Հանրապետական կուսակցության թեկնածուները բոյկոտել են «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները` նախընտրական քարոզարշավի գովազդային տեսանյութերը չտրամադրելով այս հեռուստւսընկերություններին: ՀՀԿ շտաբի ղեկավարի տեղակալ, Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանից մեր թերթի թղթակիցը փորձել է պարզել բոյկոտի պատճառը: «Սա չի կոչվում բոյկոտ, սա կոչվում է մեդիա պլանավորում: Շատ սահմանափակ ռեսուրսներ են և քանի որ բավականին թանկ են այդ ռեսուրսները, մենք պետք է պլանավորենք առավել արդյունավետ եղանակը և պլանավորել ենք»: Այսինքն` ուզում եք ասել ՀՀԿ-ն տեսանյութերը հեռարձակելու գումարի խնդի՞ր ունի: «Ոչ, սահմանափակում կա Ընտրական օրենսգրքով` 100 միլիոն դրամ է, պետք է ընտրենք մեր քաղաքականությունը, որը որ արդյունավետ է»: Մեր հարցին, թե արդյո՞ք դա քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ հեռուստաընկերությունները պատկանում են ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին, Հարությունյանը պատասխանել է. «Ոչ, արդյունավետության խնդիր կա, մենք վերլուծում ենք, թե որն է առավել արդյունավետ»:
«Հրապարակ»