«Մեզ համար բացարձակապես անակնկալ չէր, որ քարոզարշավին զուգընթաց՝ կոնկրետ պատկանելության տակ գտնվող կայքերն ու որոշ թերթեր պետք է սկսեին իրենց խայտառակ ապատեղեկատվության շքերթը: Ասեմ, որ նման անհեթեթությունների պատվիրատուներն ու հլու կատարողներն ուղղակի անպտուղ գործով են զբաղված: Պարզապես դատապարտված են ջանքերն ու ռեսուրսները (այդ թվում՝ նաեւ ֆինանսական)՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունները Մարտի 1-ի հետ կապելու բոլոր հուսահատ փորձերը»,- իր կայքեջում գրել է ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով կայքերից մեկի հրապարակմանը, որում խոսվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի եւ Մարտի 1-ի ինչ-ինչ առնչությունների մասին: Ուրիխանյանը նաեւ հիշեցնում է, որ «Հայկական ժամանակը» հրապարակեց տեղեկություն, ըստ որի՝ «Գագիկ Ծառուկյանը միակն է եղել հայտնի տեղում կազմակերպված հայտնի հավաքի մասնակիցներից, որ անընդունելի է համարել անգամ խոսակցությունը՝ ժողովրդի դեմ բռնություն գործադրելու, եւ կտրականապես դեմ է եղել նման խոսակցությանն անգամ»: Նա նաեւ փաստում է, որ իր բազմաթիվ հայտարարություններում Գագիկ Ծառուկյանն ասել է եւ շարունակում է պնդել. «Մարտի 1-ի մասով բոլոր հարցերի պատասխանները պետք է տրվեն, եւ անպատասխան հարցեր չպիտի մնան»: Ուստի Ուրիխանյանը խորհուրդ է տալիս «նման անհեթեթությունների հեղինակներին» իրենց «պադատչյոտնի» մամուլով «չտիրաժավորել ստահոդ լուրեր, որին անգամ իրենք չեն հավատում՝ ուր մնաց թե հանրությունը: Եվս մեկ խորհուրդ պատվերի հեղինակներին՝ մի փորձեք սեփական պատասխանատվությունը բարդել այլոց վրա»:
Հիշյալ հրապարակման հետ դրված է մի նկար, որում Ծառուկյանի հետ ինքը՝ Ուրիխանյանն է եւ Արսեն Մկրտչյանը, ով Ուրիխանյանի ղեկավարած Առաջադիմական կուսակցությունից էր ու նրա հետ անդամակցեց ԲՀԿ-ին: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունեն ինքն ու իր նախկին կուսակիցը Մարտի 1-ի իրադարձությունների հետ: «Այնպես, ինչպես հիմար անհեթեթություններ են տարածում, նույնպես էլ համապատասխան պատկեր են ընտրում՝ հավանաբար փորձելով կիրթ եւ ինտելիգենտ մարդկանց, մեր թիմի առավել ցիվիլ ներկայացուցիչներին հասարակության գիտակցության մեջ ասոցացնել վառ երեւակայությունից ծնված պատկերավոր երեւույթներով»,- ասաց Ուրիխանյանը՝ հավելելով, որ եթե ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի դեմ այդ «սեւ հնարքները» շարունակական բնույթ կրեն, ապա իր հայտարարության մեջ արված ակնարկները կդառնան «ուղիղ պատասխաններ՝ հստակ հասցեատերերին»:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ