Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ երեկ սկսվեց Տիգրան Հակոբյանի եւ Մուրադ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատարանը ճշտեց ամբաստանյալների ինքնությունը:
Տիգրան Հակոբյանը որեւէ տեղ չի աշխատել, ըստ նրա պաշտպանի, անցյալ տարվա դեկտեմբերին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինսուլտ է տարել, ունի շաքար, տառապում է «հեպատիտ C» եւ մի շարք հիվանդություններով: Նա գտնվում է մեկուսարանի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ: Վիճակը միջին ծանրության էր:
Նրա պաշտպանը՝ հանրային գրասենյակի պաշտպան Գարիկ Մալխասյանն ասաց, որ ամբաստանյալի 82-ամյա մայրը մահամերձ վիճակում է, նրա խնամքին է 84-ամյա հայրը, չունի բնակարան, իսկ քույրն էլ ցանկություն էր հայտնել եղբորն ապահովել կացարանով՝ իր բնակարանով:
Կարդացեք նաև
Մյուս ամբաստանյալը՝ Մուրադ Բաղդասարյանն աշխատել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ հատկապես կարեւոր գործերի ավագ օպերլիազոր: Փոխգնդապետն ուներ մեկ երեխա:
Նրա պաշտպանությունն էլ իրականացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Կոստանյանը:
Այս գործով տուժողները չորսն էին՝ Անահիտ Խաչատրյանը, Գեորգի Պետրոսյանը, Սեդա Պողոսյանն ու Լեւոն Եգանյանը:
Մինչ դատաքննությունը կհայտարարվեր սկսված՝ պաշտպանները հանդես եկան միջնորդություններով. նրանք դատարանին խնդրում էին իրենց պաշտպանյալների նկատմամբ կալանքը փոխել եւ կիրառել գրավ:
Տիգրան Հակոբյանի դեպքում ընդվզեց տուժող Անահիտ Խաչատրյանը, որը ասաց, թե բաց թողնելու դեպքում, Հակոբյանը կկորչի եւ իրենց վնասն էլ չի հատուցվի, ապա զարմացավ, թե ինսուլտ տարած մարդն ինչպես է, որ առանց պատգարակի հայտնվել է դատարանում:
Երկուսի դեպքում էլ առարկեց մեղադրող Աշոտ Նադոյանը՝ անհիմն համարելով այդ միջնորդությունները: Ի դեպ, երբ պաշտպանն ասում էր, թե Տիգրան Հակոբյանը պատշաճ վարքագիծ է դրսեւորել եւ չի բացակայի դատաքննությունից, պարզվեց, որ նույն Տիգրանը երկու տարի գտնվել է հետախուզման մեջ եւ զբաղվել մի քանի անձանց «քցելով»:
Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ մերժեց պաշտպանների միջնորդությունները:
Մեղադրող Ա. Նադոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը մեղադրվում է այն բանի համար, որ չունենալով մշտական աշխատանքի վայր, բնակության վայր, խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մոլորության մեջ է գցել նկարների կոլեկցիոներ Գեորգի Պետրոսյանին, իր ծանոթ Լեւոն Եգանյանին, հարեւան Սեդա Պողոսյանին, Անահիտ Խաչատրյանին, նրանցից հափշտակել է խոշոր չափի գումարներ: Միայն Գեորգի Պետրոսյանից ստացել է քսաներեք հազար դոլար գումար, այն պատրվակով, թե ձեռք կբերի ճանաչված հայ եւ ռուս նկարիչների՝ Սարյանի, Բաշինջաղյանի… գործերից: Սակայն այդպես էլ նկարները չեն տրվել Գեորգի Պետրոսյանին: Փոխարենը եվրոպական նկարիչների էժանագին նկարներն է փորձել «սաղացնել» Պետրոսյանի վրա: Գ. Պետրոսյանը պահանջել է իր գումարը:
Տուժողներից էր ոսկերչությամբ զբաղվող Լ. Եգանյանը: Տասը հազար ԱՄՆ դոլար գումար էլ նա հափշտակել էր Եգանյանից: Պիտի ոսկյա զարդերը «տարվեր» Թուրքիա եւ, ըստ Հակոբյանի, իր ծանոթների միջոցով իրացվեր:
Բացի այդ, Տիգրան Հակոբյանն ապօրինի ձեռք էր բերել եւ իր մոտ պահել 0,03 գրամ հոգեմետ «դիապեզամ» տեսակի 8 դեղահաբ:
Իսկ Մուրադ Բաղդասարյանն էլ, ըստ մեղադրողի, աշխատելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել էր ծառայության շահերին հակառակ, էական վնաս էր պատճառել պետության շահերին: Նա եղել է Տիգրան Հակոբյանի «տանիքը»:
Եվ տանիքային էր այնքան, որ իմանալով Հակոբյանի հանցագործությունների մասին, իմանալով, որ նա 2010թ. փետրվարի 8-ից գտնվում է հետախուզման մեջ, անգամ գտնվելու փաստացի տեղը, համագործակցել է նրա հետ՝ «որոշակի դերակատարում է» ունեցել:
Ապացույցների հետազոտման կարգի համաձայն, պետք է առաջինը լսեին տուժողներին: Սակայն ամբաստանյալ Տիգրան Հակոբյանի պաշտպանը խնդրեց հետաձգել դատական նիստը, պատճառաբանելով, որ առողջական վիճակը բավարար չէ:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ