«Առավոտում» երեկ տպագրված «Վանո Սիրադեղյանի մերձավորը «դարի հայտարարություն» կանի» հրապարակման կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը փոխանցեց հետեւյալը. «ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաեւ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները կայցելեն արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ կընդունեն ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանին: Ինչ վերաբերում է հրապարակման մեջ Տեր-Սահակյանի կողմից առաջ քաշված իր գործը վերսկսելու պահանջին, ապա այդ գործով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, եւ նոր քննություն սկսելու հարցը կքննվի Տեր-Սահակյանի հայտարարությունից հետո:
Հիմնավոր լինելու դեպքում կքննվի այդ հարցը»:
«Առավոտ» օրաթերթ