Ի տարբերություն մյուս կուսակցությունների, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում, գրեթե ոչ մի նորամուծություն չի առաջարկում: ՀՀԿ-ն ծրագրում որոշ ոլորտի մասին խոսելուց, պարբերաբար նշում է «շարունակելու ենք» բառը, որից կարելի է ենթադրել, որ կուսակցությունը համոզված է իր հաղթանակում, առաջիկա 5 տարում կրկին իշխող է լինելու ու շարունակելու է սկսած գործը: Օրինակ՝ ՀՀԿ ծրագրում գրված է՝ «Շարունակելու ենք բարեփոխումները հարկային եւ մաքսային ոլորտում: Շարունակելու ենք վարել էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ այլընտրանքային էներգետիկայի նպատակային զարգացմանը միտված քաղաքականությունը: Շարունակելու ենք խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ այլ երկրների հետ: Շարունակելու ենք ավելացնել 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդին պետական աջակցության ծրագրերի ծավալները»:
ՀՀԿ ծրագրի մեխը, ինչպես վստահեցրեց նաեւ կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը, հետեւյալ կետն է. «Մեզ տնտեսական աճից բացի եւ գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր: Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների արտադրության եւ նոր ծառայությունների մատուցման վրա»:
Եթե այս տարիների ընթացքում ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես հպարտանում էր, որ տնտեսական աճ են ապահովում, որից բյուջեն է մեծանում, բազմաթիվ խնդիրներ են լուծում, ապա այս անգամ ՀՀԿ-ն խոստովանեց, որ միայն տնտեսական աճով երկիրը չի զարգանա:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Մինասյանն իրենց ծրագրի վերոնշյալ կետը մի փոքր մեկնաբանեց. «Ավելի կարեւոր նախադասություն մեր ծրագրում չկա: Իհարկե, կարեւոր է տնտեսական աճը, բայց ավելի կարեւոր է, թե տնտեսական աճի բաղադրիչները որոնք են: Տնտեսական աճում ունենք մի՞ ճյուղ, թե՞ ճյուղերի մի ամբողջ սպեկտոր, որոնք կարող են մրցակցել ե’ւ ներքին, ե’ւ արտաքին շուկաներում, որոնք կարողանում են ապահովել երկրի կայունությունը շոկերի պարագայում»:
Կուսակցության ծրագրի մեկ այլ ուշագրավ կետն էլ վերաբերում է մենաշնորհային եւ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին: Կուսակցությունը այս տնտեսվարողների գործունեության նկատմամբ հսկողություն է իրականացնելու եւ կանխարգելելու է չարաշահումները: «Վերացնելու ենք շուկա մուտք գործելու խոչընդոտները եւ ապահովելու ենք հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար»: Սա եւս ՀՀԿ խոստումներից է, որը պարբերաբար, տարբեր առիթներով հնչեցնում են: Մենք պարոն Մինասյանից հետաքրքրվեցինք, արդյոք կկարողանա՞ն վերացնել այնպիսի խոչընդոտներ, որոնք առկա են ասենք շաքարավազի կամ բուսական յուղի շուկայում, որտեղ մանր ու միջին տնտեսվարողներ պարզապես չեն կարողանում մուտք գործել: Գագիկ Մինասյանի վստահեցմամբ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ապահովի մրցակցային հավասար հնարավորություններ` անկախ նրանից սուբյեկտը գերիշխո՞ղ է, թե՞ ոչ. «Գերիշխող դիրքի չարաշահում չպետք է լինի, երբ որեւէ մեկն ուզենա մտնել, ասենք ձեր նշած շաքարավազի շուկա, կամ մեկ այլ շուկա: Ուրիշ բան, որ գերիշխող դիրքը կարող է այնպիսի գնային քաղաքականություն վարել` ոչ շուկայական հիմնավորումներից բխող, որ մի օր մյուս մասնակիցը չկարողանա գործել, այ դա պետք է կանխել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ