Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը որդեգրել է նոր կանոններ

Ապրիլ 13,2012 13:45

Լեւոն Տեր-Պետրոսյանը Աբովյանում հայտարարություն արեց միասնական շտաբի գործընկերների մասին

Արագածոտնի մարզից հետո երեկ ՀԱԿ-ը նախընտրական քարոզարշավը շարունակեց Կոտայքի մարզում՝ Եղվարդ, Չարենցավան, Աբովյան, Հրազդան քաղաքներում: Աբովյանում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի կարեւոր հայտարարություն արեց՝ ընթերցեց այն կանոնները, որը սահմանվել է Կոնգրեսի համար. «1) Ակտիվորեն մասնակցել ընտրությունների վերահսկողությանն ու օրինականության ապահովմանն ուղղված բոլոր անկեղծ նախաձեռնություններին: Կան նաեւ թատերական նախաձեռնություններ, որոնք արվել են Նիկոյանի, Դավիթ Հարությունյանի կողմից: Անկեղծ նախաձեռնություն ասելով՝ նկատի ունեմ ՀՅԴ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի եւ Կոնգրեսի կողմից ձեւավորված միասնական շտաբի գործունեությունը: 2) Քննադատության հիմնական թիրախ դարձնել սարգսյանական վարչախմբի 2 գլխավոր հենասյուները՝ ՀՀԿ-ն եւ իր կույրաղիքը դարձած ՕԵԿ-ը: 3) Հակաքարոզչությամբ չզբաղվել, առավել եւս՝ անձնական բնույթի որակումներով հանդես չգալ հատկապես միասնական շտաբում գործընկերներ հանդիսացող ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի ու նրանց թեկնածուների դեմ: 4) Միեւնույն ընտրատարածքներում Կոնգրեսը եւ այս կուսակցությունների թեկնածուները ներկայացված լինելու պարագայում առաջնորդվել բացառապես փոխադարձ հարգանքի, ազնիվ մրցակցության, համագործակցության սկզբունքներով: 5) Անկախ այն բանից, թե մեր գործընկերները կհարգեն, թե կխախտեն այս կանոնները, Կոնգրեսը հաստատակամ է որեւէ պարագայում չշեղվել դրանցից»:

Աբովյանում Լեւոն Տեր-Պետրոսյանին ողջունեցին «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով: Նա իր ելույթում նշեց, որ «ասում են՝ իբրեւ թե մեր երկրի աղքատների թիվը 35% է: Դա սուտ է, 90%-ն է աղքատ, աղքատ էլ չեն՝ չքավոր, թշվառ: Այս երկրում քիչ թե շատ բարեկեցիկ կյանքով ապրում է 10%-ը, իսկ 7-8%-ը ճոխության մեջ է, Մոնտե Կարլոներում, Բադեն-Բադեններում, կազինոներում: Ովքեր ձեզ 5000-10 հազար դրամ են առաջարկում, էդ մարդիկ պիտի հանեն ձայնի գինը, պիտի 10 հազար դոլար պահանջեն: Սա գիտնականների ուսումնասիրություննների արդյունք է: Տարեկան 5 միլիարդ դոլար մտնում է պետական պաշտոնյաների գրպանը: Բոլոր թվերը, որոնք պաշտոնական վիճակագրությունը հայտարարում է, բացարձակ սուտ են, մի օր բացահայտվելու են»: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ սուտ են արտագաղթի, ՀՀ բնակչության թվերը, իրականում Հայաստանի բնակչությունը ոչ թե 3 մլն 300 հազար է, այլ 2 մլն 400 հազար: Իսկ ընտրողների իրական թիվը 1 մլն 700 հազար է՝ մնացածը մահացել կամ գնացել են, այստեղ չեն. «Այնպես որ՝ հավատալ այս իշխանություններին, որ ինչ-որ բան են փոխելու… ես գիտեմ՝ ինչ են փոխելու. ավելի շատ են գողանալու»:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կոչ արեց ընտրակաշառքներից հրաժարվել. «Արտագաղթ չէ սա, արտահանում է, մարդկանց հանում է այս իշխանությունը, եւ եթե ձեր հարեւանը մուրաբա է վերցնում, կաշառք է վերցնում, հեռախոս է վերցնում, ուրեմն արտագաղթ կազմակերպող է: Ձեր չորս կողմը նայեք՝ ջահել չկա: Տեր կանգնենք մեր երկրին: Կարանք կզենք մինչեւ վերջ, ու Սերժը մնա, մի հատ նրա առաջինը 4-5 միլիարդ հավաքեց, մի հատ էլ սա հավաքի, էդ մի գործում լավ են, հրաշք են, իրենք իրենց գրպանի ղադրը գիտեն: Մենք պայքարող ենք, քցող չենք, ազատամարտիկներ են, կռված տղերք են այստեղ կանգնածները: Բոլոր ուտողները գալու, ուտելու, գնալու են, մենք ու դուք եք մնալու»:

Նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը բացատրեց, թե ինչու էին եղել ցուրտ ու մութ տարիները՝ «Ցուրտ ու մութ տարիներից են խոսում՝ լույս չկար: Ո՞ր մի պատերազմող երկիրն է խորոված-խաշլամայով պատերազմ տարել, հաղթել: Կա՞ ըտենց երկիր: Ես խնդրում եմ ձեզ պատնեշ կանգնել, էլ հետադարձ ճամփա չկա, գլորվում ենք դեպի անդունդ, 18 թիվը կտենանք, ումի՞ց եք վախենում, ո՞վ են սրանք»:

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը խոսեց արդարադատության բացակայությունից՝ նշելով, որ հայ մարդը պաշտպանված չէ վարչական մարմնի ապօրինություններից թե՛ դատարաններում եւ թե՛ իրավապահ մարմիններում. «Ոչ ոք չի կարող ասել, որ առանց միջնորդի եւ այլեւայլ միջնորդությունների իր հայցը դատարանում բավարարվել է»:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահեցնում էր, որ եթե ընտրվի Սերժ Սարգսյանը՝ մենք կմնանք աղքատ, որովհետեւ եթե հարստանանք, կասենք՝ ո՞վ է մեր երկրի ղեկավարը, ո՞վ է վարչապետը, այս մարդը ուղեղ, կրթություն ունի՞. «Դուք սկսելու եք պահանջ դնել, իսկ եթե պահանջ չդնեք՝ դուք պիտի աղքատ լինեք: Պիտի գաք էդ 10 հազար դրամին նայեք: Մենք ուրիշ ենք, մենք փող չենք առաջարկում: Դուք չեք կարող լավ ապրել իրենց օրոք, եթե լավ ապրեք, դուք կդառնաք անհնազանդ, անկախ քաղաքացի: Եթե մենք գողացած լինեինք, ես այսօր չէի գա ձեր առաջ, մի լավ տեղ նստած էի հիմա: Մենք մինչեւ վերջ կանգնելու ենք, մեր հետ կանգնեք՝ վերջ տանք սրանց, սրանք եկել են՝ երկիրը գրավելու»:

ՀԱԿ-ի անդամները ընդգծեցին, որ կարեւորը՝ իրենք զոռով չեն բերել հանրահավաքի, ովքեր եկել են՝ եկել են իրենց կամքով ու սրտով:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵՋԵԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30