Ընտրապայքարը ընթանում է հավասար պայամաններում ու պատգամավորի թեկնածուների համար առողջ մրցակցություն կա: Այսօր Aravot.am-ին վստահեցրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Մեր հարցին, թե անհավասար պայմաններ չե՞ն ստեղծվում ընդդիմության թեկնածուների համար, որոնք խոչընդոտների են հանդիպում շտաբների համար տարածքներ վարձակալելու հարցում. «Ես ձեզնից եմ լսում, իսկ ո՞վ պետք է տրամադրեր այդ շտաբը… ես դրանք համարում եմ արհեստական տեսակետներ»:
Ինչ վերաբերում է Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը, թե իրեն՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, վախենում են շտաբի համար տարածք վարձակալության տալ ու ինքը մնացել է առանց շտաբի, պարոն Մուկուչյանը հակադարձեց. «Ես քաղաքում տեսել եմ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբ, որն ունի համապատասան ցուցապաստառներ, ցուցանակներ.իսկ դա արդեն նշանակում է, որ ներկայացված փաստերը շտաբների մասով չեն համապատասխանում իրականությանը»:
Մեր դիտարկմանը, թե հիմնականում ինքնաբացարկի են դիմում անվանի թեկնածուների հետ նույն ընտրատարածքում առաջադրվածները, պարոն Մուկուչյանը նկատեց. «Որեւէ կերպ հնարավոր չէ մարդուն զրկել ինքնաբացարկ ներկայացնելու իրավունքից… այս հարցում որեւէ արտառոց բա գոյություն չունի»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ինքնաբացարկ ներկայացնելու հետեւանքով՝ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Բալասանյանը մրցակիցներ չեն ունենալու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ