Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան էսքիզներ

Ապրիլ 13,2012 14:27

Հայաստանցի դպրոցականներն ու ուսանողները հյուրընկալվեցին արցախյան մանկապարտեզում, դպրոցում եւ զորամասում

«Երիտասարդության կամք» երիտասարդական հ/կ-ն օրերս նախաձեռնել էր ռազմահայրենասիրական ծրագիր դեպի Արցախ՝ նվիրված Մատաղիսի ազատագրման 18, եւ Հայկական բանակի 20-ամյակներին: «Երիտասարդության կամքի» պատվավոր անդամ Արման Զոհրաբյանը զոհվել էր Մատաղիսի ազատագրման համար մղվող մարտում: Ծրագրին մասնակցեցին Երեւանի թիվ 50 դպրոցի (դպրոցի ՆԶՊ դասարանը կրում է Արման Զոհրաբյանի անունը) 12-րդ դասարանի 10 աշակերտ, բուհերի զորակոչային տարիքի 10 երիտասարդ, կազմակերպության անդամները, հերոսի մարտական ընկերներն ու հարազատները:

Ժամանելով սահմանամերձ Մատաղիս գյուղ՝ երիտասարդներն այցելեցին տեղի մանկապարտեզ, որին նվիրեցին տեսաձայնագրիչ, խտասկավառակներ եւ գրականություն, իսկ երեխաները հանդես եկան ասմունքով եւ երգերով: Մատաղիսի մանկապարտեզն ունի 27 սան: «Առավոտի» հետ զրույցում դաստիարակչուհի Լիանա Հարությունյանը նշեց, որ մանկապարտեզի սաների թիվը տարեցտարի ավելանում է: Թիվ 50 դպրոցի 12-րդ դասարանցիները դպրոցական պայուսակներ նվիրեցին երեխաներին: Թիվ 50 դպրոցի տնօրեն Սոս Վարդանյանը ցանկացավ, որ մատաղիսցի առաջին դասարանցիների թիվն ամեն տարի ավելանա, մեր ազգն էլ ավելի ամուր լինի, իսկ Հայաստան-Ղարաբաղ տարանջատումը վերանա: Կարեւորելով երիտասարդության ներուժը երկրի զարգացման գործում՝ «Երիտասարդության կամքի» նախագահ Աննա Գրիգորյանը նշեց, որ հենց մանկապարտեզից պետք է հայրենասեր սերունդ դաստիարակել: Խումբն այցելեց նաեւ Մատաղիսի դպրոց, որտեղ բացվեց զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված փառքի անկյուն, ամփոփվեցին Մատաղիս եւ Տոնաշեն գյուղերի դպրոցների աշակերտների միջեւ նախօրոք հայտարարված «Ես եմ իմ երկրի ժառանգորդն ու տերը» թեմայով շարադրության արդյունքները: Դպրոցին նվիրվեց հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական գրականություն, խտասկավառակներ, 200 անուն գեղարվեստական գրականություն, սպորտային գնդակներ եւ պարագաներ: Ղարաբաղյան պատերազմի ականատես եւ դպրոցի դասվար Նելլա Գասպարյանը, ով 1994թ. Մատաղիսի գյուղապետն էր, 18 տարի անց կրկին հանդիպեց ու գրկեց ազատամարտի մասնակից Սրապիոն Գեւորգյանին, ով խմբի հետ Արցախ էր ժամանել: Մատաղիսի պաշտպանության ժամանակ նա ընդամենը 17 տարեկան էր: «Երանի այդ օրերին, թեկուզ եւ կրակի եւ մահվան վտանգի տակ էինք… Ամեն կերպ օգնում էինք իրար՝ դպրոցը հիմնել, որպեսզի գյուղում զանգի ձայն հնչի»,- արցունքն աչքերին՝ ասաց տիկին Գասպարյանը: 1992թ. հունիսի 16-ին Մատաղիսում համարյա բնակիչ չէր մնացել, 200 մարդ լքել էր գյուղը, իսկ երկու տասնյակ ծերեր եւ հաշմանդամներ սպանվել ադրբեջանցիների կողմից: Գյուղի ազատագրման համար պայքարում զոհվել է 370 մարդ: Հիմա էլ գյուղում գրեթե յուրաքանչյուր քայլափոխի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշաքարեր են: Ազատամարտիկ Սրապիոն Գեւորգյանը նշեց, որ Արցախում յուրաքանչյուր քարի նայելիս հիշում է զոհված ընկերներին եւ իրենց դժվարին պայքարը. «Հիշում եմ՝ ինչպես էինք շաբաթներով սոված մնում, սնվում արմատներով, օձերով ու շնագայլերի մսով: Ցանկանում եմ, որ այսօրվա երիտասարդությունը չապրի իմ տեսածը, որ ոչ մի աղջիկ լաց չլինի ու տագնապով սպասի սիրելիի վերադարձին»:

Այցելությունը Արցախ եզրափակվեց տեղի N զորամասում կայացած համերգային ծրագրով: Իր ելույթում «Երիտասարդության կամք» հ/կ-ի նախագահ Աննա Գրիգորյանը նշեց, որ հպարտ է Արցախ մտնող ցուցանակի վրա կարդալով «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» գրությունը. «Մենք իրավունք ունենք այս արեւի տակ ազատ ապրելու: Հայը չպետք է լացով հիշի անցյալը, այլ պետք է աշխատի՝ Հայաստանը շենացնելու համար: Հայ տղամարդը վերջապես հասկացավ, որ վիզայի փոխարեն պետք է ձեռքը զենք վերցնի»:

Միջոցառման ընթացքում զինվորական զորամասի ստորաբաժանումների միջեւ անցկացվեցին ինտելեկտուալ խաղեր, բազկամարտի մրցումներ, ապա ամփոփվեցին «Ես եմ հայրենիքի պաշտպանը» թեմայով շարադրության մրցույթի արդյունքները, լավագույն երեք աշխատանքների հեղինակ զինվորները խրախուսվեցին պատվոգրերով եւ նվերներով: Երիտասարդ ուխտավորները 2 օր շարունակ ապրեցին զինծառայողների կողքին՝ ծանոթանալով նրանց առօրյային: Թիվ 50 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ եւ ապագա զինծառայող Նարեկ Հակոբյանը նշեց. «Արցախում դժվար է ծառայել, իսկ Երեւանում բարենպաստ պայմաններ կան զինվորների համար: Հետեւաբար, ավելի լավ է այստեղ ծառայել, որքան դժվար՝ այնքան էլ հետաքրքիր»:

Հավելենք, որ միջոցառմանն աջակցել էին ՀՀ ԿԳ եւ պաշտպանության նախարարությունները եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30