Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «ԲՀԿ-ն միայն պաշտոնապես է ընդդիմություն, ընտրակեղծիքներին էլ մասնակցություն չունի»

Ապրիլ 13,2012 15:51

Թիվ 8 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՅԴ թեկնածու Արթուր Եղիազարյանի տան դուռը թակել են ՀՀԿ ներկայացուցիչներն ու առաջարկել ձայնը տալ Հանրապետական թեկնածուին:  Այսօր այդ մասին պատմեց ինքը՝ Արթուր Եղիազարյանը՝ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի կազմակերպած ընտրական գործընթացների թեմայով քննարկմանը: ՀՀԿ-ի անունից հանդես եկող ընտրակաշառք բաժանողները չեն հասցրել իրենց դրամական առաջարկը ներկայացնել, քանի որ, ինչպես նշեց ՀՅԴ թեկնածուն, միամտություն է դրսեւորել ու հենց դռնից է ճանապարհել՝ առանց տեսանկարահանելու:

Aravot.am-ի հարցին, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքում  մեր եւ տարբեր կայքերի կատարած հարցումները ցույց են տալիս, որ թիվ 7 ընտրատարածքում մարդիկ վստահեցնում են, որ ընտրելու են Սամվել Ալեքսանյանին, 8-ում էլ՝ կրկին Հանրապետական թեկնածուին, մարդիկ վախենո՞ւմ են տեսախցիկի առջեւ այլ պատասխան տալ, թե՞ այնտեղ իսկապես ՀԱԿ-ը կամ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ընտրազանգված չունեն՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Մեր հարցումները հակառակն են ցույց տալիս: ՀՀ քաղաքացին այսօր այնքան վախեցած է, հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում, մտածում են՝ իսկույն Սամվել Ալեքսանյանին կհայտնեն: Հիմա Սամվել Ալեքսանյանը չգիտի՝ ինչ պիտի անի, որովհետեւ այնտեղ հայտնվել է Նիկոլ Փաշինյանը, հայտնվել եմ ես»:

Արթուր Եղիազարյանը նշեց, որ ինքը հրապարակային անձ չէ, դրա համար համայնքում իրեն չեն ճանաչում, բայց երբ նկարը տեսնում են, իսկույն իմանում են՝ ում մասին է խոսքը. «Իսկապես համայնքում վախի մթնոլորտ է: Մարդը օրվա հացի խնդիր ունի լուծելու, ուղղղակի ասում են՝ շառից-փորձանքից հեռու: Իրենք համոզում են բնակչությանը, որ գնաս ընտրության, թե չգնաս՝ ոչինչ չի փոխվի»:

Քննարկմանը Վահագն Խաչատրյանը նաեւ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանը» այս ընտրական գործընթացներում ընդդիմանում է իշխանության կարկառուն ներկայացուցիչ հանրապետականին: Հարցին՝ ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է ձեր կարծիքով, նա պատասխանեց, որ պաշտոնապես՝ ոչ. «ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» պաշտոնապես հայտարարել են այդ մասին, ԲՀԿ-ն չի հայտարարել եւ առայժմ իշխանության մեջ է»:

Հարցին՝  ԲՀԿ-ն նույն խաղը այսօր չի՞ խաղում, ինչ 2008-ի նախագահական ընտրություններին՝ ՕԵԿ-ը,  դա ավելի վտանգավոր չէ՞, քան ՀՀԿ-ն՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ իրենց անկեղծությանը կասկածելու դեռեւս տեղիք չունեն. «Խախտումների դեմն առնելու հանձնաժողովի աշխատանքներում մասնակցում են եւ որեւէ պրոբլեմ չեն առաջացնում: Իրավունք չունեմ բացառելու այդ եւ Գեղամյանի դեպքերը նույն, երաշխիքներ տալ չեմ կարող, բայց ինքը համենայնդեպս այս էտապում ընտրակեղծիքներին մասնակցություն չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30