«Ես ցավում եմ, որ մարդկային դժբախտությունը եւ ցավը չի սթափեցնում որոշ պաշտոնյաների, եւ նրանք փորձում են անգամ նման դժբախտությունը քաղաքականացնել»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անրադառնալով Գյումրիի քաղաքապետի՝ կայքերից մեկին տված հարցազրույցին, որում նա իր փեսայի սպանությունը համարում էր քաղաքական եւ ասում, որ ձերբակալված տղան «իր շրջապատով» ԲՀԿ-ական է:
Տիկին Զոհրաբյանը վստահեցրեց, որ ոչ ձերբակալված անձն է ԲՀԿ-ական, եւ ոչ էլ ԲՀԿ-ի որեւէ անդամ, որեւէ համակիր այդ դեպքի հետ որեւէ առնչություն ունի: «Ես , իհարկե, հասկանում եմ, որ որոշ պաշտոնյաներ երեւակայության լրջագույն ավելցուկ ունեն, սակայն, ուղղակի պարկեշտ չէ ընտանեկան ողբերգության մեջ անգամ քաղաքական դիվիդենտներ փնտրելը: Ընտրությունները գալու եւ անցնելու են, եւ պետք չէ այնպես ընկնել քաղաքական էյֆորիայի գիրկը, որ խիստ վտանգավոր հայտարարություններ անել»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա հաեւ հիշեցրեց, որ ի տարբերություն Գյումրիի քաղաքապետի, ոստիկանության Շիրակի բաժնի պետը հայտարարել էր, որ կատարվածը քաղաքական որեւէ ենթատեքստ չունի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև