Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հովանավորությամբ հիմնանորոգված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած՝ մաքսային մասնագիտացված երեք լսարանների բացումը: Համատեղ կրթական ծրագրերի իրականացման եւ ՊԵԿ նախագահի կողմից ցուցաբերած նյութատեխնիկական աջակցության համար համալսարանի ռեկտորատի կողմից ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին շնորհվեց «ԵՊՏՀ բարեկամ» պատվավոր կոչումը:
Իր ելույթում ԵՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ բուհում սկսված կրթական բարեփոխումները ոչ թե նպատակ են, այլ միջոց՝ ուղղված կրթության որակի բարձրացմանը եւ տնտեսության ոլորտում մասնագետների պատրաստմանը. «Բարձրակարգ տնտեսագետը տեսնում է ոչ միայն ներկան, այլեւ կերտում իր երկրի ապագան: Ինչպես ասել է ամերիկացի տնտեսագետ Պոլ Հեյնեն, կանխատեսելով ապագան` մենք փոխում ենք այն, քանի որ ապագան ստեղծող մարդիկ «կարդում» են մեր կանխատեսումները»,- նշեց ռեկտորը: Նա հավելեց, որ աշխարհի արագընթաց զարգացմանը զուգահեռ` պետությունների առջեւ դրվում են նոր մարտահրավերներ. «Անցյալի փորձը հուշում է, որ դրանք իրենց հետ բերում են նաեւ նոր հնարավորություններ, որոնցից օգտվելով` ապահովում ենք նոր որակի կրթություն եւ գիտություն»:
Նշենք, որ 2011թ. սեպտեմբերին վավերացված ՀՊՏՀ-ՊԵԿ համագործակցության պայմանագրով բուհում սկիզբ էր դրվել մագիստրոսական նոր ծրագրերի իրականացմանը: Արդյունքում, ֆինանսական ֆակուլտետի 210, 211, 212 լսարաններն այսուհետ կծառայեն որպես մաքսային եւ հարկային մասնագիտացված լսարաններ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ