Լրահոս
Օրվա լրահոսը

Ապագա խորհրդարանը կպատժի՞ բացակայող պատգամավորներին

Ապրիլ 13,2012 18:01

Վրաստանի խորհրդարանի որոշ պատգամավորներ կզրկվեն իրենց ամսական աշխատավարձից: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, օրերս նման որոշում է կայացրել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն: Նա պատրաստվում է այդ կերպ պատժել լիագումար նիստերից բացակայող պատգամավորներին, որոնց պատճառով խափանվել է մի շարք օրինագծերի քվեարկությունը:

Aravot.am-ը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանից այսօր հետաքրքրվեց, թե ի՞նչ պատիժ է հասնում նախընտրական քարոզարշավով տարված ու արդեն քանի օր աշխատանքից բացակայող մեր պատգամավորներին: Հիշեցնենք, որ քվորում չլինելու պատճառով՝ ՀՀ Ազգային ժողովի այս քառօրյան տապալվեց:
Պարոն Նիկոյանը մատնացույց անելով աշխարհի պառլամենտների փորձը՝ ասաց. «Խոսքը վերաբերում է հանձնաժողովի նիստերից բացակայողներին եւ ազգային ժողովի լիագումար նիստում քվեարկությունից բացակայողներին, բայց եթե նիստ չի եղել եւ քվեարկություն չի եղել, այսինքն` բոլորը չեն եկել, ապա օրենքի այդ պահը չի կարող գործել: Դուք գիտե՞ք աշխարհի որեւէ պառլամենտ, որ ընտրությունից երեք շաբաթ առաջ նիստ անի»: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են այդ օրերին
նիստեր նշանակվում, երբ արդեն աշխարհի փորձն էլ ցույց է տվել, որ որպես կանոն դրանք տեղի չեն ունենալու, ԱԺ նախագահն ասաց. «Նախապես, 5 տարի առաջ օրենքի համաձայն, նիստերի օրացույցը կա, բայց երբեք էլ եւ մեր պառլամենտում, եւ աշխարհի եւ ոչ մի պառլամենտում հնարավոր չի եղել նիստ կազմակերպել ընտրություններից 3 շաբաթ առաջ»:
Ինչ վերաբերում է աշխատանքի չներկայացած ու նիստերը տապալած պատգամավորների նկատմամբ տույժեր կիրառելուն, ապա պարոն Նիկոյանը նկատեց. «Բոլոր ձեր հարցերի պատասխանը կտա ապագա խորհրդարանը, հաշվի առնելով, որ ստեղծվել է էթիկայի հանձնաժողովը, բոլոր այդ պատժամիջոցները, որը սահմանում է օրենքը, կկիրառվեն: Ե’վ աշխատավարձի ե’ւ մնացած խնդիրները, որ կան»:
Նշենք, որ ապրիլի 10-ին, 11-ին եւ 12-ին ԱԺ նիստերում պետք է քննարկվեին մարդու վերարտադրողական առողջությանը, ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքին, վարչական իրավախախտումներին, ՀՀ քաղաքացու անձնագրին, քրեական դատավարությանը, զինծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությանն առնչվող եւ մի շարք այլ հարցեր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30