Այսօր «Արմատ» ակումբում բլոգեր, տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը եւ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, բլոգեր Վահրամ Միրաքյանը խոսեցին վերջերս Գյումրիում ադրբեջանական փառատոնի անցկացման դեմ ցույցի եւ փառատոնի կազմակերպիչների մասին:
Հիշեցնենք, որ Գեորգի Վանյանի կողմից ապրիլի 12-ին նախատեսված ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Գյումրիում տապալվեց հասարակության ճնշման տակ, քանի որ 20 տարի առաջ այդ օրը Մարաղայում ադրբեջանցիների կողմից սպանվել էր 53 խաղաղ բնակիչ:
Տիգրան Քոչարյանը փառատոնի կազմակերպիչների քայլը որակեց որպես անբարոյականություն եւ ազգային արժեքների պղծում. «Չափ ու սահման պետք է լինի…Դա նույնն է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում թուրքական երաժշտության փառատոն անցկացնենք»:
Կարդացեք նաև
Բլոգերի խոսքով՝ Գ. Վանյանը դիմում է սադրանքների եւ հովանավորների առաջ ներկայանում զոհի կարգավիճակով. «Նրան սատարող ադրբեջանական կայքերը վայնասուն են բարձրացրել: Բանն այն է, որ սատարելու խոսքեր են հնչել նրանց կողմից, ովքեր ցեխ են լցնում Հայաստանի եւ Ղարաբաղի վրա: Վանյանն այդ քայլը դարձրել է բիզնես եւ իր PR-ով է զբաղվում, մինչդեռ ադրբեջանցիները Խոջալուի համար ոչ ներողություն են խնդրել, ոչ էլ երբեւէ հայկական ֆիլմերի փառատոն անցկացրել»,-ասաց Տ. Քոչարյանը:
Վահրամ Միրաքյանը նշեց, որ հանդուրժողականություն պետք է սերմանել ոչ թե մեր, այլ ադրբեջանցիների շրջանում. «Ադրբեջանում տիրող հակահայկական հիստերիան մահացու է եւ տարածաշրջանի համար պայթյունավտանգ: Ադրբեջանցիները Հայաստանում խնդիր չունեն, մինչդեռ հայաստանցիների համար դժվար է նույնիսկ այդ երկիր մեկնել: Մեր բնակչությունը հիմա էլ է ցեղասպանության վտանգի տակ»,-ասաց Վ. Միրաքյանը եւ հավելեց, որ Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոնի անցկացման դեպքում Վանյանին հավանաբար կգլխատեին:
Տիգրան Քոչարյանի ձեւակերպմամբ, ԱՄՆ դեսպանատունը վաղուց դադարեցրել է հովանավորել Վանյանին, քանի որ «հասկացել է վերջինիս խեղկատակ լինելը»: Նշենք, որ Գեորգի Վանյանն ապրիլի 17-ին պատրաստվում է ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել Վանաձորում: Բանախոսները խոստացան այն նույնպես տապալել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ