Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը տենչում է հանցավոր ռեժիմից ազատվել

Ապրիլ 13,2012 13:48

Իսկ ՀՀԿ-ն էլ իր նախընտրական ծրագրով ցույց է տալիս, որ առաջիկա 5 տարիների համար էլ հեռահար նպատակներ ունի:

Ամեն անգամ նախընտրական շրջանում քաղաքական կուսակցություններն ամեն կերպ փորձում են ցույց տալ ու համոզել, որ հենց իրենք են այն քաղաքական ուժը, որը ժողովրդի մատից փուշ կհանի: Նրանցից ամեն մեկն իր ներկայացրած նախընտրական ծրագրում վստահեցնում է, որ հենց ինքը կարող է Հայաստանը զարգացնել ու ծաղկեցնել:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որպեսզի իր խոստումներում ավելի համոզիչ երեւա, ձեռքի հետ էլ նախընտրական ծրագրում ներկայացրել է այս տարիների ընթացքում կատարած աշխատանքները:

ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ն իշխանությունում մեծամասնություն կազմելուց հետո որոշել է առաջին հերթին մեր երկրի գյուղերը շենացնել ու դարձնել հարմարավետ. «Մենք պարտավոր ենք, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ: Չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի»:

Իսկ Հայ ազգային կոնգրեսը այս նույն ոլորտը զարգացնելու համար առաջարկում է՝ «Հրաժարվել արտադրողներին ու մատակարարներին սուբսիդավորելու քաղաքականությունից, ինչպես ներկայումս դա արվում է սերմացուի, դիզելային վառելիքի, պարարտանյութի եւ այլնի պարագայում։ Պետությունը փողը պետք է տա գյուղացուն, նա էլ կորոշի՝ ումից ինչ գնի»։

Գյուղատնտեսության զարգացման համար ՀԱԿ-ը գտնում է նաեւ, որ պետք է քաղաքներում գյուղացիական տնտեսությունների կողմից հիմնված շուկաները վերականգնվեն ու էլի մի քանի նոր շուկաներ բացվեն. «Շաբաթ-կիրակի բոլոր քաղաքների բոլոր բակերում գյուղմթերքներ վաճառելու գյուղացիների իրավունքը պետք է պարտադիր կերպով կատարվի բոլոր քաղաքապետերի կողմից։ Որեւէ հարկ, որեւէ վճարում, տեղեկանք, կտրոն կամ ՀԴՄ գյուղացին չպետք է տա»։

Իսկ հանրապետականները գյուղմթերքների գների սեզոնային տատանումները մեղմելու համար առնվազն 3 անգամ ավելացնելու են ջերմոցային տնտեսությունների տարածքները, ինչի արդյունքում, ՀՀԿ-ն համոզված է,  շուրջ 30 հազար նոր աշխատատեղ կստեղծվի:

Գյուղացու սիրտը շահելու համար ՀԱԿ-ը իշխանության գալու դեպքում  որոշել է հարյուրավոր գյուղացիների վարկային տոկոսները սառեցնել. «Ներառյալ 01.04.2012 բոլոր վարկերի (74 մլրդ դրամ) տոկոսադրույքները սառեցվում են, գյուղացիները մարում են մայր գումարը առանց տոկոսի: Տոկոսադրույքների մարումը կիսով չափ իր վրա է վերցնում ՀՀ կառավարությունը, իսկ մյուս կեսը դուրս է գրվում ի հաշիվ գյուղատնտեսական վարկերի նկատմամբ կիրառվող ցածրացված տնտեսական նորմատիվների»։ ՀԱԿ-ը մեկ այլ ուշագրավ դրույթ էլ է ներկայացնում իր ծրագրում: Ըստ նրա՝ Հայաստանով մեկ պետք է բացվեն տասնյակ դպրոցներ, որտեղ գյուղացիները պետության հաշվին կստանան հիմնական գյուղատնտեսական ու տնտեսագիտական գիտելիքներ։

Ժողովրդի առողջության համար մտահոգված են թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՀԿ-ն: Այս կուսակցություններն իրենց ծրագրում խոստանում են առողջացնել ազգը, կանխարգելել հիվանդությունները առողջ ապրելակերպ ներդնելու միջոցով:

ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ հայ ազգը զանգվածաբար զբաղվի սպորտով: Առողջ ապրելակերպի ներդրման համար հանրապետականները մշտապես իրենց ուշադրության տակ են պահելու ծխելու դեմ պայքարի հարցերը եւ երաշխավորելու են առողջ եւ անվտանգ սնունդ:

Առողջապահության ոլորտում պարտադիր բժշկական ապահովագրության մեթոդով ՀԱԿ-ն էլ առաջարկում է՝ «Հարուստը վճարում է աղքատի, առողջը՝ հիվանդի, աշխատողը՝ գործազուրկի եւ երիտասարդը՝ տարեցի համար: Պետության կողմից ոչ թե բուժհիմնարկների, այլ քաղաքացիների ֆինանսավորում»:

Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրների՝ կուսակցությունների նախընտրական ծրագրերի իրականացմանը, ապա ՀՀԿ-ն ընդլայնելու է բնության հատուկ պահպանվող տարածքները, ուժեղացնելու է շրջակա միջավայրի պետական վերահսկողությունը, կեղտաջրերի կենսաբանական մաքրման նոր կայաններ է ստեղծելու, հներն էլ՝ հիմնանորոգելու. «Շարունակելու ենք Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը եւ պահպանությունը»: Իսկ ՀԱԿ-ը համոզված է, որ բնությունը կփրկվի եւ կառողջանա, իրենց իսկ ձեւակերպմամբ՝ «ներկայիս հանցավոր ռեժիմից օր առաջ ձերբազատվելով»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30