Օպերային երգիչներ Գեւորգ Հակոբյանն ու Աննա Այվազյանը կամուսնանան
Օպերային արվեստում ամուսնական զույգերի ներկայությունը հաճելի է այն առումով, որ ձեւավորվում է ավելի քան ջերմ ու ամուր ստեղծագործական մթնոլորտ: Մյուս կողմից՝ մեկ հարկի տակ գտնվելը նպաստում է ամուսինների նաեւ գեղարվեստական համախոհությանը: Չի բացառվում, որ աշխարհահռչակ ամուսնական այնպիսի զույգերի, ինչպիսիք են Ռոբերտո Ալանիան ու Անջելա Գեորիուն, Նիկոլայ Գյաուրովն ու Միրելա Ֆրենին, Ալեքսանդր Պիավկոն ու Իրինա Արխիպովան, Տիգրան Լեւոնյանն ու Գոհար Գասպարյանը, Պետրե Ամիրանաշվիլին ու Մեդեա Անջափարիձեն, Մուսլիմ Մագոմաեւն ու Թամարա Սինյավսկայան, եւ մյուսների հաջողությունների մեջ կարեւոր դեր է խաղացել նաեւ համատեղ ապրելու հանգամանքը:
«Առավոտի» տեղեկություններով, ազգային օպերային թատրոնի մեներգիչներ՝ ճանաչված բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի եւ մեցո սոպրանո Աննա Այվազյանի բեմական զուգընկերությունն առաջիկայում «լրացվելու» է ընտանեկանով: Առաջին անգամ նրանց հանդիպեցինք 2008թ. Դավիթ Բեկի եւ Թամարի դերերում՝ Գեղամ Գրիգորյանի ռեժիսուրայով բեմադրված Տիգրանյանի «Դավիթ Բեկում», վերջերս էլ երկրորդ անգամ, նույն բեմադրիչի աշխատանքում՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդում»՝ Արշակի եւ Փառանձեմի գլխավոր դերերգերով: Պետք էր տեսնել, թե ինչ քնքշությամբ ու ոգեւորությամբ Արշակ թագավորը դիմեց Փառանձեմ թագուհուն՝ հայտնի արիայով. «Օ՜, ինչ գեղեցիկ ես, Փառանձեմ, նման սեգ դիցուհու աստղային…»: Դա չէր վրիպել հետաքրքրասեր հանդիսատեսի ուշադրությունից:
Ավելորդ ենք համարում խոսել բարձրակարգ երիտասարդ արտիստների վոկալ եւ կերպարային ներդաշնակության մասին: Երկուսն էլ ավարտել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, անվանի մանկավարժ Սերգեյ Դանիելյանի դասարանը:
«Առավոտը» հանդիպեց Աննա Այվազյանին: Զրույցի սկզբում ընդամենը համաձայնության ժպիտն էր մեր հետաքրքրության պատասխանը իր եւ Գեւորգ Հակոբյանի միջեւ փոխադարձ զգացմունքների առկայությանը:
Հետաքրքրվեցինք, թե ինչու երգչուհուն հաճախ չենք տեսնում խաղացանկային ներկայացումներում: Նշելով, որ իբրեւ մեներգչուհի թատրոնում է 2007 թվականից, պատրաստել է Աննայի դերերգը Հարությունյանի «Սայաթ-Նովայում», Կարմենինն ու Մերսեդեսինը՝ Բիզեի «Կարմենում», Գայանեինը՝ Սպենդիարյանի «Ալմաստում», մեր զրուցակիցը ոչ հաճախ իր բեմելները պատճառաբանեց սեփական խստապահանջությամբ: Նա հավելեց նաեւ, որ «Արշակ Երկրորդում» Փառանձեմի կերպարի մարմնավորումը հասունացել էր, ինչի մասին արտահայտվել էին թե՛ գործընկերները, թե՛ թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
Աննա Այվազյանը տեղեկացրեց նաեւ Երեւանի կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում կատարած աշխատանքների մասին: Դրանք են՝ Բերտան՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ», Ալիսան՝ Դոնիցետիի «Լուչիա դե Լամերմուր» ներկայացումներում, ինչպես նաեւ Զետան, Ֆրուգոլան եւ Արքայադուստրը՝ համապատասխանաբար Պուչինիի «Ջանի Սկիկի», «Թիկնոցը» եւ «Քույր Անժելիկան» բեմադրություններում: Աննա Այվազյանը հիշեց ճանաչված դիրիժոր Պավել Գեյնշտեյնի նվագախմբի հետ կայացած իր համերգները՝ Պերմ-Փարիզ-Մոսկվա Դյագիլեւյան փառատոնի շրջանակներում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ