Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը քայլեր է առաջարկում ոստիկանությանը

Ապրիլ 13,2012 15:34

Ապրիլի 13-ին ՀՀ Ոստիկանությունը կազմակերպել էր «Ընտրություններին ընդառաջ» թեմայով կլոր սեղան-հանդիպում և համապատասխան հրավերներ ուղարկել ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքին: «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի ընտրական շտաբը լիազորել էր Տիգրան Սեդրակյանին` ներկայացնելու դաշինքի տեսակետները այդ միջոցառման ընթացքում: Համաձայն սահմանված օրակարգի` միջոցառման վերջում նախատեսվում էր կուսակցությունների ընտրական շտաբերի ներկայացուցիչների ելույթներ: Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստել էր հատուկ հայտարարություն` կապված ընտրությունների վերաբերյալ ՀՀ Ոստիկանության գործունեության հետ: Սակայն միջոցառման կազմակերպիչները վաղաժամ հայտարարել են քննարկումը փակված` զրկելով կուսակցությունների ներկայացուցիչներին ելույթ ունենալու հնարավորությունից:

 Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ սա ևս մեկ վկայություն է, որ ՀՀ Ոստիկանությունը իրականում զբաղված է ընտրությունների արդարության մասին դատարկ պրոպագանդայով և ոչ մի ցանկություն չունի իրական համագործակցություն ծավալել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ` ապահովելու համար դրանց օրինական ընթացքը:

 Ստորև ներկայացնում ենք այն հատուկ հայտարարությունը, որ նախատեսված էր հրապարակել միջոցառման ընթացքում:

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Ոստիկանությունն անցած մի քանի ընտրություններում եղել է ընտրական իրավախախտումների զգալի մասի պատասխանատուն.

 – սպառնալիքների միջոցով ահաբեկել է ընդդիմության վստահված անձանց, ինչպես նաև  անկախ դիտորդներին,

 – աչք է փակել կամ ուղղակիորեն աջակցել է լցոնումներին, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ թույլ տրված բռնարարքներին, քաղաքական հետապնդումների նպատակով կազմակերպել և կորզել է կեղծ ցուցմունքներ,

 – խոչընդոտել է նախընտրական քարոզչության իրականացմանը, հետապնդումների և բռնությունների ենթարկել ընդիմադիրներին, առգրավվել է բարձրախոսներ և այլ քարոզչական գույք,

 – խոչընդոտել է օրենքով սահմանված հավաքների անցկացման ազատության իրացմանը,

 – Հրազդան համայնքի ղեկավարի վերջին ընտրությունների նախաշեմին զբաղվել է քաղաքացիների հաշվառումների ավելացումներով, որի հետևանքով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 2008 թվականի համեմատ արհեստականորեն ավելացել է 2571 ընտրողներով

 Այսօր էլ բազմաթիվ ահազանգներ և մամուլի հրապարակումներ կան այն մասին, որ

 – Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունն ապօրինաբար արգելափակում է Երևան տանող ճանապարհները և կազմալուծում հանրային տրանսպորտի աշխատանքը, ոտնահարելով քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը,

 – ՀՀ-ում զանգվածաբար հաշվառման են վերցվում հասցեներում փաստացի չբնակվող քաղաքացիներ, այդ թվում նաև` Վրաստանի քաղաքացիներ,

 – ոստիկանության հովանավորչությամբ ընտրությունների նախաշեմին ստեղծվում են բազմակի քվեարկող մարդկանց խմբեր,

 – ոստիկանությունը հանցավոր անգործություն է ցուցաբերում կամ ուղղակիորեն պարտակում է զանգվածաբար ընտրակաշառքի բաժանման և այդ նպատակով անձնագրերի կամ պատճենների հավաքման փաստերը, ինչի պերճախոս վկայությունն է, որ հակառակ այդ երևույթների համատարածության մեկ դեպք անգամ արձանագրված չէ ոստիկանության կողմից։

 Ոստիկանության գործողություններն անցյալում, ինչպես նաև ներկայիս ժամանակաշրջանում ցույց են տալիս, որ մենք գործ ունենք հիմնովին կոռումպացված, ընտրակեղծիքների գործում հմտացած մի համակարգի հետ, որի հավաստիացումները` օրինական ընտրությունների անցկացման մասին որևէ վստահություն չեն ներշնչում։

 Նման պայմաններում, մենք այնուամենայնիվ ելնելով ընտրությունների նկատմամբ հանրային վերահսկողության ամրապնդման նկատառումներից, առաջարկում ենք ՀՀ ոստիկանությանը անցկացնել հետևյալ աշխատանքը, որը կնպաստի գալիք ընտրությունների նկատմամբ վստահության հաստատմանը.

  – Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքի կենտրոնական ընտրական շտաբին տրամադրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից վերջին մեկ տարվա վիճակագրությունը` ըստ համայնքների տրամադրված անձնագրերի և հաշվառման վերցված քաղաքացիների վերաբերյալ,

  – քրեական հետապնդում իրականացնել` ընտրակեղծիքների նպատակով բազմաթիվ մարդկանց  մեկ հասցեում հաշվառած ՀՀ քաղաքացիների նկատմամբ,

  – լայնածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ իրականացնել ՀՀ տարածքում ընտրակաշառքի բաժանման դեպքերը բացահայտելու ու բացառելու ուղղությամբ,

    – լինելով ընտրողների ցուցակների կազմման, ուստի նաև դրանց ճշգրտության պատասխանատուն և օգտվելով օրենքով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորություններից ու միջոցներից` բնակչության պետական ռեգիստրից և ընտրացուցակներից հանել ՀՀ-ից մշտապես բացակայող շուրջ 700.000 հազար քաղաքացիներին։

  Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30