«Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ երբեք ընտրակաշառքներ չի բաժանել եւ չի բաժանելու, ավելին, անընդունելի է համարում ընտրակաշառքով ստացած յուրաքանչյուր քվե: Ինչ վերաբերում է զանգվածաբար ջեմեր կամ օծանելիք բաժանելուն, ապա դա կեղծիք է եւ ապատեղեկատվություն: Ճշմարտությունը շատ պարզ է՝ ինչպես վերջին 15 տարում, այնպես էլ այս տարի մարտի 8-ի կանանց տոնի կապակցությամբ ՕԵԿ առանձին կուսակցական կառույցները, ելնելով իրենց հնարավորություններից, շնորհավորել են առանձին կուսակցական կանանց, նվիրել թե ծաղիկներ, թե այլ փոքրիկ նվերներ:
Տեղի ունեցածը ընտրակաշառք դիտարկելու որոշների փորձերը համարում ենք անընդունելի, քանի որ իրազեկ յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ «Օրինաց երկիրը» երբեք ընտրակաշառք չի բաժանել եւ չի բաժանելու: Ինչ վերաբերում է ՕԵԿ հանրահավաքից հետո բաժանված պոստերները պատռելու կամ դեն նետելու խնդրին, որին անդրադարձել է նաեւ aravot.am-ը՝ տեղեկացնենք, որ տասնյակ հազարավոր մասնակիցների բաժանվել են պոստերներ, եւ դրանք հետ հավաքելու համար դրված են եղել արկղեր՝ բայց ոչ երբեք աղբարկղեր: Իսկ այն, որ հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցներից մի քանիսը պատռել են դրանք կամ այլոց կողմից պատռվել եւ նետվել է աղբարկղ, դա արդեն խոսում է այդ մարդկանց բարոյական նկարագրի մասին: Այդուհանդերձ կատարվածը քննարկվել է կուսակցության շտաբում, եւ քարոզարշավի առաջիկա հանրահավաքների ընթացքում կշտկվեն կազմակերպչական բոլոր այն թերացումները, որոնք եղել են:
ՕԵԿ մամուլի ծառայություն
«Առավոտ» օրաթերթ