Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Բորիկ Գրիգորյանի, մերժել է Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ իրավապաշտպան Արթուր Սաքունցի:
Լեռնապատի ղեկավարը մեղադրում էր Արթուր Սաքունցին իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու մեջ:
Վանո Եղիազարյանը հայցադիմումի մեջ նշում էր, որ 2010թ. դեկտեմբերի 8-ին Արթուր Սաքունցը հարցազրույց է տվել «Վանաձորյան խճանկար» թերթին, ասելով, որ «կոռուպցիոն» հանցագործությունների հետ կապված ահազանգերը համարժեք քննություն չեն ստանում: Վառ օրինակ էին Լեռնապատի գյուղապետի կատարած մի շարք գործողությունների վերաբերյալ ահազանգերը՝ «տեղական բյուջեի միջոցների վատնում, ինքն իրեն եւ իր ընտանիքի անդամներին գույքահարկից ազատելու որոշում» արտահայտությունները, որոնք, ըստ գյուղապետի, վնաս են հասցնում իր պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին:
Վկայակոչելով մի շարք փաստեր` դատարանը իրավական վերլուծությունների բաժնում նշում է, որ «Վանաձորյան խճանկար» թերթին տված հարցազրույցը նույնպես վկայում է այն մասին, որ պատասխանողը, արտահայտելով իր կարծիքը, կոռուպցիոն հանցագործությունների մասին որպես տեղեկատվության աղբյուր վկայակոչել է գյուղացիներից ստացված ահազանգերը` բյուջեի վատնման եւ գույքահարկից ազատելու մասին:
Կարդացեք նաև
«Գնահատելով պատասխանող Սաքունցի` թերթի միջոցով արված հրապարակային արտահայտությունը, դատարանը միաժամանակ գտնում է, որ պատասխանող Սաքունցը իրավապահ մարմինների վերաբերմունքը կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ գնահատելով բացասական ընդհանրապես, իսկ մասնավորապես որպես օրինակ անդրադառնալով հայցվորի հասցեին գյուղացիների բազմաթիվ դիմում-բողոքներին, նրանցում տեղ գտած մեղադրանքները որակել է «գործողություններ» բառով, եւ միաժամանակ նշել է, որ հարուցված է քրեական գործ, եւ ընթանում է նախաքննություն, այսինքն` ահազանգերը դեռ ենթակա են ապացուցելու»,-նշված է դատավճռում:
Դատարանը հաշվի է առել նաեւ այն հանգամանքը, որ հայցվորը, զբաղեցնելով Լեռնապատ համայնքի ընտրովի պաշտոնը, եւ լինելով հանրային գործիչ, պետք է իր վերաբերյալ կարծիքների եւ հրապարակումների նկատմամբ լինի առավել հանդուրժող:
Արթուր Սաքունցի փաստաբան Էդմոն Մարուքյանը, «Առավոտին» տված հարցազրույցում նշեց, որ եթե դատարանը բավարարեր այս հացադիմումը, դա կարող էր շատ բացասական հետեւանքներ ունենալ իրավապաշտպաններին լռեցնելու առումով:
«Կսահմանափակվեր պաշտոնատար անձանց քննադատելու միջոցով վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը: Դա մարդկանց լռեցնելու նախադեպ կդառնար»,-ասում է Մարուքյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր