Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՎԵՐՋ ԵՎ ՍԿԻԶԲ

Ապրիլ 13,2012 16:29

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ վեցերորդ

ՎԵՐՋ ԵՎ ՍԿԻԶԲ

Չնայած Նազենիի էդ հաղորդման կրկնությունը չհաջողացրի տեսնել, Կարենի ու իր նորաստեղծ ընտանիքի մասին գուցեեւ ձեզ ավելի շատ տեղեկություններ հայտնեցի, քան Նազենին ու իր հաղորդման էս երկու հերոսներն են հեռուստադիտողներին հայտնել, եւ վանաձորցի բանաստեղծուհի Անթառանյան Լենան էլ  էս միանգամայն  չափահաս նորապսակների մասին ինձ էսքան  տեղեկություն չէր հաղորդել՝ ինչքան որ ձեր խոնարհ ծառան իր էս վերջին մի քանի էջերում հաղորդեց, եւ դա միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետեւ ես Ջանիբեկյան Կարենին ճանաչելով՝ չէի կարող ինձնից ինչ-որ բան չավելացնել վանաձորցի բանաստեղծուհի Անթառանյան Լենայի պատմածին, եւ դրան էլ գումարած՝ գրողական երեւակայությունս, որն իրականում շատ ավելին է, քան՝ Կարենի էս ամենավերջին ամուսնության առթիվ էս վերջին էջերիս մեջ դրսեւորվեց, որովհետեւ  երբ հերոսներդ  վեպիդ մեջ իրենց իրական անուններով են հանդես գալիս, ոչ միայն իրականությունից չափից ավելի շեղվելու իրավունք  չունես, այլեւ պարտավոր ես հերոսներիդ քիմքին հաճելի բաներ գրել, մանավանդ իմ դեպքում, երբ հերոսներիցս իրենց մասին գրելու իրավունք դեռեւս չեմ կորզել, բայց մանավանդ էս հարցում  մեղք չունեմ, որովհետեւ երեկ եւս մի անգամ էդ նպատակով Սունդուկյանի թատրոն մտա եւ եւս մի անգամ էնտեղ Կարենին չգտա, եւ հիմա արդեն ենթադրում եմ, որ Ջանիբեկյան Կարենի էս հերթական երջանկությունն էնքան հագեցած է, որ Կարենը նույնիսկ թատրոնն է մոռացության մատնել, բայց, խոսքը մեր մեջ, երեկ արդեն Սունդուկյանի թատրոն մտա ոչ թե Կարենից իր էս ընթացիկ երջանկության մասին գրելու իրավունքը կորզելու, այլ ընդամենը իրազեկելու  ու տեղեկացնելու, որ իր էս նորագույն երջանկության մասին արդեն գրել եմ, եւ էս պատմության մեջ թերեւս ամենահետաքրքիրն էն է, որ Ջանիբեկյան Կարենի կյանքի էս նորագույն ընկերուհուն չեմ էլ տեսել, որովհետեւ հիվանդությանս  ու ջերմությանս պատճառով չկարողացա Նազենիի էդ հաղորդման կրկնությունը նայել, բայց, ինչպես տեսաք, դա ինձ բնավ չխանգարեց, որպեսզի Կարենի ու Լիանայի էդ կեսգիշերային խոսակցությունն ամենայն մանրամասնությամբ մեջբերեի, ինչպես նաեւ՝  իրենց ողջ բջջային լռությունը, եւ իրենց էդ կեսգիշերային խոսակցությունը չշարունակեցի, որովհետեւ մնացյալը լռություն էր, եւ վերջին ու ամենամեծ լռությունից հետո Կարենը Լիանային անսպասելի ասաց՝ «բարի գիշեր, սիրուն ջան», եւ Լիանան անակնկալի  գալով ասաց՝ «բարի գիշեր» եւ բավական ժամանակ բջջայինը չէր անջատում, որովհետեւ Կարենն էլ չէր անջատում, եւ երբ Կարենն առանց  որեւէ բառ ասելու անակնկալ անջատեց, Լիանան նոր միայն նայեց ու տեսավ, որ ամուսինը ննջարանի դռանը կանգնած՝ սեւեռուն իրեն է նայում, եւ երբ Լիանան հեռախոսը մի կողմ դրեց, ամուսինը մի քիչ էլ էդպես կանգնած մնաց, հետո արհամարհական նայեց Լիանային ու ոչինչ չասելով՝ մտավ  ննջարան. այսինքն, ամուսնու ոզածն էն էր, որ Լիանան հասկանար, որ ինքն էդ ամբողջ ընթացքում քնած չի եղել եւ ամեն ինչ լսել է, եւ չնայած էդ բջջային խոսակցության ամբողջ ընթացքում Լիանան որեւէ ավելորդ բան չէր ասել, այդուհանդերձ, իրեն մեղավոր էր զգում, որովհետեւ էդ պահին չէր էլ գիտակցում, որ ինքն էդ  ամբողջ խոսակցության ու էդ ամբողջ լռության ընթացքում որեւէ ավելորդ բան չի ասել, եւ չնայած էդ բանն էդ պահին չէր գիտակցում, այդուհանդերձ, մտադիր էլ չէր ամուսնու առաջ արդարանալ, եւ երբ ամուսինն արհամարհական նայելով, ոչինչ չասելով ու դուռը հետեւից շրխկացնելով մտավ ննջարան, Լիանան հասկացավ, որ դա վերջն է, ավելի ճիշտ՝ սկիզբը, սկիզբը՝ անորոշության ու ամեն ինչի, որովհետեւ, չնայած ինքն էդ ամբողջ խոսակցության ընթացքում որեւէ ավելորդ բան չէր ասել, ամուսնու երեւակայությունը հաստատ կհերիքեր՝ հստակորեն պատկերացնելու, որ էդ հեռախոսային խոսակցության ամբողջ ընթացքում ինչ-որ մեկն իր կնոջը լիքը ավելորդ բաներ է ասել, եւ ամուսնու արհամարհական հայացքը հենց էդ էր ասում, եւ չնայած ամուսնու էդ արհամարհական հայացքը չափազանց վիրավորական էր, եւ չնայած առաջինը լինելով՝  էդ հայացքը պիտի որ խոցելով չափազանց թունդ վիրավորեր դեռեւս Ջանիբեկյան Կարենին չսիրահարված Լիանային, այդուհանդերձ, Լիանան ոչ միայն վիրավորանք, այլեւ որեւէ այլ բան չզգաց, ավելի ճիշտ՝ Լիանան կատարյալ երանություն զգաց, բայց երանությունն զգաց մի քանի ակնթարթ հետո՝ երբ ամուսինը վերստին ննջասենյակ մտնելով՝ դուռն արդեն հետեւից շրխկացրել էր, իսկ մինչ այդ Լիանան սպասման մի քանի չափազանց ծանր ակնթարթներ ապրեց՝ ամուսնու արհամարհական հայացքի ողջ տեւողությամբ, եւ երբ ամուսինը վերստին ննջասենյակ մտնելով՝ դուռը հետեւից շատ ուժեղ շրխկացրեց, Լիանան անմիջապես հայտնվեց աննախադեպ ու անսպասելի երանության մեջ. անսպասելի, որովհետեւ իրեն մի պահ թվաց թե՝ ամուսնու արհամարհական հայացքը հավերժորեն շարունակվելու ու վերջ չի ունենալու, եւ երբ ամուսինը վերստին ննջասենյակ մտնելով՝ ննջասենյակի դուռը հետեւից շատ ուժեղ շրխկացրեց, Լիանան հասկացավ, ավելի ճիշտ՝ զգաց, որ ամուսնու  էդ արհամարհական հայացքն ամեն ինչի վերջն է, ավելի ճիշտ՝ ամեն ինչի սկիզբը, եւ չնայած էդ վերջն ու էդ սկիզբը միախառնված լինելով՝ դեռեւս իրարից զատված չէին, եւ չնայած Ջանիբեկյանի հանդեպ առաջացած որեւէ զգացմունք դեռեւս չկար, Լիանան չափազանց հստակ զգաց ամեն ինչի վերջն ու  ամեն ինչի սկիզբը, որովհետեւ երբ դուռը  հետեւից շատ ուժեղ շրխկացնելով՝ ամուսինը վերստին ննջասենյակ մտավ, էդ պահից սկսած՝ Լիանան արդեն Ջանիբեկյան Կարենի զանգին էր սպասում, եւ քիչ անց պարզվեց, որ իր էդ սպասումն առանձնապես անհիմն չէր, որովհետեւ ամուսնու էդ արհամարհանքից ու դուռը շրխկացնելուց ընդամենը մի քանի րոպե անց Լիանայի բջջայինը վերստին Լիանայի հոր սիրած մեղեդին նվագեց, եւ չնայած Լիանայի բջջայինի վրա միանգամայն այլ համար գրվեց, Լիանան ավելի քան վստահ էր, որ  զանգողը վերստին ժողովրդական դերասանն է, ու էդպես էլ կար, եւ երբ Լիանան ասաց՝ «լսում եմ», Կարենն իր խռպոտ ու արդեն հարազատ ձայնով ասաց՝ «խոսալով ընկանք, մոռացա բարի գիշեր ասեմ», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «ասել ենք», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ենք ասել», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «բարի գիշեր», եւ Կարենն ավելի զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ենք ասել», եւ Լիանան պատի ժամացույցին նայելով ասաց՝ «ուղիղ տասնմեկ րոպե առաջ», եւ Կարենը որոշ դադարից  հետո հարցրեց՝ «ես քեզ բարի գիշեր ասե՞լ եմ», եւ Լիանան պատասխանեց ու ասաց՝ «դու ինձ ես ասել, ես էլ՝ քեզ», եւ որոշ դադարից հետո Կարենն ասաց՝ «չեմ հիշում», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «ես հիշում եմ», եւ որոշ դադարից հետո Կարենն ասաց՝ «դե լավ. էս անգամ իսկականից բարի գիշեր», եւ Լիանան ժպտալով ասաց՝ «իսկականից բարի գիշեր», բայց Կարենը հեռախոսը չանջատեց, եւ Լիանան էլ չէր անջատում, եւ Կարենը որոշ դադարից հետո հարցրեց՝ «որ ըսենց դեպքից  դեպք զանգեմ՝ ոչի՞նչ», եւ Լիանան մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ոչինչ», եւ Կարենը  որոշ դադարից հետո ասաց՝ «էս ուրիշի հեռախոսով եմ զանգում», եւ Լիանան ասաց՝ «հա. ուրիշ համար գրվեց», եւ Կարենը ծիծաղելով ասաց՝ «հիմի իսկականից բարի գիշեր, Լիանա ջան», եւ Լիանան ծիծաղելով ասաց՝ «իսկականից բարի գիշեր», եւ Կարենը հեռախոսն անջատեց, եւ չնայած ննջասենյակի դուռը փակ էր, պարզից էլ պարզ էր, որ ամուսինը քնած չի, բայց Լիանան չէր շտապում ամուսնու առաջ արդարանալ, որովհետեւ իսկապես որեւէ վատ բան չէր արել, չնայած հասկանում էր, որ ամուսնու վիճակն իր վիճակից անհամեմատ բարդ է, բայց, հասկանալով հանդերձ, չէր էլ շտապում ամուսնուն էդ վիճակից հանել, ավելի ճիշտ՝ էդ ամբողջ ժամանակ ու հետագայում էլ ինքը հիմնականում իր վիճակի մասին էր մտածում, որովհետեւ իր վիճակն էլ էր առանձնապես բարդ՝ թեկուզեւ էն առումով, որ իրենց ամուսնական կյանքի ողջ ընթացքում էդ առաջին դեպքն էր, որ օտար տղամարդու հետ էր խոսում՝ թեկուզեւ հեռախոսով, եւ չնայած Կարենին ընդամենը մի անգամ  թատրոնում էր տեսել, եւ չնայած հիմա էլ ընդամենը հեռախոսով հետը խոսեց, եւ չնայած էդ ամբողջ խոսակցության ու էդ ամբողջ լռության ընթացքում ինքը որեւէ ավելորդ բան չէր ասել, այդուհանդերձ, ինքն ամուսնու վիճակի ողջ անհեթեթությունն ու բարդությունը լավ էլ հասկանում էր, բայց, հասկանալով հանդերձ, նաեւ հասկանում էր, որ եթե ինքն ամուսնու առաջ սկսի արդարանալ, դրանից  իրավիճակն  ավելի կբարդանա ու ավելի  կլրջանա, ու էդ մասին մտածելով՝ Լիանան ակամա իրեն համեմատեց Դեզդեմոնայի, իսկ ամուսնուն՝ Օթելոյի հետ, ու էդ  ներկայացումը՝ որ տարիներ առաջ դասարանով եկել Երեւան ու Սունդուկյանի թատրոնում տեսել էին, ամբողջովին վերականգնվեց Լիանայի մտապատկերում ու աչքերի առաջ,  եւ չնայած Խորեն Աբրահամյանն արդեն չկար, Խորեն Աբրահամյանի Օթելոն ողջ հասակով Լիանայի մտապատկերում ու աչքերի առաջ էր, եւ չնայած Դեզդեմոնայի դերասանուհուն անունով չէր հիշում, իր անմեղությամբ ու անտարբերությամբ Դեզդեմոնան էլ էր Լիանայի մտապատկերում ու աչքերի առաջ, եւ ինքն իր մտքի  մեջ ամուսնուն Օթելոյի եւ իրեն Դեզդեմոնայի հետ համեմատեց ու էդպես բավական ժամանակ շարունակում էր համեմատել, որովհետեւ  էդ պահին ինքն առնվազն Դեզդեմոնայի չափ անմեղ էր, եւ ամուսինն էլ Օթելոյից  բեթար կասկածամիտ էր, որովհետեւ, եթե Օթելոյի  ու Դեզդեմոնայի դեպքում ինչ-որ  թաշկինակի հանգամանք գոյություն ուներ, իրենց դեպքում էդ հանգամանքն էլ չկար. այսինքն, իրենց դեպքում խանդելու որեւէ պատճառ չկար, եւ եթե Օթելոյի ու Դեզդեմոնայի դեպքում  թշնամի ու գլխներին սարքող կար, իր ու իր ամուսնու դեպքում որեւէ սադրող չկար, մինչդեռ ամուսնու աչքունքից խանդն ու կասկածը հորդում էին, ավելի ստույգ՝ դա ոչ թե կասկած էր, այլ՝ հարյուրտոկոսանոց համոզվածություն. այսինքն,  ճիշտ ու ճիշտ Օթելոյի տարբերակն էր, իսկ իրենը՝ Դեզդեմոնայինը, բայց դա ամենասկզբում էր, եւ իրադարձությունների ընթացքն իրեն միանգամայն այլ ուղղությամբ էր տանելու, եւ շատ շուտով պարզվելու էր, որ ինքն ամենեւին էլ Դեզդեմոնա չի, եւ ամուսինն էլ Օթելոյից է ահագին տարբեր, որովհետեւ  հետագայում ամուսինը ոչ միայն պատմություն չսարքեց, այլեւ ամբողջ ժամանակ Լիանային անտարբերության սառը ցնցուղի տակ էր պահում, ու էդ անտարբերությունն ավելի ահավոր էր, քան նույնիսկ՝ Օթելոյի կատաղությունը, եւ մի օր էլ, երբ ամուսինը դրսի իր գործերով էր, Լիանան իրերը հավաքեց, աղջկան վերցրեց եւ խոհանոցի սեղանին մի չափազանց կարճ երկտող թողնելով՝ թռավ Երեւան, եւ չնայած ասացի, որ Լիանայի ամուսնու խանդը միանգամայն անհիմն ու անտեղի էր, Կարենի ու Լիանայի էդ առաջին գիշերվա բջջային խոսակցության պահերին էր էդպես, որովհետեւ հաջորդ իսկ օրն ու հաջորդող օրերին Կարենի ու Լիանայի բջջային հարաբերություններն առավել ազատ, առավել անկաշկանդ ու առավել  արդյունավետ  շարունակվեցին, որովհետեւ էդ առաջին գիշերվան հաջորդած օրերին Կարենն արդեն ցերեկներն էր զանգում, եւ դա Լիանայի ցուցումով էր, որովհետեւ ցերեկները, երբ ամուսինը գործերով դուրս էր եկած լինում, Լիանան իր բջջայինով ոչ միայն լսում էր Կարենին, այլեւ իր կողմից էլ էր որոշ բաներ ասում, եւ, փաստորեն, սիրային խոսակցության պես բան էր ստացվում՝  անհամեմատ ավելի էական ու որոշակի, քան՝ առաջին գիշերվա իրենց բջջային խոսակցությունն էր. այսինքն, առաջին բջջային գիշերվան հաջորդած ցերեկն ինքն արդեն Դեզդեմոնա չէր, որովհետեւ արդեն անհամբերությամբ ու սրտի թրթիռով էր Կարենի բջջային զանգին սպասում, եւ ամուսինն էլ Օթելո չէր՝ ոչ միայն էն պատճառով, որ ամուսինը սպիտակամորթ էր եւ կարողանում էր զսպվածություն հանդես բերել, այլեւ էն պատճառով, որ իր ոչ սեւամորթ ամուսինը, ի տարբերություն հանրահայտ մավրի, ոչ թե առանց պատճառի էր կնոջը խանդում, այլ՝ միանգամայն լուրջ ու հիմնավոր պատճառով, եւ եթե խանդից չէր գոռգոռում ու ճվճվում, էդ արդեն իր դաստիարակության հետ էր կապված, ինչպես նաեւ՝ մաշկի գույնի հետ,  եւ չնայած Լիանայի ամուսինն էլ առանձնապես սպիտակամաշկ չէր, ամուսինը սեւ էր ընդամենը ռուսների համեմատ, եւ չնայած հաջողացնում էր զսպվածություն հանդես բերել, այնուամենայնիվ, եղավ մի պահ, որ Լիանայի վրա ամուսնու էդ զսպվածությունն ավելի էր ազդում, քան եթե՝  Օթելոյի պես գոռգոռար ու կուրծք ծեծեր, որովհետեւ շատ դեպքերում ամուսնու էդ բազմանշանակ լռությունն ավելի պերճախոս էր, քան՝ Օթելոյի ցանկացած մենախոսություն, եւ երբ ամուսնու լռությունն ամբողջովին վերածվեց արհամարհանքի, էդ արդեն դիմանալու բան չէր, եւ մի օր էլ Լիանան իրերը հավաքելով ու խոհանոցի սեղանին մի չափազանց կարճ երկտող թողնելով՝ աղջկա հետ թռավ Հայաստան, ավելի ստույգ՝ Երեւան, որովհետեւ ինքնաթիռի մեջ երկարբարակ մտածելով՝ վերջնականապես հասկացավ, որ աղջիկն ու մանավանդ ինքը գյուղում որեւէ անելիք չունեն, ու էդպես մտածելով՝ հանգիստ խղճով  հայտնվեց Երեւանի իր հորաքրոջ տանը, եւ հորաքույրն ու հորաքրոջ տղան իրենց գրկաբաց ընդունեցին, եւ չնայած հորաքրոջ հարսն առաջին պահերին քթովմռթով էր, շուտով հարսն էլ փափկեց, որովհետեւ Լիանան իրենց ընտանեկան բյուջեի վրայից երկու հազար հինգ հարյուր դոլար վերցրել էր, եւ Մոսկվա-Երեւան թռիչքից հետո  երկու հազարի չափ մնում էր, եւ երբ իրերն ու աղջկան հորաքրոջ տանը թողնելով՝ Լիանան մտավ հորաքրոջ տան դիմացի SAS մթերայինն ու շատ շուտով բեռնավորված վերադարձավ, արդեն  մեկից հարսն էլ փափկեց ու հանգստացավ, բայց, այդուհանդերձ, Լիանան բարեկամի շնչին  նստողներից չէր, եւ աղջկա հետ առավոտ շուտ տնից դուրս էր գալիս եւ իրիկվա կողմ լիքը ձեռքերով վերադառնում էր, եւ, փաստորեն, դժգոհ կողմ չկար, եւ միակ դժգոհը Լիանան էր, եւ Լիանան էլ ոչ թե կոնկրետ էդ պահերի իր վիճակից էր դժգոհ, այլ՝ ընդհանրապես իր բախտից, եւ իր բախտից էլ կոնկրետ էդ պահերին էր դժգոհ եւ ոչ թե՝ ընդհանրապես, բայց առաջին օրերին նույնիսկ իր բախտից դժգոհելու ժամանակ չէր ունենում, որովհետեւ մայրաքաղաք Երեւանում ահագին տեսնելու բան կար՝ որ Լիանան չէր տեսել, եւ առավել եւս՝ աղջկան ցույց տալու ահագին բան կար՝ մանավանդ արվեստի բնագավառից, եւ ամենասկզբում աղջկա հետ Պատկերասրահը ծայրեծայր տեսան, եւ քանի որ նախ Պատկերասրահում ու հետո Պատմության թանգարանում տեսնելիքը շատ էր, էդ երկուսի միջանցքներում մի քանի օր ֆռֆռացին, դրանից հետո էլ՝ Սարյանի ու Թումանյանի թանգարանները չափչփեցին, ու ձեռի հետ նաեւ Երեւանն ահագին տեսան, ավելի ճիշտ՝ Երեւանի էն տեղերը, որոնք արժեր տեսնել, բայց, էդ բոլորով հանդերձ, ամենազիլը Փարաջանովի թանգարանն էր, եւ ռուսաստաններում ու մանավանդ Մոսկվայում ահագին բան տեսած Լիանայի աչքերը Փարաջանովի թանգարանում վերջնականապես բացվեցին եւ ամբողջ օրը չռված  մնացին, եւ երբ երեկոյան կողմ հսկիչն ասաց, որ թանգարանը փակում են,  Լիանան զարմացած հարցրեց՝ «էսքան շո՞ւտ», եւ հսկիչը ժպտալով ասաց՝ «վաղն էլ կարող եք գալ», եւ Լիանան ասաց՝ «անպայման կգանք», եւ հաջորդ օրն էլ առավոտից իրիկուն նայեցին ու տնտղեցին Փարաջանովի էդ ամբողջ ստեղծածը, եւ երկրորդ օրվա վերջում էլ Լիանան չուզենալով լքեց Փարաջանովյան  էդ տարածքը՝ հաստատ մտադրությամբ, որ հաջորդ օրն էլ կգան, եւ հաջորդ օրն էլ եկան ու աղջկա հետ ամբողջ կիրակին անցկացրին հրաշալիքների էդ տարածքում, եւ ամբողջ կիրակի Լիանան մտածեց, որ ինքն էս կյանքում նկարիչ պիտի դառած լիներ, ու նաեւ մտածում էր, որ եթե ինքն էլ Փարաջանովի պես առարկաներ ու առարկաների մասեր հավաքելով՝ կցմցեր իրար, միգուցե իր կցմցածն էլ հետաքրքիր ստացվեր, որովհետեւ ինքն էլ հորական տատի ու Փարաջանովի պես հին իրերից  դժվարությամբ էր բաժանվում ու հրաժարվում, մինչդեռ մայրը հնություններից  ու իրենց տան հնոտիից շատ հեշտ էր հրաժարվում ու բաժանվում, ու էդ կապակցությամբ սկեսուրի ու հարսի միջեւ մշտապես վեճեր էին առաջանում, եւ հատկապես էդ հարցում Լիանան տատի կողմն էր, եւ ահա Փարաջանովն էլ էր իր կյանքի ուղեկից առարկաներն ամբողջ կյանքում փայփայել ու գուրգուրել՝ էդ առարկաների վրա մշտապես դողդողալով, եւ ահա էդ առարկաները Փարաջանովի գուրգուրանքի ու հոգածության շնորհիվ միանգամայն նոր շունչ, նոր կյանք  եւ նույնիսկ նոր էություն էին ստացել, եւ ահա՝ իրենց շունչ, կյանք ու էություն տվողից էլ երկար էին ապրել, եւ, որ շատ կարեւոր է, շարունակում էին ապրել, եւ, որ շատ ավելի կարեւոր է, հետագայում ու միշտ էլ ապրելու էին՝ իրենց ապրեցնողին եւս ապրեցնելով ու հավերժացնելով, եւ երեք օր շարունակ Փարաջանովի էդ վերամարմնավորումների դեմ քարացած ու համրացած կանգնելով ու նստելով՝ երրորդ օրվա կեսին Լիանան թանգարանի տնօրեն Զավենի ուշադրությանն արժանացավ, որովհետեւ Զավենը երեք օր շարունակ անցնելիս ու դառնալիս Լիանային քարացած ու համրացած տեսնելով՝ մոտեցավ ու ցանկացավ  Լիանայի ով լինելն իմանալ, եւ Լիանան իր մասին Զավենին ահագին բան պատմեց՝ ներառյալ իր ու Կարեն Ջանիբեկյանի առնչության մասին, եւ Զավենը երրորդ օրվա երկրորդ կեսին Լիանային կոնյակ ու սուրճ հյուրասիրեց, այնուհետեւ Լիանայից թաքուն զանգեց Ջանիբեկյան Կարենին, եւ դեռ էդ անմահական կոնյակն էին ըմբոշխնում, երբ հանկարծ դռների մեջ շողշողաց Կարեն Ջանիբեկյանի պայծառ ու ճառագայթող դեմքը, եւ եթե Զավենը հեռախոսով Կարենին ասած չլիներ, որ Լիանան իրենց թանգարանում է, Կարենը դժվար թե ճանաչեր Լիանային, որովհետեւ ընդամենը մի անգամ ու ընդամենը մի քանի րոպե էին իրար տեսել՝ երբ Լիանան մի քանի րոպեով թատրոն մտել եւ իր թղթապանակը հանձնել էր Կարենին, եւ ահա Փարաջանովի թանգարան մտնելով՝ Կարենը Լիանային գրկեց, համբուրեց ու ասաց՝ «էդ ինչի՞ զանգերիս չես պատասխանում, ա՛յ ախչի» եւ հռհռալով ավելացրեց՝ «հայ-հայ էր՝ առանց քեզ պրեմիերա անեինք»:

 

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30