Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու Տիգրան Գրիգորյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ընտրազանգվածի ո՞ր հատվածի հետ են հույս կապում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նշված ընտրատարածքի բնակիչների մեծամասնությունը նույն ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի ծանոթ-բարեկամներն են: Պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հանգամանքի հաշվարկմամբ հանդերձ՝ ուզում եմ ներկայացնել, որ 2007 թվականին շուրջ 60.000 ընտրողներից 25000 մարդ է մասնակցել ընտրություններին: Այսինքն՝ դեռ 35000 մարդ չի մտնում Սամվել Ալեքսանյանի բարեկամական հատվածի մեջ: Մենք շահագրգռված ենք համագործակցել երիտասարդական ընտրազանգվածի հետ, այն մարդկանց հետ, ովքեր քաղաքական ներկայիս ներկապնակում չեն տեսնում իրենց ցանկացած ներկայացուցչին»:
Պարոն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով մեր երկրի քաղաքական համակարգում տիրող բարքերը՝ արդյոք իրեն թույլ կտա՞ն մուտք գործել խորհրդարան: Պատգամավորի անկուսակցական թեկնածուն պատասխանեց. «Որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն չեմ ունեցել: Հենց դա էլ շատերին անակնկալի է բերել: Մենք նաեւ ուզում ենք այդ մշակույթը ձեւավորել, գալ, ներկայանալ հանրությանը, ասել հանրությանը, որ մենք էլ այսպիսին ենք…մարդ ունի այնքան իրավունքներ, որքան ինքն իրեն վերապահում է: Մենք թույլտվության հետեւից չենք գնացել»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ