«Հայոց աշխարհի» հարցերին պատասխանում է ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ
-Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ի՞նչ քայլեր է ձեռնարկում մայիսի 6-ին «սպասվող» զանգվածային ընտրաչարաշահումների, մասնավորապես ընտրացուցակային անճշտությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի մտավախությունները չեզոքացնելու ուղղությամբ։
-Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու տեսակետից, կարծում եմ, շատ կարեւոր է, որ կուսակցությունների եւ թեկնածուների ներկայացուցիչները, վստահված անձինք իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները, լիարժեք իրականացնեն օրենքով ամրագրված վերահսկողական գործառույթները։
Այս խնդիրը լուծելու համար նախատեսում ենք ուսուցման դասընթացներ վստահված անձանց համար, հրապարակել ենք ուսումնադիտակտիկ նյութ, առանձին ուղեցույցներ, որտեղ ներկայացրել ենք օրենքի պահանջները, դիմում-բողոքների ներկայացման կարգը եւ այլն։ Այդ ամենը տրամադրել ենք ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների լիազոր ներկայացուցիչներին, որպեսզի նոր կանոնակարգումները պարզ լինեն բոլորի համար։
Ինչ վերաբերում է «ուռճացված ընտրացուցակների» վերաբերյալ մտահոգություններին, ապա պետք է ասեմ, որ բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, բացի ընտրողների ցուցակների հրապարակայնացման այն եղանակից, որ մինչ այդ սահմանված էր, այն է` ցուցակների հրապարակում ԿԸՀ համացանցային կայքում որոնման հնարավորությամբ, ամրագրել է նոր կանոն` ցուցակների հրապարակում ոստիկանության կայքում ներբեռնման հնարավորությամբ։
Ընտրողների ռեգիստրը արդեն տեղակայված է մեր կայքում, ցուցակները փակցված են բոլոր տեղամասային կենտրոններում, ցուցակներին կից փակցված է անգամ դիմումի ձեւ` հնարավոր թերություններ, շեղումներ նկատելու դեպքում դրանք արձանագրելու եւ օրենքով սահմանված կարգով տեղամասային հանձնաժողովին ներկայացնելու համար։
Այդ ամենը, բնականաբար, ինքնանպատակ չէ. խնդիրն այն է, որ ընտրողները ոչ միայն իրազեկ լինեն ցուցակներին, այլեւ, հայտնաբերելով անճշտություններ, կարողանան պատշաճ կարգով դիմել իրավասու մարմիններին եւ հետամուտ լինել, որ թերությունները շտկվեն։
Երբ անձը ահազանգում է ընտրացուցակային անճշտությունների մասին, նշում ինչ-որ թվեր, կոնկրետ հանգամանքներ, պետք է ունենա բավարար հիմքեր եւ այդ հիմքերը պատշաճ կարգով ներկայացնի լիազոր մարմնին, որպեսզի ցուցակներում համապատասխան ճշգրտումներ արվեն։ Հակառակ դեպքում հակված եմ ենթադրելու, որ այդ հիմքերը չկան, իսկ եթե կան, բայց չեն ներկայացվում, ուրեմն այդ մտահոգություններն անկեղծ չեն։
Ասեմ, որ ցուցակները հրապարակելուց հետո մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, բազմաթիվ ճշգրտումներ են կատարվել, եւ դա եղել է ընտրական հանձնաժողովների եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համագործակցության շնորհիվ։
-Ընդդիմության հիմնական մտահոգություններից մեկը քվեարկված ցուցակների մատչելիության խնդիրն է. ընտրական գործընթացի մասնակիցներն ի՞նչ լծակներ ունեն ստուգելու եւ արձանագրելու ուրիշի փոխարեն քվեարկելու փաստերը, եթե դրանք հրապարակային չեն։
-Եթե կան նման կասկածներ` օրենքով հստակ սահմանված են այն անձինք, որոնք իրավունք ունեն ներկայացնել վերահաշվարկի դիմումներ, այսինքն` եւս մեկ անգամ նստել, դիտարկել ամբողջ գործընթացը, ստուգել ցուցակները եւ բացահայտել հնարավոր խախտումները։
Ամբողջ խնդիրն այն է, որ քվեարկված ցուցակները պաշտոնական փաստաթղթեր են, որի մեջ արձանագրված է` անձը մասնակցե՞լ է քվեարկությանը, թե՞ ոչ։ Իսկ քվեարկությանը մասնակցելը անձի իրավունքն է` նա կարող է մասնակցել, կարող է եւ չմասնակցել։
Ուրիշ բան, եթե ինչ-որ մեկը բանավոր մեկ ուրիշին բացահայտում է իր մասնակցության փաստը, որովհետեւ չկա որեւէ երաշխիք, որ անձը ներկայացնում է ճիշտ տեղեկություններ։ Իսկ այս պարագայում գործ ունենք ստորագրված ցուցակի հետ, որը գաղտնիության տարր է պարունակում, որովհետեւ ինչպես քվեարկությունն է գաղտնի, այնպես էլ` ընտրողի մասնակցությունը քվեարկությանը։
Ընդհանրապես ընտրական գործընթացի վերահսկողությունը պայմանավորված չէ միայն ընտրական ցուցակների «թափանցիկությամբ»։ Տեսեք` վաղը տեղի կունենան տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը, մինչ այդ ԿԸՀ-ը հրապարակային բաշխել էր նախագահների եւ քարտուղարների պաշտոնները։
Առաջին անգամ մենք տեղամասային հանձնաժողովներում ունենալու ենք նախագահներ եւ քարտուղարներ, որոնք ոչ թե ընտրվում են (ի վերջո, ցանկացած ընտրություն, ինչքան էլ անձը փորձի անկողմնակալ լինել, միեւնույն է, ինչ-որ տեղ կարող է ունենալ նաեւ սուբյեկտիվ մոտեցումներ), այլ օրենքի ուժով բաշխվել են խորհրդարանական կուսակցությունների միջեւ (բաշխման ծրագիրը եւ էլեկտրոնային վիճակահանության կոդերը հրապարակելու ենք)։
Այդ ծրագրի հիմքում դրված է այն մոտեցումը, որ մի կուսակցությունը ներկայացված չլինի միայն գյուղերում կամ միայն փոքր տեղամասերում, մյուսը` միայն քաղաքներում կամ խոշոր տեղամասերում, այսինքն` լիարժեք ապահովվի համաչափության սկզբունքը։ Եվ առաջին անգամ փաստորեն տեղամասային հանձնաժողովներում ունենալու ենք նախագահներ եւ քարտուղարներ նաեւ ընդդիմության ներկայացուցիչներից։
Երկրորդ՝ մենք օրենքով ուղղակի ամրագրել ենք, որ հանձնաժողովի երկու անդամների միջեւ, որոնցից մեկը հետեւում է ստորագրվող ցուցակներին, մյուսը` տրամադրում քվեաթերթիկները, նախատեսված է հատուկ աշխատատեղ վստահված անձի համար։ Ընդ որում, վիճակահանությամբ է որոշվում` ով որ սեղանի մոտ պետք է նստի։
Օրենքը նույնիսկ նախատեսել է, որ եթե մի սեղանի մոտ ե՛ւ ստորագրողը, ե՛ւ հատկացնողը խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներ են, ապա նրանց միջեւ այդ աշխատատեղը պետք է զբաղեցնի ընդդիմադիր կուսակցության կամ թեկնածուի վստահված անձը։ Անգամ եթե երկուսից մեկը ընդդիմության ներկայացուցիչ է, մեկը` «դիմության», նախապատվությունը տրվում է ընդդիմադիր կուսակցության կամ թեկնածուի վստահված անձին:
Լիլիթ Պողոսյան
«Հայոց աշխարհ»