Ծաղկեց առաջին ծիրանենին, եւ գարնանային տաք շնչի մեջ անմիջապես էլ հստակորեն հասկանալի դարձավ, որ սերն առավել հին է, քան կյանքն ինքնին, եւ այդ է պատճառը թերեւս, որ կյանքը միշտ չէ, որ կարողանում է հարմար տեղավորվել սիրո մեջ ու ճոճվում է բարու եւ չարի, ունենալու եւ չունենալու արանքում՝ փորձելով գտնել երջանկությունը բաղձալի: Փնտրում է, փորձում եւ, հաճախ չգտնելով, ուզում է տեր դառնալ ուրիշի այգում բացված ծիրանի ծառին՝ իրեն վերագրելով այլոց բախտերը տնօրինելու իշխանություն, իշխանության իրավունք:
Այնինչ սերը հուշում է, որ կարեւոր չէ, թե ում այգում է ծաղկել ծիրանի ծառը, կարեւորն այն է, որ այն կա, ծաղկել է, եւ դու տեսնում ես, զգում ճերմակ ծաղիկների բուրմունքը, եւ այդ պահից ծառն ավելի շատ քոնն է, քան տիրոջը, քանի որ տերը գիտեր, որ ծառ ունի, եւ այն մի օր կծաղկի, իսկ դու չգիտեիր: Եվ որովհետեւ չգիտեիր անակնկալը գարնանային, որը, որպես լուսավոր պարգեւ, ծփանք է տալիս քո էության մեջ, օգնում գտնել նպատակի ճանապարհը, օգնում կենտրոնանալ սեփական կամքի մեջ, որպեսզի այլեւս տեղ չմնա եթեներին, այլ տարածություն բացի դեպի ներաշխարհը քո, դեպի քո մտերիմները եւ դեպի հայրենիքը քո, որտեղ դու կանաչ տերեւի վրայով հոսող անձրեւի կաթիլ ես միայն: Եվ կրկին ու դարձյալ քեզ հորդորի, համոզի քեզ հաշտվել ինքդ քեզ հետ, ներդաշնակել քո ներսը եւ դուրսը, չփնտրել թշնամիներ հարազատների մեջ, չփորձել մենաշնորհել իշխանության իրավունքը, չէ՞ որ փափուկը միշտ էլ հաղթում է կարծրին: Չնայած որ հայի երկրորդ խելքը միշտ էլ ուշ է տեղ հասնում, կարելի է ասել, ուշացած, բայց հասնում է, համենայնդեպս…
Եվ այսօր մենք ապրում ենք հայի երկրորդ խելքի մեջ. մնում է ընդունել, ճանաչել, հասկանալ եւ մեր էության մեջ մենք մեզանից ավելին լինել՝ հանուն այն մեծ սիրո, որն առավել հին է, քան կյանքը ինքը: Չէ՞ որ ի վերջո ամեն ինչ անցնում է, անցնում է այս օրը, կանցնի վաղվա օրը նաեւ, եւ մեզ կմնա ցանկանալ, երազել դառնալ ընդամենը բարեհարդար տերեւ՝ դալարագեղ ծառի համար:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Կարդացեք նաև