսել եմ թե խորհրդային տարիներին եւ թե, ավելի շատ, իհարկե, մեր անկախության շրջանում: Վրդովմունքը, զայրույթը, որը սովորաբար հայտնում են իմ զրուցակիցները, հետեւյալն է. «Ինչո՞ւ պիտի էս ժողովուրդը այդքան վատ ապրի, իսկ սրանք ապրեն այդքան ճոխ»: «Ժողովուրդը» ասելով մարդիկ նկատի ունեն հենց իրենց, իսկ «սրանց» տակ առաջ հասկանում էին ռայկոմի քարտուղարներին, դատախազներին, պահեստապետերին, իսկ հիմա օլիգարխներին եւ պաշտոնյաներին:
Իհարկե, կոմունիստները կասեն, որ իրենց ժամանակ նման դժգոհություններ չեն եղել, ՀՀՇ-ականները կասեն, որ իրենց իշխանության օրոք այդ դժգոհողները քիչ էին: Վաղը, եթե այլ իշխանություն լինի, նույնը կասեն հանրապետականները: Բայց գուցե արժե մտածել, թե ինչու, ինչ պատճառով են մեր քաղաքացիներն իրենց կյանքը համեմատում թանկարժեք «ջիպեր» եւ դղյակներ ունեցողների հետ ու բողոքում դաժան, անարդար ճակատագրից, թե ինչու իրենք այդ ամենը չունեն: Հիմնական պատճառն այն է, որ ոչ մեկի մոտ կասկած չկա՝ չնչին փոքրամասնությունն իր ճոխությունը ձեռք է բերել ճնշող մեծամասնության չքավորության միջոցով: Ինչ խոսք, այդ համոզմունքն իր հիմքերն ունի: Բայց իմ տպավորությամբ՝ ամբողջ էներգիադ ծախսել հարուստներին նախանձելու եւ նրանց եկամուտները հաշվելու վրա, այնքան էլ արդյունավետ չէ: Փոխարենը կարելի է այդ էներգիայի մի մասն ուղղել «խաղաղ նպատակների» վրա՝ փորձելով ունենալ սեփական, թեկուզ շատ ավելի համեստ նվաճումները:
20 տարի ընդդիմության քարոզչության հիմքը այդ դժգոհությունն է, հասցեատերը՝ բողոքական զանգվածը: Բայց թող իշխանական կամ ընդդիմադիր կուսակցությունների հարգարժան ներկայացուցիչները չնեղանան, պիտի արձանագրեմ. իմ զրուցակիցներից ոչ մեկը որեւէ քաղաքական ուժի հետ իր հույսերը չի կապում:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ