Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետից ավտոբուս են խնդրում

Ապրիլ 13,2012 13:50

Թիվ 13 երթուղին, որը սպասարկում է Ներքին Շենգավիթից Դավիթաշեն ընկած ճանապարհահատվածը, մշտապես երթեւեկում է գերբեռնված: Օրերս այսպիսի բողոքով «Առավոտի» խմբագրություն են դիմել Շենգավիթ համայնքի բնակիչները: Նրանց խոսքերով՝ այդ երթուղին հատկապես անհարմարություններ է առաջացնում Իսակովի պողոտայի վրա գտնվող մի շարք հիմնարկ- ձեռնարկությունների աշխատակիցների եւ Կիլիկիայի ավտոկայան գնացող քաղաքացիների համար: Այս ուղեգծից օգտվող քաղաքացիները, դիմելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, խնդրում են. «Պարոն քաղաքապետ, ցանկալի է, որ այս երթուղով աշխատեն նաեւ ավտոբուսներ, հատկապես հաշվի առնելով նրա երթուղագծին գտնվող ավտոկայանի փաստը: Մարդիկ, որոնք գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, ավտոկայան ստիպված են լինում գնալ ոչ թե տաքսիով, այլ հասարակական տրանսպորտով, ուստի խնդրում ենք այդ փաստը հաշվի առնեք եւ տնտեսվարողի առաջ հարց դնեք, որպեսզի գիծը շահագործի նաեւ ավտոբուսներով, կամ մեկ այլ երթուղագիծ այդ ուղղությամբ բացել, որը բաղկացած կլինի ավտոբուսներից»:

Նշենք, որ արդեն մշակվել է Երեւան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցը: Այն հրապարակված է Երեւանի քաղաքապետարանի կայքէջում՝ www.yerevan.am: Համաձայն երթուղային նոր ցանցի՝ թիվ 13 երթուղու ուղեգծում փոփոխություններ են տեղի ունեցել: Այն այսուհետեւ  կերթեւեկի Ներքին Շենգավիթ-Թադեւոսյան փողոցով, Բագրատունյաց-Ծովակալ Իսակովի պողոտայով, «Հաղթանակ» կամրջով ու Մաշտոցի պողոտայով, Մարշալ Բաղրամյան փողոցով, Կիեւյան-Հալաբյան-Իոսիֆյան-Տ. Պետրոսյան-Աղաբաբյան փողոցներով մինչեւ Դավիթաշենի 1-ին թաղամաս: Այս երթուղու հետադարձը նույն ուղեգծով է: Շարժակազմի թվաքանակը երթուղում կլինի 20 մեքենա: Ինչպես վստահեցնում են մայրաքաղաքի տրանսպորտի համար պատասխանատուները, այս երթուղուց օգտվող քաղաքացիները թիվ 13-ին կսպասեն 5 րոպե: Այսինքն՝ գիծը շահագործողը պարտավոր է 5 րոպեն մեկ քաղաքացիներին սպասարկել: Ինչ վերաբերում է գծում ավտոբուս լինելուն, ապա քաղաքապետարանից մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ եթե արդեն որոշված է, որ երթուղագծում պիտի միկրոավտոբուսներ լինեն, գիծը սպասարկվելու է դրանցով, եթե փոխվի, ապա ավտոբուսների ամբողջ շարժակազմն է փոխվելու:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30