Այսօր, ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Գետափ–Մարտունի միջպետական ավտոճանապարհի 4-րդ կմ–ի հատվածում իրար են բախվել Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ 37-ամյա Վահե Հակոբյանի վարած «ՎԱԶ 2105» մակնիշի 18 ԼՕ 016 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «Օպել Օմեգա» մակնիշի 26 ԼՏ 477 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Եղեգնաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել «ՎԱԶ 2105»–ի վարորդ Վահե Հակոբյանը, Հովիկ Հարությունյանը, ում ծննդյան թիվը և բնակության վայրը դեռևս ճշտվում է ոստիկանության կողմից, Մարատ Հովակիմյանը, որի տվյալները ևս ճշտվում են, 11-ամյա Հովիկ Բադալյանը, 13-ամյա Արտյոմ Բադալյանը և 3-ամյա Վոլոդյա Խաչատրյանը։
Հիվանդանոցում Վահե Հակոբյանը, գիտակցության չգալով, մահացավ։
Դեպքի վայրում են գտնվում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի քննչական բաժնի քննիչ Սամվել Սարգսյանը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ ոստիկանությունը դժվարությամբ է կարողանում հանդարտեցնել մահացածի և վիրավորների հարազատներին, քանի որ իրավիճակը լարված է։
Ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացնում Վայոց Ձորի հիվանդանոցում։