Իշխող Հանրապետական կուսակցությունը վերջին օրերին նրբորեն շրջանառության մեջ է դնում այն թեզը, թե ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերն ընդամենը պայքարում են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար: Առաջին հայացքից լրիվ անմեղ, քարոզչության դրսևորում թվացող այս գաղափարի ներմուծումը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:
Նախ` դա նշանակում է, որ ընտրազանգվածի մնացած մասի տեր ու տնօրենն իրենք են: Եվ քանի որ վստահ են իրենց հաղթանակում, ուրեմն` ընդդիմադիր ընտրազանգվածը փոքրամասնություն է: Հետևություն` ՀՀԿ-ի անցած տարիների կառավարումից հանրության մեծամասնությունը գոհ ու երջանիկ է:
Այսպիսով, իշխանությունը վերարտադրության լեգիտիմացման հոգեբանական պաշար է կուտակում: Բայց նման թեզ առաջադրելու իրական նպատակը իշխանության կողմից հուսահատության հերթական չափաքանակի ուղարկումն է հասարակությանը` նրանց ներշնչելու, որ ինչքան էլ գլուխ ջարդեն` միևնույն է` փոքրամասնություն են և ընդամենը կարող են, ի դեմս իրենց պահանջները բյուրեղացնող ուժերի, հավակնել Աժ-ում համեստ ներկայացվածության:
Սա բացահայտորեն իրականացվող ընտրակաշառքի բաժանման էֆեկտի տրամաբանական շարունակությունն է Որոհետև ընտրակաշառքի իմաստը եւս, ոչ այնքան ձայներ գնելու մեջ է, որքան ընտրողների խեղճությունն ու անճարակությունը նրանց աչքը մտցնելու:
«Երկիր» օրաթերթ